Օգոստոսի 21, 2018

«Երաժշտությունն ինքնին կյանքն է». Գիա Կանչելիին նվիրված երեկո՝ Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը հյուրընկալել է մեր ժամանակների լեգենդար կոմպոզիտոր Գիա Կանչելիին։ Ապրիլի 17-ի երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես է եկել Գիա Կանչելիին նվիրված համերգով։

Վրացական դասական երաժշտության ներկայացուցիչ Գիա Կանչելին Մալթայում առաջին անգամ է։ «Ես շատ շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներին, այսօրվա համերգի մենակատարներին, հիանալի դիրիժոր Սերգեյ Սմբատյանին»,- ասաց Գիա Կանչելին։ Համերգին նախորդած մամուլի ասուլիսում մաեստրո Կանչելին նշել է, որ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հերթական համագործակցության համար՝ ավելացնելով, որ հայոց հողում նա գրել է իր 6 սիմֆոնիաները, իսկ անցած տարի Երևանում անցկացվեց իրեն նվիրված փառատոն։

Վրացի կոմպոզիտորի ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել են իտալացի ջութակահար Անդրեա Կորտեսին և վրացի ալտահար Գեորգի Զագարելին։

«Ի սկզբանե ինձ դժվար էր պատկերացնել, որ ես կկարողանամ նվագել Կանչելիի երաժշտությունը,- խոստովանում է Անդրեա Կորտեսին,- ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանամ ստեղծագործության մեղեդայնությունը և անկրկնելիությունը։ Եվ հասկացա, որ ցանկանում եմ կատարել Կանչելիի երաժշտությունը մշտապես։ Այսպես սկսվեց մեր համագործակցությունը»։

Ալտահար Գեորգի Զագարելին շեշտեց, որ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու համար, քանի որ այս կոլետիվի երաժիշտներն ունեն երիտասարդ կատարողներին հատուկ էներգետիկա, ինչը փոխանցվում է մենակատարին և ունկնդիրներին։

«Երաժշտությունն ինքնին կյանքն է» խորագրով համերգի ծրագրում ընդգրկված էին Կանչելիի՝ տարբեր տարիների ստեղծագործությունները՝ «Նամակներ՝ ընկերներին», «Chiaroscuro»։ Կոմպոզիտորը նշում է, որ այս երկու գործերը պատկանում են տարբեր ժանրերի՝ առաջինում ինքը կատարել է ներկայացումների և ֆիլմերի հեղինակների կամքը, իսկ «Chiaroscuro»-ն երաժշտություն է, որ նա գրել է իր համար։

Երեկոյի ընթացքում հնչել է նաև «Տանգոյի փոխարեն» ստեղծագործությունը ջութակի, ալտի, դաշնամուրի և լարային նվագախմբի համար։

Հիշեցնենք, որ այս օրերին Մալթայի մայրաքաղաք Վալետայում ընթանում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Փառատոնը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts