Հոկտեմբերի 17, 2019

Հիվանդությունները կանխարգելելն ավելի ձեռնտու է, քան հետագա բուժման վրա ավելի շատ ծախսեր կատարելը

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Երբ տարիներ առաջ առողջապահության ոլորտի առաջնահերթություն հռչակվեց բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովմանն ուղղված քաղաքականությունը,  շատերը չէին հավատում, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր է բարձրացնել  ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերը, և որ կարող են արդարացվել այդ նպատակով արվող ծախսերը: Այսօր էլ դեռևս ոլորտում կարգավորման ենթակա տարբեր խնդիրներ կան, սակայն արդեն իսկ հնչող արձագանքները փարատում են, թերևս, անգամ թերահավատների կասկածները:

Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի 50-ամյա հոբելյանի շրջանակում պոլիկլինիկայի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր  Արմինե Հարությունյանի հետ զրույցն առնչվում է առաջնային բուժօգնության օղակի հիմնախնդիրներին և ոլորտի զարգացման հեռանկարներին.

Արմինե Հարությունյան

Բժշկի մասնագիտությունը սիրել է դեռևս մանկուց: Դրանում մեծ է պապի՝ Գարուշ  Հարությունյանի ներդրումը,  որը Աբովյանի շրջանում հայտնի վնասվածքաբան էր և մատների շոշափումով՝ առանց ռենտգենի, կարողանում էր կոտրվածքի ճիշտ տեղը որոշել և կարճ ժամանակահատվածում  լիովին ապաքինել հիվանդներին: Հետագայում, երբ դպրոցն ավարտելիս ծնողները ցանկանում էին, որ իրենց դուստրն անպայման տնտեսագետի մասնագիտությունն ընտրի,  մարդկանց բուժելու կարևոր գործը նրա համար շատ ավելի առարկայական ու կարևոր դարձավ: Նրան չվախեցրին և չմտափոխեցին անգամ ամենատարբեր կոտրվածքների սարսափազդու պատկերները: Այդպես ընդունվեց բժշկական համալսարան, որն ավարտել է գերազանցությամբ (եղել է Լ. Օրբելու անվան կրթաթոշակառու). երրորդ կուրսից աշխատել է Էրեբունի բժշկական, ապա Բեգլարյան բժշկական կենտրոնում: Այստեղ տեղափոխվելն էլ ճակատագրական եղավ. հանդիպեց ապագա ամուսնուն, իսկ տարիներ անց դարձավ կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ: Ինքնուրույն վիրահատել սկսել է  մագիստրատուրայում սովորելու առաջին իսկ տարում.

— Մեկ ուրիշ մասնագիտությամբ ինձ չեմ էլ կարող պատկերացնել: Մանկաբարձությունն արարչագործություն է, գործ ունես երկու էակի՝ մոր և երեխայի հետ, և յուրաքանչյուր ծնունդ հուզական ապրում է, նոր ուժ, ոգևորություն: Շատ էներգիա է տանում, բայց և ոգեշնչում, լիցքավորում է: Առհասարակ, բուժօգնության դիմողը որոշակի անհանգստություն, ինչու չէ, նաև մտավախություն և, դրանով պայմանավորված, ընկճվածություն ունի, թե ինչպես կավարտվի բժշկական միջամտությունը, և բժշկի խոսքը, վերաբերմունքը շատ կարևոր է բարեհաջող ելքի համար: Սա շատ նուրբ հոգեբանական պահ է, և բժիշկը նաև այդ անհանգստացած հոգին է բուժում: Մանկան ճիչը, մայրացած կամ առողջական խնդիրներ ունեցող կնոջ երախտագետ հայացքը փոխադարձաբար լցնում են է նաև քո հոգին:

Բարեհաջող ելքի համար հասարակության իրազեկվածությունն էլ շատ կարևոր է, մինչդեռ մեզանում ժամանակին բժշկին դիմելը դեռևս արմատացած ավանդույթ չէ:

— Միաժամանակ աշխատելով օպերատիվ գինեկոլոգիայի ոլորտում, ես հաճախ եմ հանդիպում հիվանդների, ովքեր դիմում են, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, դանակը հասել է ոսկորին, դիմում են այնպիսի բարդացած դեպքերով, որ միայն անհապաղ վիրահատությունն է օգնում: Ահա թե ինչու առավել քան կարևորվում է առողջության առաջնային օղակի զարգացումը: Եվ ղեկավարելով թիվ 8 պոլիկլինիկան, ինձ համար, որպես առաջնահերթություն, կարևոր է այդ բացը լրացնելը, ժամանակին բժշկին դիմելու ավանդույթը ներդնելը: Մենք սպասարկում ենք 47 հազար բնակչի՝ 39 հազար մեծահասակ և 8 հազար մանկահասակ,   հնարավոր ամեն ինչ անում ենք բնակչության առողջության պահպանման՝ հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու, կանխարգելելու համար: Պոլիկլինիկա դիմում են հիվանդներ, հաշմանդամության տարբեր կարգ ունեցողներ, դիսպանսեր հաշվառման մեջ գտնվողներ, որոնց հիմնականում ապահովում ենք դեղորայքով, հետևում հիվանդության դինամիկային: Եթե անգամ հիվանդն ինչ-ինչ պատճառներով չի հաճախում, ապա նրան պատրոնաժի միջոցով հրավիրում և ժամանակին հետազոտում ենք: Պետությունը կարևորում է  առողջ հասարակություն, առողջ սերունդ ունենալը և այն կարևոր հանգամանքը, որ հիվանդությունները կանխարգելելն ավելի ձեռնտու է, քան հետո բուժման վրա ավելի շատ ծախսեր կատարելը: Սոցիալական փաթեթի ներդրումն առավել արդյունավետ դարձրեց այդ գործընթացը: Եվ այդ հարցում մեզ օգնում են մեր երկրում առողջապահության քաղաքականության իրականացման պատասխանատու օղակները՝ քաղաքապետարանը և առողջապահության նախարարությունը: Առողջապահական ծրագրերի շրջանակում համագործակցում ենք նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:

— Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհում կատարվող վիրահատությունների 50 տոկոսից ավելին կարելի է  և չանել: Այս առումով, թերևս, առողջության առաջնային օղակի դերը շատ է կարևորվում:

— Այդ ցուցանիշն իմ կարծիքով վիճելի է: Բայց նաև անժխտելի է ժամանակին ճիշտ ախտորոշման և հետևողական բուժման անհրաժեշտությունը: Իսկ դրա համար պետք է բարձրակարգ ընտանեկան բժիշկներ ունենալ և այնպիսի մոտեցում ցուցաբերել, որ և՛ շտապօգնության բեռը որոշակիորեն թեթևանա, և՛ խրոնիկ ու դիսպանսեր հիվանդները ժամանակին հետազոտվեն և բուժվեն: Ինչպես արդեն նշեցինք, շատ կարևոր է նաև բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, համապատասխան տեղեկատվական թերթիկների պատրաստումը: Այդ դեպքում միայն մենք կարող ենք ունենալ բարդություններից խուսափելու մեծ հնարավորություն: Տեսեք, առողջապահության նախարարությունը համապետական առողջապահական որևէ ակցիա իրականացնելիս հեռուստատեսությամբ, անգամ հեռախոսային հաղորդագրությամբ տեղեկացնում է այդ մասին, և դրա շոշափելի արդյունքները մենք զգում ենք:

— Ի՞նչպիսի  ցուցանիշներով դիմավորեցիք պոլիկլինիկայի հոբելյանական տարեդարձը:

— Թիվ 8 պոլիկլինիկան հիմնադրվել է 1967 թվականին: Դեկտեմբերին հանդիսավորությամբ նշեցինք հիմնադրման 50-ամյակը: Ես պոլիկլինիկայի չորրորդ տնօրենն եմ, նախորդ բոլոր ղեկավարները  երկարամյա արդյունավետ աշխատանքային փորձով ղեկավարներ են եղել, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել բուժհաստատության կայացման գործում: Նախորդների փորձի վրա և վերջին տարիներին իրականացված հիմնովին վերանորոգման և կահավորման շնորհիվ կարողացել ենք պոլիկլինիկան դարձել է միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժհաստատություն՝ վերազինված նորագույն տեխնիկայով, ստացիոնար բուժհիմնարկներին հավասար պայմաններով: Մեր բոլոր մասնագետները վերապատրաստված են, իսկ դա շատ կարևոր հանգամանք է բժշկի հանդեպ վստահություն ձևավորելու հարցում: Հիշում եմ, այստեղ իմ աշխատանքի առաջին տարիներին գանգատներ կային թղթաբանության, կաբինետից-կաբինետ ավելորդ քաշքշուկի հետ կապված: Դրան ավելացրած՝  ժողովրդի մոտ բժիշկների հանդեպ ձևավորված թերահավատությունը: Հենց այդ հավատը պետք էր վերականգնել, իսկ վստահել կարելի մասնագիտական բարձր որակներով բժշկին, հանգամանքը որը մեզ մոտ շատ է կարևորում: Աշխատել ենք առավելագույնը կրճատել այդ վազվզուկը, կարողացել ենք հասնել նրան, որ բնակչության մոտ արմատավորված այն մոտեցումը, թե պոլիկլինիկան բժշկական այս կամ այն թուղթը վերցնելու, աշխատանքի չգնալն օրինականացնելու համար է: Այսօր մեզ դիմում են առողջական  խնդիրների վերաբերյալ ամբողջական խորհրդատվություն ստանալու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու, հետազոտվելու, համապատասխան բուժում ստանալու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատական միջամտության նախապատրաստվելու հարցերով:

— Ի՞նչ պայմաններ կարող եք առանձնացնել, որոնք բնորոշում են  ձեր ղեկավարած բուժհաստատությունը որպես այդպիսին:  

— Կարծում եմ բոլոր առաջնակարգ բուժհաստատությունների համար ամենագլխավորը նորագույն տեխնիկայով հագեցվածությունն ու որակյալ կադրերն են: Այդ երկու կարևոր գործոնները մեզ մոտ ապահովված են: Առողջ սերունդ ունենալու հիմքը կանանց կոնսուլտացիայի, առողջ հղիության ճիշտ կազմակերպումն է, որը մեզանում բավականին լավ հիմքերի վրա է դրված: Կոնսուլտացիայի փորձառու վարիչը՝ Էֆրոսյա Նահապետյանն իր դպրոցի շնորհիվ իր շուրջն է համախմբել հանրապետությունում ճանաչված առաջնակարգ մասնագետներ, որոնք արդյունավետորեն բուժում են չբերությամբ տառապող բազմաթիվ կանանց: Հպարտությամբ կարող ենք նշել, որ այդ առումով մեծ արդյունքների ենք հասել և մեծ համբավ ունենք: Գործում է հղիների մայրական դպրոցը, որի շրջանակներում կազմակերպվող դասընթացների շնորհիվ մայրիկներին նախապատրաստում ենք ծննդաբերության, երեխայի խնամքին:

— Իսկ ի՞նչ դժվարություններ ունենք:

— Դժվարություններից խուսափել, բնականաբար, հնարավոր չէ, դժվարություններ միշտ էլ կլինեն: Այդ մասին բարձրաձայնել չեմ սիրում: Համարում եմ, որ դրանք հաղթահարելի են՝ համախմբված աշխատանքի շնորհիվ:

 

 

Ռուզան Պեպանյան

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts