Հրապարակվել է: Mon, Jul 17th, 2017

Ավանդական դարձած ամենամյա ստուգատես՝ «Արս Մաժոր»-ում

Կիսվել
Թեգեր

AH7I9209Արվեստի մասնավոր դպրոց հիմնադրելու գաղափարը երիտասարդ երաժիշտ Հասմիկ Մովսիսյանի մոտ դեռևս  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանելու տարիներին էր ձևավորվել, սակայն այն իրագործելու համարձակության համար երկար ժամանակ պահանջվեց… Նժարի մի կողմում մտավախությունն էր՝ հատկապես մարզում նման նախաձեռնության իրագործման հնարավորության առումով, մյուսին` հայրենի քաղաքում մշակույթի բարձրակարգ կենտրոն ունենալու ձգտումը: Նվիրական գաղափարը կյանքի կոչելու համար ներդրվեց վճռականություն, կամք, եռանդ, երևակայություն… Եվ 2000 թվականի սեպտեմբերին հիմնադրվեց Եղվարդի «Արս Մաժոր» արվեստի դպրոցը:

Առաջին իսկ տարում դպրոցը 100 սան ուներ, գործում էին դաշնամուրի, ջութակի, ժողգործիքների, պարարվեստի ու գեղարվեստի դասարանները:

Այն որ «Արս Մաժոր» արվեստի կրթօջախի ստեղծումով նկատելիորեն աշխուժացել է Եղվարդի մշակութային կյանքը, արձանագրվել է դեռևս կրթօջախի մեկամսյա գործունությունից հետո՝ Հայաստանի ազգային ռադիոյի ազդարարմամբ:

Առաջին հաշվետու համերգը մեկ տարվա ամփոփ գործունեությունը ներկայացնելուց զատ, ինքնահաստատման և կայացման լուրջ փորձություն էր դպրոցի համար: Եվ որպես բարի ավանդույթ, որպես բազմաթիվ դժվարությունների ու փորձությունների հաղթահարման, ապրումների ու հույզերի փորձարկման յուրօրինակ ստուգատես՝ ամենամյա հաշվետու միջոցառումները մինչ օրս շարունակվում են, իսկ  դպրոցի կոլեկտիվը, սաներն ու շրջանավարտները դրանք իրագործում են հուզմունքով և հպարտությամբ: Այդ օրը բոլորը մոռանում են դժվարությունների մասին, որոնք շատ-շատ են հատկապես սոցիալ-տնտեսական դժվարություններ վերապրող երկրում` ֆինանսական խնդիրներ, տարածքի հարցեր, փոքր դահլիճ և այլն:

Տարեցտարի դպրոցի սաները ամենամյա ստուգատեսին` հաշվետու համերգին, ներկայանում են առավել բազմաժանր ծրագրով: Դպրոցում ավանդույթ է դարձել հաշվետու համերգները մայրաքաղաքի տարբեր մշակութային օջախներում անցկացնել. դպրոցի սաները համերգներով ելույթ են ունեցել Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի, Համազգային և Երևանի կամերային թատրոնների դահլիճներում: Այս տարի երաժշտական բաժնի հաշվետու համերգը կայացավ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում, որի ընթացքում, ավանդույթի համաձայն, ելույթ ունեցան նաև դպրոցի ուսուցիչները և շրջանավարտները:

Պարարվեստի բաժնի՝ օրերս կայացած հաշվետու համերգը համազգային թատրոնի բեմում էր: «Գյուղում» խորագրով պարայի բեմադրությունը հանդիսատեսին հիացմունքի բազում պահեր պարգևելով, մտովի տեղափոխեց բնական միջավայր, ուրախ երգ ու պարի միջոցով առավել քան պատկերավոր ծանոթացնելով գյուղական առօրյային՝ խոտհունձի, ցանքսի, անասնապահության և այգեգործության «նրբություններին», բարիք ստեղծելու քրտնաջան աշխատանքին: Այդ գեղեցիկ բեմադրությունը, որը ներկայացվեց համերգի առաջին մասում, բեմադրել էր պարուսույց Լիլիթ Միրզոյանը: Համերգի երկրորդ մասում դպրոցի սաներն առանձին համարներով ներկայացան «Հայոց աղջիկներ», «Եղնիկներ», «Օվկիանոսում», «Շախմատ», «Ազատությունը», «Խոհանոցում» (պարուսույց՝ Լիլիթ Միրզոյան), «Սայաթ-Նովա», «Ղափամա», «Մոլդովական», «Ծաղրածուներ» (պարուսույց՝ Սոնա Մեսրոպյան )և պրոֆեսիոնալ պարողներին բոլորովին չզիջող այլ կատարումներով: Համազգային թատրոնի ճեմասրահում ցուցադրված՝ նկարչական բաժնի դասատու Անահիտ Իսպիրյանի սաների նկարչական աշխատանքներն այս ոլորտում ևս ձեռքբերումների պերճախոս վկաներն են: Երկու միջոցառումները և դրանց նախորդած՝ Եղվարդում ներկայացված հաշվետու համերգը արհեստավարժորեն վարեց դպրոցի մանկավարժ, երաժշտական տեսաբան Ռուզաննա Շախկուլյանը:

«Մեր սաների ուսուցումը չի տարվում կաղապարային, հնացած մեթոդներով, այլ ուսուցման հիմքում դրվում են սկզբունքային նոր մոտեցումներ, նոր մեթոդներ, մեծ ուշադրություն է դարձվում համաշխարհային դասական արվեստի գոհարներին հաղորդակցվելուն, գեղագիտական ճաշակը զարգացնելուն, մտահորիզոնը ընդլայնելուն»,- ասում է դպրոցի տնօրեն Հասմիկ Մովսիսյանը, հավելելով, որ եթե երեխաներն անգամ ուսումն արվեստի բնագավառում չշարունակեն հետագայում, նրանք դառնում են գրագետ և ճաշակով ունկնդիր, հանդիսատես, և ի վերջո, ծնող:

«Արս Մաժոր» արվեստի կրթօջախի օրինակով համոզվում ես, որ նվիրումն ու քրտնաջան աշխատանքը տալիս են իրենց արդյունքը: Այսպես, դպրոցի սաները մասնակցելով Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին՝ տարբեր երկրներից ժամանած 300-ից ավելի մասնակիցների շարքում հայտնվել են լավագույն հնգյակում: «Արտ Մյուզիք» արվեստի մրցույթ-փառատոնում երաժշտական բաժինն արժանացել է դափնեկրի կոչման, իսկ դպրոցի նկարչական բաժինը՝ առաջին մրցանակի: Դպրոցի երգչախումբը «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի համահայկական մրցույթ-փառատոնում արժանացել է երկրորդ և երրորդ մրցանակների: Հաղթանակների շարքն ամբողջացնում են մարզային մրցույթներում գրանցված հաջողությունները. 2009-ին երկրորդ մրցանակ մարզային արվեստների փառատոնում և խրախուսական դիպլոմներ դաշնամուրի, ջութակի և վոկալի բաժնի սաներին` Կոտայքի մարզի արվեստների մրցույթ-փառատոնում:

Դպրոցի պարային բաժինը հաջողությունների գրանցումը շատ վաղ է մեկնարկել: 2004 թվականից «Արս Մաժորի» սաները «Նոր շունչ» բազմաոճ պարային մրցույթի մշտական մասնակիցներն են և մինչ օրս առանց մրցանակի չեն վերադարձել ամենամյա այդ մրցույթից: Այսպես, 2004 թվականին՝ երկրորդ մրցանակ, 2005-ին` երրորդ, 2006-ին՝ առաջին, երրորդ մրցանակներ, հատուկ մրցանակ հայկական պարի համար, 2007-ին` առաջին և երրորդ մրցանակներ, 2008-ին` առաջին և երկրորդ մրցանակներ և կրկին հատուկ մրցանակ: 2009-ին՝ 4 առաջին և 2 երկրորդ մրցանակ պարային տարբեր ոճերում: Նույն թվականին ՀՀ երկրորդ պարային օլիմպիադայում դպրոցի սաները գրավել են առաջին և երրորդ մրցանակները: Իսկ ահա 2010-ին` 2 երկրորդ մրցանակ: Առաջին 10 տարիների արդյունքով դպրոցն 9 անգամ արժանացել է առաջին մրցանակի, 7 անգամ՝ երկրորդ և 5 անգամ` երրորդ մրցանակի: 2014-ին՝ լավագույն բեմադրող, լավագույն բեմադրություն, հատուկ և «Նոր շունչ» մրցանակներ:  Իսկ 2016-ին՝ գլխավոր մրցանակ և 6 առաջին մրցանակ տարբեր ոճերում: Կրթօջախը պարբերաբար մասնակցում է պարարվեստի Երևանի մանկական ֆիլհարմոնիայի «Ոսկե սրինգ» և «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոններին, արժանացել առաջին և երկրորդ մրցանակների, «Վիվատ» ակումբի գավաթի պարային մրցաշարին՝ առաջին մրցանակ 3 անգամ, նաև երկրորդ մրցանակ ժամանակակից և բնորոշ պարաոճերում:

Կրթական գործընթացը շարունակական զարգացում է պահանջում: Եվ ձեռքբերումների որոշակի կայուն մակարդակի հասնելով, նոր մոտեցումների անհրաժեշտություն է առաջանում, իսկ դրանց փնտրտուքը նոր մտահղացումներ է առաջ քաշում: Մտահղացումների պակաս «Արս Մաժոր»-ում, պարզվում է, չկա: Առհավատչյան՝ ամենամյա այսպիսի յուրահատուկ և հրաշալի միջոցառումներն են:

AH7I9132AH7I9272AH7I9389AH7I9618AH7I9628AH7I9647AH7I9921

 

 

AH7I0041Ռուզան Պեպանյան

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ