Նոյեմբերի 15, 2018

Զատկին ընդառաջ ՏՄՊՊՀ-ը խստացրել է վերահսկողությունը ձվի շուկայում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Զատիկի տոներին ընդառաջ խստացրել է ձվի շուկայի վերահսկողությունը՝ շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի և դիտանցումների փոխարեն անցնելով ամենօրյա ռեժիմի:

Հանձնաժողովը հայտնում է, որ այդ նպատակով ՏՄՊՊՀ աշխատանքյաին խումբը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևանի մանրածախ խոշոր վաճառակետերում, բացի այդ, հանձնաժողովը համապատասխան տեղեկատվություն է պահանջել նաև տնտեսվարողներից՝ արտադրման, ներկրման և իրացման ծավալների, ինչպես նաև գնագոյացման վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ տարվա ընթացքում Ամանորյա և Զատիկի տոներին ընդառաջ ձվի պահանջարկը էականորեն ավելանում է, ուստի հանձնաժողովը ուժեղացնում է վերահսկողությունը, որպեսզի թույլ չտրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ, ինչը կարող է վնաս պատճառել մի կողմից սպառողների, իսկ մյուս կողմից՝  բարեխիղճ տնտեսվարողների շահերին»,- գրված է ՏՄՊՊՀ հայտարարության մեջ:

Հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ սեզոնայնությամբ պայմանավորված,  ինչպես նաև պահանջարկի նվազմանը զուգահեռ, ամառվա ամիսներին այս ապրանքատեսակի գները նվազում են, իսկ հետագա ամիսներին՝ վերադառնում նախկին մակարդակներին:

Քանի որ սովորաբար տոնական օրերին ընդառաջ մտահոգություններ են հնչում ձվի շուկայի դեֆիցիտի վերաբերյալ, հանձնաժողովը հայտնում է, որ իր մոտ առկա տվյալները, ինչպես նաև տնտեսվարողներից ստացված ցուցանիշները փաստում են, որ ընկերությունները ունեն բավարար պաշարներ ձվի պահանջարկը բավարարելու համար: Բացի այդ, մի շարք ընկերություններ կարճաժամկետ պահանջարկի ավելացումը բավարարելու համար անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաև ներմուծումներ, ինչը հնարավորություն է տալիս նաև խուսափել խնդիրներից:

Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ ձվի մանրածախ գները հիմնականում կայուն են, իսկ որոշ տեսակների գծով գնային նվազեցումներ կան: Մասնավորապես, եթե 2018 թվականի հունվարին մանրածախ գները կազմել են 60-65 դրամ, ապա ներկայումս այն կազմում է շուրջ 50 դրամ: Ինչ վերաբերում է 2017 թվականի հետ համեմատությանը, ապա նախորդ տարվա մարտ-ապրիլ ամսիներին ձվի մանրածախ վաճառքի գները կազմել են 60-70 դրամ՝ ներկայիս 50 դրամի փոխարեն

Անդրադառնալով շուկայում խոշոր ընկերությունների գործունեությանը՝ հանձնաժողովը նշում է, որ ըստ վերջին տվյալների՝ շուկայում գործում են շուրջ 20 տեղական արտադրողներ և ներմուծողներ: Այդ ընկերություններից խոշորներն են «Լուսակերտի թռչնաֆաբրիկա», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնի թռչնաֆաբրիկա» ընկերությունները:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts