Նոյեմբերի 18, 2018

Գևորգ Փոլադյան. «Սրբանկարչությունն աղոթք է և հրաշք, որ աստծո կամքով կատարվում է իմ ձեռքերով»   

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Հունաստանաբնակ սրբանկարիչ Գևորգ Փոլադյանը նկարչությամբ լրջորեն զբաղվել է 25 տարեկանից, երբ իրեն հյուր եկած գեղանկարիչ Հրանտ Ավագյանը, տեսնելով ինքնուս շնորհալի նկարչի սիրողական աշխատանքները և նրանց մեջ ռացիոնալ հատիկ գտնելով, հանձն է առնում լրջորեն զբաղվել նրա ուսուցմամբ: Այնուհետև Փոլադյանը մասնագիտական ուսումը շարունակում է Սուրբ Տիտոսի բյուզանդական սրբանկարչության դպրոցում՝ Գեորգիոս  Խիրակակիսի ղեկավարությամբ: Եկեղեցիների պատկերագրության մեջ հմտանալու գործում նրան աջակցել են նաև սրբանկարչության մեծ վարպետներ Մանոլիս Բետինակիսը և Նիկոս Վիսկադուրակիսը: Առաջին անհատական ցուցահանդեսով հունական արվեստասեր հանրությանը ներկայացել է 2011 թվականին Հերակլիոն քաղաքի սբ Գևորգ դարպասներում, հաջորդը խմբակային ցուցահանդես էր 2012-ին Նեա Իոնիայի քաղաքապետարանի պատկերասրահում:

       Գևորգը դպրոցական տարիներից իր մասնագիտության ընտրության հետ կապված հետաքրքիր հիշողություններ ունի: Թերևս այդ ժամանակ էլ առաջին ծիլերն ի հայտ են եկել: Այսպես, մի անգամ, երբ տնային առաջադրանքը մոռացել  ու ավագ քրոջ նկարչական ալբոմով ուղղորդվելով, բոլորովին այլ աշխատանքներ էր ներկայացրել, ուսուցչուհին չհավատալով, որ դա ինքն է արել, նկարները գնահատել էր գերազանց, իսկ իրեն՝ անբավարար, և հանդիմանել էր քրոջ ալբոմը ներկայացնելու համար: «Թվում է, թե պետք է տխրեի, բայց շատ ուրախ էի, որ նկարները «գերազանց» գնահատվեցին։ Այս դեպքը միշտ հիշում եմ, երբ հարցնում են, թե երբ եմ սկսել նկարել։ Դպրոցական տարիքում իմ  ամենասիրելի նկարը գունավոր մատիտներով խաչի վրա Քրիստոս նկարն էր»,-հիշում է Գևորգը: Հոգու խորքում պահպանված այդ նվիրական աշխատանքն էլ վճռորոշ դարձավ նրա համար, որն իրագործեց տարիներ անց հեռավոր Կրետե կղզում:

     «Չգիտեմ առաջին ցուցահանդեսից հետո ինչ կատարվեց, մոտ երկու տարի ոչինչ չէի նկարում, փնտրտուքի մեջ էի և վերջապես գտա՝ սրբանկարչություն…Քանի որ մեր եկեղեցիները եղել են նաև որմնանկարված, ես, ապրելով Կրետեում, որտեղ սրբանկարչությունը գրեթե ամենուր է և բոլոր եկեղեցիները որմնանկարվում են բյուզանդական ոճով, որը շատ մոտ է մեր մանրանկարչությանը, հասկացա, որ աստծո կամքով եմ այստեղ հայտնվել և պարտավոր եմ սովորել սրբանկարչություն։ Առաջին սրբապատկերը Սուրբ Սարգիսն էր, հետո՝ Սուրբ Վարդանը ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Իսկ առաջին որմնանկարը Կրետեում հունական վանքի Սուրբ Գևորգ մատուռի խորանում է, հայկական եկեղեցում առաջինը՝ Կիևի սրբոց նահատակած մատուռում»,-հիշում է Գևորգը:

    Այդպես աստիճանաբար նրա աշխատանքներում գերակշռող են դառնում որմնանկարները, խճանկարները և սրբապատկերները:

«Սրբանկարչությունն աղոթք է և հրաշք, որ աստծո կամքով կատարվում է իմ ձեռքերով»,-խոստովանում է Գևորգը, որը բարձր է գնահատում հունական և հայկական մանրանկարչության ազդեցությունն իր գործունեության վրա:-«Հունական արվեստը բազմաոճ է, ինչպեսև հայկականը, բայց գոյություն ունի մի յուրահատուկ արվեստ՝ եկեղեցական նկարչությունը, որն ամենամեծ ներգործությունն է թողել ինձ վրա. դա Կրետեի և Կիլիկյան դպրոցների սրբանկարչությունն է։ Ուրիշ ոճի աշխատանքներ էլ ունեմ, բայց փնտրտուքի արդյունքում ես ինձ վերագտա սրբանկարչության մեջ։ Իմ ողջ ժամանակը նվիրված է իմ սիրելի աշխատանքին, և գրեթե ուրիշ զբաղմունքի ժամանակ չի մնում»։

    Նկարիչ Վահան Ղարիբյանը Գևորգ Փոլադյանի աշխատանքները դիտելով, գրել է. «… Գևորգ Փոլադյանի հետ զրուցելիս, ինձ թվաց, որ զրուցում եմ իսկ և իսկ միջնադարյան հայկական մանրանկարչության մշակի հետ, այդպիսին կլիներ նաև Թորոսը… Հանգիստ, նրբանկատ ու հավասարակշռված այս անձնավորությունն իր հիմնարար մասնագիտությանը տիրապետում է գերազանց, ավելին, բանիմաց է սրբապատկերային արվեստի նրբություններին, որդան կարմիրի ստացման նուրբ տեխնոլոգիային: Թերևս, որպես նկարիչ, առաջին անգամ իմացա նրանից, որ սրբապատկերներում, տեղադրելով մաքուր ոսկյա թիթեղը, օգտագործում են (մասնավորապես Հունաստանում), բնական հայկական սոսինձ, ու այդպես էլ կոչում են՝ հայկական…»:

     Թերևս առավել բարձր գնահատական, քան Թորոս Ռոսլինի հետ համեմատելն է, հնարավոր էլ չէ ակնկալել, սակայն Գևորգը համեստորեն իրեն ավելի շուտ Ռոսլինի հետևորդի ու աշակերտի դերում է պատկերացնում:  Իսկ ահա թե ինչ ասաց Գևորգը հայկական սոսինձի մասին: Պարզվում է ամբոլ կոչվող այդ սոսինձն ստանում են Հայաստանի բարձրադիր լեռնային գետերի ափի կավի փոշուց, որն օգտագործում են սրբապատկերներում ոսկու թերթիկներն ամրացնելու համար. սոսնձի օգնությամբ սրբապատկերի ոսկին ստացվում է հայելու պես փայլուն: Իսկ ոսկե թիթեղներն այնքան նուրբ և բարակ են (75 թերթիկի քաշը կազմում է 1 գրամ), որ պահանջվում է նույնպիսի նուրբ և մանրակրկիտ աշխատանք: Իսկ այդպիսի բարձր վարպետության Գևորգը վաղուց է հասել. նա գնահատված ու պահանջված վարպետի համբավ ունի: Այդ են վկայում հունական «Ազատ օր» պարբերականի՝ 2015 թվականին Կրետե կղզում Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան օրվան նվիրված միջոցառման մասին պատմող հոդվածում նրա մասին գրված դրվատանքի խոսքերը: Նույն թեմային անդրադարձել է նաև «Հայագիտարան Հայաստան» կայքը. «Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ունի երեք խորան, որոնցից մեկը կրում է Սբ. Հովհաննես Մկրտչի անունը, սակայն խորանը մինչ օրս չուներ Սբ. Հովհաննես Մկրտչի սրբապատկերը: Ուստի օրն ավելի տոնական և խորհրդանշական դարձնելու համար և հուրախություն եկեղեցու համայնքի՝ սրբապատկերող Գևորգ Փոլադյանը, որը նկարելու աստվածատուր շնորհ ունի, իր իսկ ցանկությամբ երկար աշխատանքից հետո, որպես «աղոթք սիրո և հավատի», եկեղեցուն նվիրաբերեց Սբ. Հովհաննես Մկրտչի սրբապատկերը: Գունային նուրբ զգացողությամբ և սրբապատկերին հատուկ ճիշտ գծագրությամբ ստեղծված սրբի պատկերն արժանի տեղ գտավ եկեղեցում՝ զարդարելով Սբ. Հովհաննես Մկրտչի անունը կրող սուրբ սեղանը»:

Գործնական առաջարկներ Փոլադյանը հաճախ է ստանում. վերջերս ավարտել է Կրետեի Սուրբ Հովհաննես Կարապետ Հայկական եկեղեցու Աստվածածնի և Եղիսաբեթի հանդիպման դրվագը պատկերող որմնանկարը, Սուրբ Ղուկաս Ավետարանիչ հունական եկեղեցու խորանի  որմնանկարների շարունակությունը, Կիևի Սուրբ նահատակաց մատուռի պատկերագրությունը:

 Ամփոփելով, նշենք, որ Փոլադյանը, որի աշխատանքները գտնվում են Ամերիկայի, Եվրոպայի, Ռուսաստանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Հունաստանի և Հայաստանի եկեղեցիներում և մասնավոր հավաքածուներում, գտել է արվեստագետի համար այնքան կարևոր գանձարանը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր ստեղծագործողի՝ ներշնչանքի, նորանոր մղումների համար: Նա աստծո հետ երանելի երկխոսության մեջ է և այդ երանելի հոգեվիճակը վարպետորեն փոխանցում է հանդիսատեսին:

                                                  

 

 

 

 

 

 

 

 

 

Ռուզան Պեպանյան

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts