Ապրիլի 20, 2018

Բաց մի թողեք

Առողջապահական տեսչական մարմինը դեղատնային այցերի ընթացքում հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են դեղատնային այցեր: Շրջայցերի նպատակն է եղել տեղում ծանոթանալ դեղատների աշխատակիցների իրազեկվածության մակարդակին՝ ՀՀ կառավարության 2017թ․ նոյեմբերի 9-ի թիվ 1402-Ն որոշմամբ կարգավորվող դեղատոմսերի գրման և դեղերի բաց թողնման կարգի վերաբերյալ, ինչպես նաև կատարել լրացուցիչ իրազեկման աշխատանքներ և արձանագրել նշված կարգի խախտումների դեպքերը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կատարվել են 481 դեղատնային այցեր։ Արձանագրվել են առանց դեղատոմս պահանջելու դեղատոմսով դուրս գրվող դեղերի՝ մասնավորապես հակավարակային դեղերի բաց թողնման 57 դեպք, որից 35-ը՝ Երևանում և Կոտայքի մարզում, 3-ը՝ Լուռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում, 11-ը՝ Արարատի և Արմավիրի մարզերում, 5-ը՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, իսկ 3-ը Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում։
Դեղատնային այցերի ընթացքում բացահայտվել են բժիշկների կողմից դեղատոմսերի գրման և դեղատան աշխատակիցների կողմից դեղեր բաց թողնելու կարգի խախտումներ և թերություններ: Մասնավորապես եղել են դեպքեր, երբ դեղատուն է ներկայացվել դեղատոմսի միայն մեկ օրինակ, սակայն սահմանված կարգի համաձայն (http://moh.am/#1/612 ) նախատեսվում է երկու օրինակ, որից մեկը պետք է պահվի դեղատանը, մյուսը՝ պացիենտի մոտ: Առանձին դեպքերում դեղագետը հրաժարվել է դեղը բաց թողնել դեղատոմսում կնիքի բացակայության պատճառով, սակայն դեղատոմսի վրա ոչ բժշկի, և ոչ էլ բուժհաստատության կնիքը պարտադիր չեն. դեղատոմսը հաստատվում է բուժող բժշկի (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեպքում նաև բուժհաստատության տնօրենի կամ տնօրենի տեղակալի) ստորագրությամբ։ Դեղատոմսերում բացակայել են բժշկի անուն-ազգանունը (կամ գրված է եղել անընթեռնելի ձեռագրով) և ստորագրությունը․ բուժող բժշկի անուն-ազգանունը (գրված ընթեռնելի ձեռագրով կամ տպագիր) և ստորագրությունը դեղատոմսի վրա պարտադիր են:
Շրջայցերի ընթացքում հայտնաբերվել են դեղատոմսեր, որտեղ լրացված չեն եղել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի համարը, սակայն բժիշկը պարտավոր է դեղատոմսի վրա լրացնել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի կամ բուժմանը վերաբերող այլ փաստաթղթի (հիվանդության պատմագիր, ամփոփաթերթ և այլն) համարը։ Գրանցվել են դեպքեր, երբ դեղը գրված է եղել առևտրային անվանմամբ, սակայն ըստ սահմանված կարգի՝ բժիշկը պարտավոր է դեղատոմսը գրել դեղի համընդհանուր անվանումով, իսկ առևտրային անվանումով գրելու դեպքում դեղատոմսին պետք է կցել առանձին պատճառաբանված հիմնավորում: Հավելենք նաև, որ վերոնշյալ թերություններով և առհասարակ սահմանված կարգին չհամապատասխանող դեղատոմսերի հիման վրա դեղատան աշխատակցի կողմից չպետք է բաց թողնվեն դեղեր:
ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը բժիշկներին, դեղագետներին, դեղագործներին և հատկապես խոշոր դեղատնային ցանցերի, ինչպես նաև բուժհաստատությունների տնօրեններին հորդորում է պահպանել օրենքով սահմանված կարգը՝ վերոնշյալ թերություններն ու խախտումները բացառելու նպատակով:

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմին

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts