Հոկտեմբերի 15, 2018

Արդարադատության նախկին ու ներկա նախարարները հանդիպել են նախարարության աշխատակիցներին

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչներին:

Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրել, որ սատարելու է նախարարի կողմից իրականացվելիք ծրագրերը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ նախարարության ներկայիս թիմը կատարել է ծավալուն աշխատանք, իսկ մեկնարկած ծրագրերից շատերն ընթացքում են: «Վստահ եմ, որ նախարարն այն հաջողությամբ կշարունակի, նաեւ վստահ եմ, որ նոր խնդիրներ ու հարցադրումներ են լինելու»,- ասել է Դավիթ Հարությունյանն ու նախարարին եւ աշխատակազմին հաջողություն մաղթել սպասվելիք գերլարված աշխատանքում՝ ընդգծելով, որ նախարարության հաջողությունը լինելու է նաեւ իր հաջողությունը:

Նախարար Զեյնալյանը ողջունել է Արդարադատության նախարարության աշխատակազմին եւ նշել, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցից պետք է քաղել առավելագույնը եւ թույլ չտալ կորուստներ: «Հայաստանի վարկանիշը մեր աշխատանքով ու ջանասիրությամբ բարձրացնելու լայն հնարավորություն է տրված այս պահին»,- ասել է նորանշանակ նախարարն ու բոլորին հաջողություն ցանկացել:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts