Արվեստի մասնավոր դպրոց հիմնադրելու գաղափարը Հասմիկ Մովսիսյանի մոտ դեռևս Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսանելու տարիներին էր ձևավորվել, երբ նորարարական գաղափարներ իրագործելու ձգտումը բախվում էր պետական բյուրոկրատական ապարատի մամլիչ ազդեցությանը:
Սակայն նվիրական գաղափարը կյանքի կոչելու համար ներդրված վճռականության, կամքի և, ինչու չէ նաև մշակույթի բարձրակարգ կենտրոն ունենալու ձգտման համադրությունն անհրաժեշտ արդյունքը տվեց 2000 թվականին՝ հայաստանյան կրթամշակութային իրականությունում վաղուց արդեն իր ուրույն նշաձողը վաստակած «Արս Մաժոր» արվեստի դպրոցի հիմնադրումով:
Առաջին իսկ տարում դպրոցում գործում էր դաշնամուրի, ջութակի, ժողգործիքների, պարարվեստի ու գեղարվեստի դասարաններ, դրանց թիվն այսօր արդեն բազմապատկվել է:
Դպրոցում ավանդույթ դարձած ամենամյա ստուգատես- հաշվետու համերգները մայրաքաղաքի տարբեր մշակութային օջախներում են անցկացվում. դպրոցի սաները համերգներով ելույթ են ունենում Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի, Համազգային և Երևանի կամերային թատրոնների դահլիճներում, մասնակցում են տարբեր մրցույթ փառատոնների (մոտ 400 միջոցառում) մայրաքաղաքի և հանրապետության տարբեր բեմահարթակներում, Արցախում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մոնակոյում:
«Երգող Հայաստան» համահայկական մրցույթ փառատոն, «Նոր Շունչ» բազմաոճ պարային մրցույթը «Ոսկե սրինգ», «Վերածնունդ», «Արտ մյուզիք» փառատոններ, Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոն, «Վիվատ» ակումբի գավաթի պարային մրցաշար, «Հմուտ ձեռքեր» մրցույթ-փառատոն, «Armenian breaking 2022». ահա «Արս Մաժորի» սաների՝ մրցույթներին և փառատոններին մասնակցության ոչ լրիվ ցանկը, որոնցում երեխաները զբաղեցրել են մրցանակային տեղեր:
«Մեր սաների ուսուցումը չի տարվում կաղապարային, հնացած մեթոդներով, այլ ուսուցման հիմքում դրվում են սկզբունքային նոր մոտեցումներ, նոր մեթոդներ, մեծ ուշադրություն է դարձվում համաշխարհային դասական արվեստի գոհարներին հաղորդակցվելուն, գեղագիտական ճաշակը զարգացնելուն, մտահորիզոնը ընդլայնելուն»,- ասում է դպրոցի տնօրեն Հասմիկ Մովսիսյանը, հավելելով, որ եթե երեխաներն անգամ ուսումն արվեստի բնագավառում չշարունակեն հետագայում, նրանք դառնում են գրագետ և ճաշակով ունկնդիր, հանդիսատես, և ի վերջո, ծնող:
Եվ ահա, օրերս «Արս Մաժորը» իր մասնաճյուղն է բացել Դավթաշենում. գործելու են դաշնամուրի, ջութակի, կիթառի, վոկալի, շվիի, դուդուկի, կլառնետի, և այլ գործիքների ուսուցման դասարաններ, ժամանակակից և ազգային պարերի խմբակներ…
«Արս Մաժոր» արվեստի կենտրոնի հյուրընկալ կոլեկտիվը հրավիրում է բոլորին՝ զարգացնելու կարողությունները արվեստի նախընտրելի ոլորտում:
Ռ. Պեպանյան