
Հինգ տարի առաջ՝ 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններում ժողովրդի հաստատակամ վստահության քվեն ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ինչպես նախորդ, այնպես էլ 2013-ի ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի և վարչախմբի կեղծարարության արդյունքում չամրագրվեց ժողովրդի կամքը, փոխարենը հաղթանակը գողացվեց ու շնորհվեց Սերժ Սարգսյանին։ Գողացվեց ոչ թե նախագահությունը, այլ Նոր Հայաստանի հնարավորությունը՝ կառավարման նոր քաղաքացիակենտրոն համակարգով և ինքնիշխան որոշումներով:
Ժողովրդի սպասելիքներն էին՝ դատաիրավական գործընթացների արդարացի դրվածք, քաղաքական, տնտեսական և քաղաքացիական արդյունավետ համակարգեր, ազատ տեղեկատվական դաշտ, կոռուպցիայի ու կաշառակերության դեմ իրական պայքար, արտագաղթի կասեցում, հայաստանյան կյանքում Սփյուռքի գործնական ներգրավում, ազգային համերաշխության կայացում և այլն:
Ի՞նչ տեսավ Հայաստանի քաղաքացին ապրիլի 9-ից նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի օրոք. համատարած ու ահագնացող արտագաղթ, 6 միլիարդ դոլարի հասցված արտաքին պարտք, եվրասոցացման համաձայնագրի շուրջ անհաջող զարգացումներ, ստորացուցիչ մուտք ԵԱՏՄ, ձախողված արցախյան բանակցություններ, որոնց արդյունքը ապրիլյան քառօրյա պատերազմն էր և 100-ից ավելի հայ զինվորների ցավալի կորուստը, կեղծված սահմանադրական հանրաքվե ու խորհրդարանական ընտրություններ, խայտառակ քաղաքական դատավարություններ ու բազմաթիվ քաղբանտարկյալներ, տնտեսության շարունակական հետընթաց, աղքատության աճ և բազմաթիվ այլ ձախողումներ ու սուտ խոստումներ։
Այսօր` ապրիլի 9-ին, լրացավ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների երկու ժամկետը, որը Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում թողեց աղետալի, խորը բացասական հետագիծ, սակայն Սարգսյանը մտադիր չէ սահմանափակվել կեղծիքով զավթած տասնամյա անպտուղ նախագահությամբ, ավելին՝ ցանկանում է շարունակել արատավոր վարչախմբի վերարտադրությունն ու իր կառավարումը արդեն երրորդ ժամկետով՝ վարչապետի պաշտոնում:
Շատ կարճ ժամանակ ունի Հայաստանի քաղաքացին՝ համախմբվելու, փողոց դուրս գալու և իր կամքը պարտադրելու Սերժ Սարգսյանի գլխավորած անօրինական իշխանությանը։
Այլապես Հայաստանին և հայ ժողովրդին սպասվում են էլ ավելի լուրջ մարտահրավերներ, ձախողումներ ու կորուստներ նրա հետագա իշխանավարման շրջանում։
«Ժառանգություն» կուսակցություն