Հրապարակվել է: Fri, Jan 16th, 2015

Եթե պատերազմի վերսկսման վտանգ զգամ, կնախազգուշացնեմ

Կիսվել
Թեգեր

df0d2ca9e91dc4e447d4a8d5d2f725d3«Իմ ուժն Աստծուց է: Դա մեծ պարգեւ է եւ ահռելի պատասխանատվություն: Որպեսզի կարողանաս գտնել ամենաբարդ հարցերի պատասխանը, պետք է հավատաս: Հավատաս եւ անմնացորդ նվիրվես Աստծուն: Ես ինքս հավատում եմ: Հավատում են նաեւ ինձ: Հենց դրա շնորհիվ էլ բազմաթիվ անգամներ դուրս եմ եկել անելանելի վիճակներից: Հավատն ինձ ուժ է տալիս` օգտակար լինել նաեւ մարդկանց»: Սրանք միջազգային կարգի էքստրասենս-պայծառատես, մոսկվաբնակ Սեդա Վարդանյանի խոսքերն են: Եվրոպական երկրներում եւ Ռուսաստանում բազմաթիվ դիպլոմների ու մեդալների արժանացած մեր հայրենակիցը նույն այդ երկրներում աշխատելու լիցենզիա ունի: Նրա մասնակցությամբ ռուսական հեղինակավոր հեռուստաընկերություններ էքստրասենսների պայքարի հաղորդաշարեր են անցկացնում: Մեր հայրենակցին լսելու համար աշխարհի մի շարք դահլիճներում անշլագ է լինում: Նրան տեսնելու, հետը զրուցելու համար հերթեր են գոյանում նույնիսկ այն տանը, որտեղ Սեդան հյուրընկալվում է Հայաստան վերադառնալիս: Հայազգի էքստրասենսին հանդիպեցի շատ պատահական՝ ամանորյա հավաքներից մեկի ժամանակ: Քաղաքական կանխատեսումներով հայտնի պայծառատեսից հետաքրքրվեցի մեր երկրի ապագայի մասին: Ըստ նրա՝ 2015 թվականը ծանր տարի է լինելու թե տնտեսական, թե քաղաքական առումով: ԵՏՄ-ին անդամակցելը, Ռուսաստանում տնտեսական ճգնաժամով պայմանավորված, էական դեր չի խաղալու Հայաստանի ու հայաստանցիների կյանքում: «Ռուսաստանի սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի է սրվելու, աշխատատեղեր են կրճատվելու, ինչի հետեւանքով արտագնա աշխատանքի գնացած մեր հայրենակիցներից շատերը մնալու են անգործ: Բայց տնտեսական ճգնաժամի խորացումը չպետք է ազդի բանակի վրա: Խնայողությունները չպետք է արվեն բանակի հաշվին: Ընդհակառակը՝ բոլորի ուշադրությունն ավելի շատ պետք է սեւեռվի դեպի բանակը, դեպի երկրի սահմանները»,-ասաց նա: Նրա կանխատեսմամբ՝ տարին նպաստավոր չի լինելու նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում: «Երկրի նախագահի ու կառավարության նկատմամբ ժողովրդի անվստահությունը թեեւ գագաթնակետին է հասել, բայց համընդհանուր պայթյուն տեղի չի ունեցել լիդերների բացակայության պատճառով: Դա կլինի այս տարի, բայց ոչ մի արդյունք չի տա: Երկրի ղեկավարի հրաժարականի պահանջով մեծ ու բազմամարդ հանրահավաքներ կկազմակերպեն արտախորհրդարանական ուժերը, ծայրահեղ լարված վիճակ կլինի նաեւ խորհրդարանում, բանը կհասնի նույնիսկ ծեծկռտուքի, բայց նախագահին պաշտոնանկ անել չեն կարողանա»: Սեդա Վարդանյանի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը թեեւ առողջական լուրջ խնդիրներ ունի եւ մեծ հաճույքով կհրաժարվեր երկրի ղեկավարի պաշտոնից, եթե իրեն իշխանության բերող ուժերը թույլ տան: «Այս տարի նրա հրաժարականը չեմ տեսնում: Ինքը պետք է շարունակի պաշտոնավարել թեկուզ հենց նրա համար, որ պահպանի հարաբերական խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Լարվածություն հայ-ադրբեջանական սահմանին էքստրասենսը տեսնում է նաեւ 2015-ին: «Այդ լարվածությունն ավելի է սրվելու: Սահմանին կրակոցներն ավելի հաճախակի են դառնալու, ցավոք սրտի, կորուստներն էլ են շատ լինելու, բայց պատերազմ չեմ տեսնում: Եթե երբեւէ պատերազմի վերսկսման վտանգն զգամ, անպայման կնախազգուշացնեմ»: Մտահոգված ժողովրդի վիճակով, Սեդա Վարդանյանն իր պայծառատեսությամբ հեռուն գնալ չցանկացավ: «Վատ բաներ եմ տեսնում, բայց ժողովրդին չտխրեցնելու համար լռում եմ: Առանց այն էլ ոչ մեկի դեմքին ուրախություն չեմ տեսնում…»:

 

Սերոբ  ՄԱՐՈՒԹՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ