Մարտի 19, 2019

Բարեգործության հրավառություն Դավթաշենում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար  Միքայել Թումասյանը, հանդիպելով «Լույսի Աստղ» հաշմանդամ  երեխաների ծնողների միություն հասարակական կազմակերպության շահառուներին, խոստացել էր առաջիկայում երեխաներին հրավիրել իր աշխատասենյակ: Եվ ահա, հավատարիմ խոստմանը, ամանորի նախաշեմին Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն իր նստավայրում հյուրընկալեց ֆիզիկական տարբեր խնդիրներ ունեցող փոքրիկներին: Երեխաներին հետաքրքիր անակնկալներ էին սպասվում. հաճելի հանդիպում վարչական շրջանի աշխատակիցների հետ, համեղ ու գեղեցիկ զարդարված տորթ-տոնածառի համտեսում, զբոսանք համայնքապետարանի բակի՝ արդեն իրական զարդարված տոնածառներով այգում, հանդիպման հիշարժան պահերի լուսափաստագրում: Երեխաները մասնակցեցին համայնքապետարանի տարբեր բաժինների կողմից զարդարված տոնածառների գնահատման մրցույթին՝ իրենց անմիջական, անկեղծ և անկաշառ մոտեցմամբ օգնելով վարչական շրջանի ղեկավարությանն ընտրելու լավագույն զարդարված տոնածառը: Այդ օրը, սակայն, բարեգործությունների իսկական հրավառություն էր դավթաշենցի փոքրիկների համար, անակնկալները շարունակվում էին՝ այս անգամ արդեն Դավթաշենի «Ռիո» մանկական սրճարանում: Փոքրիկներին երաժշտական համարներով, զվարճալի խաղերով ու ծաղրածուի մասնակցությամբ հաճելի միջոցառում էր սպասվում, որը եզրափակվեց Ձմեռ պապի և  Ձյունանուշիկի նվերաշատ մասնակցությամբ: Փոքրիկները ուրախացան, երգեցին ու պարեցին, հաճելիորեն զարմանալով և ոգևորվելով վարչական շրջանի ղեկավարի և նրա թիմակիցների՝ ուրախ խաղերին ու երգուպարին ակտիվ մասնակցությամբ:

«30 տարուց ավելի մեր կազմակերպությունը գործում է Դավթաշենում, այսպիսի գեղեցիկ ու կազմակերպված միջոցառում, անկեղծ ասած, մենք երբևէ չենք ունեցել: Եվ այս ամենի մեջ ամենակարևորը երեխաներին սրտանց ընդունելն ու նրանց խնդիրներն ընկալելն է: Հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքները բազմաթիվ հոգսեր ունեն, հաճախ են առնչվում են հասարակության անտարբերությանը, նրանց ուշադիր ու սրտացավ վերաբերմունք է հարկավոր, որպեսզի իրենց հասարակությունից օտարված չզգան: Երեխաներն այսօր շփվեցին նրանց հետ, ովքեր իրենց համար մշակվող սոցիալական քաղաքականությունն են վարում: Սա մի գեղեցիկ ու հիշարժան հանդիպում էր, որը հուսով եմ շարունակական ընթացք կունենա: Համենայնդեպս, այդ  մասին են վկայում անգամ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածի ընթացքում վարչական շրջանի ղեկավարի ձեռնարկած քայլերը»,-անթաքույց  ոգևորությամբ ասում է «Լույսի Աստղ» ՀԿ նախագահ Գյուլնարա Առաքելյանը: Իրենց ղեկավարի խոսքերին համամիտ էին կազմակերպության շահառու ծնողները, որոնք ընդգծեցի միջոցառման ջերմությունն ու անկեղծ մթնոլորտը:

Ռ. Պեպանյան

Նկարները՝ Նարինե Սահակյանի

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts