Հրապարակվել է: Sun, Mar 19th, 2017

Անատոլի Գրիգորյան. <Մենք առաջնորդի փնտրտուքի մեջ ենք>

Կիսվել
Թեգեր

  A.Grigoryan-e1311847970525Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական  նկարիչ Անատոլի Գրիգորյանի հետ  մահվանից առաջ Նօրաթերթ․am-ի վերջին հարցազրույցը։

Այսօր մշակութային  միություններն ունե՞ն  նախկին հնարավորությունները:

-Ես  կարող եմ  խոսել միայն  Նկարիչների  միության մասին, թեև վերջին  շրջանում  հազվադեպ եմ  լինում այնտեղ, քանի որ ողջ  ժամանակս անցկացնում եմ գեղարվեստի ակադեմիայում: Նկարիչների  միության  շենքի  վերանորոգումից  հետո մեծ դահլիճում  կազմակերպված ցուցահանդեսները երիտասարդ ու ավագ սերնդի  նկարիչներին համախմբելու  հիանալի առիթ են: Ինչ  վերաբերում է  միության  հնարավորություններին, ապա  անկախացումից  հետո դրանք  զգալիորեն  նվազել են: Խորհրդային  տարիներին արվեստագետներին բնակարանով, արհեստանոցով, անհատական  ցուցահանդեսների կազմակերպման  հարցերում միության աջակցությունը  խթանում էր  նրանց  ստեղծագործական  գործունեությունը: Այսօր այդ  հնարավորությունները  չկան, այդ առումով շնորհալի  շատ  նկարիչներ հազվադեպ  կազմակերպված ցուցահանդեսներին կարողանում են  հանդես  գալ 2-3 աշխատանքով:

-Ավագ սերնդի  նկարիչներն  իրենց  հուշերում  հաճախ են  հիշատակում  առաջնորդների` Լենինի կամ  Ստալինի  նկարները նկարելու առաջադրանքների ու  պարտադրանքների  մասին:

– Նման  բան  չի եղել,  նկարողը  նկարում էր, որի  հաար  լավ վարձատրվում էր, անգամ  մրցանակներ էին սահմանված`Լենինյան,  Ստալինյան,  շատերն էին  պայքարում  կոչումների  համար: Անձամբ ես այդ տարիներին  պարտադրանքով կամ  հարկադրաբար  չեմ  նկարել: Իմ  կարծիքով,  նկարիչը պետք է իսկապես  նկարի այն,  ինչ զգում է հոգով ու սրտով: Եթե այն  ժամանակ  մրցանակի արժանացած 10 նկարիչներից  2-ն էին ապաշնորհ, ապա այսօր  ճիշտ  հակառակն է:

-Հաճա՞խ եք  այցելում Վերնիսաժ  կամ  Մ.Սարյանի  արձանի  մոտ` նկարիչների աշխատանքերը դիտելու համար:

-Երբեմն գնում եմ, սակայն  տրամադրությունս  ընկնում է, երբ  տեսնում եմ  նկարիչների  վիճակը,  ովքեր հանուն  մի  կտոր  հացի ստիպված են շոգին ու ցրտին  իրենց ստեղծագործությունները  վաճառել  փողոցում: Համոզված եմ, որ  օրվա  վերջում շատերը ձեռնունայն տուն են վերադառնում :

-Ինչպե՞ս  կբնութագրեք մերօրյա  մտավորականներին:

-Գիտեք,  իմ  համոզմամբ  Խանջյանը,  Սևակն ու  Շիրազն էին  մտավորականը, հիմա ամեն  ինչ  շահի  վրա է  հիմնված, շատերն ամեն  ինչ անում են,  միայն  թե  դառնան քաղաքի   ավագանու  անդամ: Կարծում եմ,  որ դա ավելորդ  ցուցամոլություն  է:  Խորհրդային  տարիներին  հասարակական  հնչեղություն ունեցող  ինչ-որ  կառույցի  կամ միջոցառման  համար նախապես  հաշվի էին առնում նկարիչների,  կոմպոզիտորների կամ գրողների կարծիքը, քանի որ  վերջիններս իրենց  դատողություններում անաչառ էին: Այն  ժամանակ  միությունները  հարգանք ու  հեղինակություն ունեին: Այսօր մեր  կարծիքը  հաշվի  չեն առնում, ուստի անիմաստ է անգամ  խոսելը:

-Մեր օրերում  հետզհետե  ձևավորվող  քաղաքացիական  հասարակության քայլերն  ինչպե՞ս եք  գնահատում:

-Նրանք  հիմնականում  երիտասարդներ են, ովքեր ուզում են  ինչ-որ  բան փոխել,  ազդել  ինչ որ բանի  վրա, սակայն  նրանք  քիչ են: Իսկ  քիչ են, քանի որ  մեծամասամբ  մարդիկ  անտարբեր են,  այդ թվում  և  շատ ու շատ երիտասարդներ, իսկ դա  գալիսէ իրենց  ծնողներից: Մի տեսակ,  շրջապատն էլ է անտարբեր այդ նախաձեռնություններին: Հերոսը   մեկն է լինում, ում առաջ է  մղում հասարակությունը` դարձնելով  նրան առաջնորդ: Մենք դեռ առաջնորդի  փնտրտուքի  մեջ ենք:

-Երիտասարդ  նկարիչներից  շատե՞րն են  արտագաղթում:

-Տեղյակ չեմ հեռացող  նկարիչների մասին, սակայն արտագաղթն  ինքնին մեր երկրի համար  մեծ  ցավ է: Շատ եմ ուզում, որ  մեր  կառավարությունը  երիտասարդներին ոգևորելու քայլերը բազմապատկի: Գիտեք, դրսում էլ արվեստը  մի  բարվոք  վիճակում  չէ,  եթե  գիտությանը  մշտապես  զարգացում է  պետք և  մեր երիտասարդ գիտնականների ուղեղները դրսում  պետք են, ապա  նկարիչներն,  ի  տարբերություն երաժիշտների, միշտ չէ, որ  գտնում են իրենց  տեղը:

-Հիասթափվա ՞ծ եք այս  վիճակից:

Ոչ,  իմ  երկիրն է, ումի՞ց  հիսաթափվեմ: Ուր էլ  գնամ,  մերն ուրիշ է,  կարող է մի օր   լավանա,  հո  էսպես  չի՞  մնա: Սա բացասականի  պիկն է,  կգա  ժամանակ, որ ամեն  ինչ  կհարթվի,  կզուլալվի:

-Ուրեմն,  ի՞նչը  կարող է Ձեզ  ոգևորել:

-Եթե  պահպանել ես ազնվությունը, ապա առանց  ցուցամոլության  կնստես ու  կնկարես, կգրես, կստեղծագործես, կպայքարես: Ինձ  համար նկարելը դեղի  պես  մի  բան է, անգամ  հիվանդության դեպքում  միակ  փրկությունս  նկարելն է: Մարդու  ճակատին դրոշմված է իր կյանքի  տևողության  կոդը ու  մինչև այդ սահմանին  հասնելը նա  պետք է կենտրոնանա  միայն  իր աշխատանքի վրա: Նկարելիս  մտածում եմ միայն  թեմայի  շուրջ, ի  դեպ, աշխատում եմ  միաժամանակ  մի քանի կտավի վրա, այդպես  հետաքրքիր է` միտքդ  անընդհատ շարժման  մեջ է:

Անուշ Ներսիսյան

 

 

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ