Հրապարակվել է: Thu, Oct 27th, 2016

Մարդու դատավորն իր ներսում է, ոչ թե՝ դրսում

Կիսվել
Թեգեր

22956 Նօրաթերթ.am-ի վերջին հարցազրույցը  Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, Մանկավարժահոգեբանական ակադեմիայի իսկական անդամ, դատական փորձագետ, հոգեբան Էլդա Գրինի հետ

 

-Այսօր ամեն քայլափոխում մարդը ենթարկվում է սթրեսի, ինչն էլ էականորեն ազդում է մարդկային փոխհարաբերությունների վրա, շեղում դրանց բնականոն ընթացքը: Դուք ինչպե՞ս կբնութագրեք 21- րդ դարը:

-Բանն այն է, որ մարդուն հատուկ է պլանավորել իր կյանքը, նա պետք է իմանա, թե վաղն ինչ է անելու: Կան ազգեր, որոնք կազմում են տասնյակ տարիների համար նախատեսվող ծրագրեր, ինչպես ասում են՝ երկարաժամկետ ծրագրեր, կան այնպիսիք, ովքեր ծրագրում են կարճ ժամանակի համար: Ամեն դեպքում նրանք, ովքեր ծրագրում են իրենց կյանքը, մեծամասամբ շահում են: Ինչ վերաբերում է դարին, այն իրոք կարելի է համարել սթրեսի դար:

-Սակայն սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող ազգերը կարո՞ղ են երկարաժամկետ ծրագրեր ունենալ, կոնկրետ մենք՝ հայերս:

-1988 թվականի երկրաշարժից հետո աշխարհի բոլոր կողմերից հազարավոր հոգեբաններ եկան Հայաստան: Մինչ այդ, մեզ մոտ հոգեբանությունը որպես գիտություն զարգացած էր հիմնականում տեսականորեն, բայց գործնականում այն գրեթե չէր կիրառվում: Իսկ երկրաշարժից հետո հոգեբանն ամենապահանջված մասնագետն էր, ուստի օտարերկրյա մասնագետներն այդ առումով մեծ օգնություն ցուցաբերեցին երկրաշարժի գոտու աղետյալ ժողովրդին: Նրանք օգնում էին մարդկանց ձերբազատվել սթրեսներից, վախերից, ի դեպ, նրանք աշխատում էին նաև հայ հոգեբանների հետ: Օտարերկրյա հոգեբանները սովորեցրին նաև, թե հետագա տարիների համար ծրագրեր կազմելը որքան դյուրին է դարձնում կյանքը: Եվ իրոք, հեռատես մարդն ավելին է շահում: Մարդը պետք է հավատա, որ կհասնի նպատակին, եթե ճիշտ ծրագրի իր կյանքը, նա պետք է հույս ու հավատ ունենա իր ուժերի հանդեպ, ունենա այն գիտակցությունը, որ ճիշտ վարվելու դեպքում կհասնի այն ամենին, ինչին ձգտում է: Նպատակը գրավչական ուժ և լույս է, որը ակտիվացնում է մարդու ֆիզիկական և մտավոր գործունեությունն ու կարողությունները: Այս դարն աչքի է ընկնում նրանով, որ հատկապես Հայաստանում կարծես թե հույսը, հավատը ,եթե լրիվ չի ոչնչացել, ապա կտրուկ նվազել է, մարդն այնքան է կորցրել հույսը վաղվա օրվա հանդեպ, որ նույնիսկ չգիտի, թե ինչ է իրեն սպասվում վաղը, մյուս օրը:Իսկ դա լավ չէ:

-Դրա համար ասում են, որ եթե օրը բարեհաջող ավարտվեց, էլի լավ է:

-Այո, սիրում ենք այսպես ասել: Հոգեբանական, սոցիալական, սոցիալ-հոգեբանական հետազոտությունների արդյունքում հոգեբանները եկել են այն համոզման, որ տղամարդու համար շատ կարևոր է, որ նա ունենա այդ հույսն ու հավատը:Եթե նա չունի նպատակ, եթե նրա համար չկա այն ասպարեզը, որտեղ կդրսևորվի իր բանականության և ֆիզիկական կարողությունների պաշարը, նա հուսահատվում է ու նրա վարքը դառնում է անկառավարելի: Իսկ կինն ավելի տոկուն է, ավելի կայուն, քանի որ նրա մոտ գենետիկորեն կա ընտանքիը պահպանելու խնդիրը: Նա պահպանում է ընտանեկան օջախը: Իմ գործընկերնեից մեկը տղամարդուն անվանել է պայքարող հետախույզ, իսկ կնոջը՝ ոսկե մառաններ, այսինքն կինն ամեն ինչը պահում պահպանում է ՝օջախը, ընտանիքը, երեխաներին: Իսկ չէ որ տղամարդուն վերապահված է կյանքը վերափոխելու առաքելությունը, ուստի զարմանալի չէ, որ հեղափախություններ հրահրողները եղել են տղամարդիկ: Մինչդեռ այսօր նրանք մի տեսակ հուսահատված են, ուժասպառ վիճակում են, քանի որ ոչ մի հեռանկար չունեն, քանի որ լիովին չեն կարող լուծել ընտանիքի սոցիալական խնդիրները: Այսօր դերերը փոխվել են, այսօր կանայք են ակտիվացել:Տղամարդիկ զրկվելով աշխատանքից ընտրում են արտագաղթի ճամփան, հիմնականում մեկնում են Ռուսաստան, և ընկնելով այլ միջավայր արդեն կորցնում են պարտականության զգացումն իրենց ընտանիքների նկատմամբ, շատ անգամ այնտեղ ստեղծելով նոր ընտանիքներ, այն դեպքում, երբ միայնակ մնացած կանայք լուռումունջ իրենց ուսերին տանում են ընտանիքի ողջ պատասխանատվությունը:Փոխվել է նաև տղամարդու և կնոջ հոգեբանությունն ու էությունը, կինն այսօր տղամարդու համեմատ ավելի լայն մտածողություն ունի, տղամարդը դարձել է նվնվան, նրան այլևս խորթ չէ դեպրեսիվ վիճակը, արդյունքում կորցնում է սեփական կամքը ղեկավարող խիղճը: Ժամանակին Սոկրատեսն ասել է՝ հույսդ մի դիր աստվածների վրա, մի ապավինիր նրանց, այլ ականջալուր եղիր խղճիդ ձայնին: Մարդու դատավորն իր ներսում է, ոչ թե՝ դրսում:

-Արդյո՞ք հավատի և հույսի բացակայությունն ամբողջովին չեն խաթարում մարդու հոգեբանությունը, ինչի արդյունքում կորչում են դաստիարակության պտուղները, մի տեսակ ստացվում է սոդոմ-գոմոր: Փոխվել են հարաբերությունները միմյանց, հարազատների հետ: 

-Այո, այդ ամենն այդպես է, դա հին ճշմարտություն է: Տեսեք, երբ երեխան մեծանում և ձևավորվում է որպես անձ, նրա մոտ առաջին հերթին ակտիվանում է ընդօրինակումը, հիմա ու՞մ ընդօրինակի: Խորհրդային տարիներին, հիշում եմ, օրինակ, ոստիկանի հանդեպ հարգանքը փորձում էին ձևավորել հիանալի մուլտերի, ֆիլմերի միջոցով հարգանք էր ձևավորվում նրա հանդեպ, կամ ասենք աշխատանքի ու հայրենական պատերազմի հերոսների հանդեպ, հիմա ու՞մ ընդօրինակես, նրան, ով զազրելի կենսագրությամբ կամ վարքագծով դարձել է մեծահարու՞ստ: Իմ իրավաբանական պրակտիկայում պատահել է այնպես, որ մի անգամ քննիչի հետ պետք է հանդիպեի մի երկտասարդի, ով կատարած սպանության համար չէր զղջում: Մինչդեռ նա ընդամնեը 21 տարեկան էր և հայտարարում էր, որ ուրախ է բերդում հայտնվելու համար, որ բերդից դուրս կգա վաստակած «գողականի հեղինակությամբ»: Փաստորեն նա չէր զղջում կատարածի համար, սա արդեն նոնսենս է:

-Որտեղ փնտրել մեղավորին՝ պետական կառույցներու՞մ, ընտանիքում, դպրոցու՞մ, թե՞ փողոցում:

-Ես կասեի՝ ամենուր: Ամենամեծ մեղավորը հեռուսատատեսությունն է, ցուցադրվող սերիալները, որտեղ գովազդվում են ընտանեկան ոչ մաքուր ու հանցավոր աշխարհի բարքերը:Երեխաները հաճախ ականատես են լինում տհաճ ու անբարո տեսարանների, ահավոր սխալների: Սահմանը չպետք է անցնել, դրա համար էլ կյանքը դառնում է սոդոմ-գոմոր: Տեսեք, թե ուր ենք հասել, եթե լավ մասնագետը, ինժեները դառնում է վարորդ, նա փառք է տալիս Աստծուն, որ այդ օրը մի կտոր հաց վաստակեց ընտանիքի համար: Սա է ամբողջ ողբերգությունը, սա է սթրեսի բուն պատճառը: Ի դեպ, այսօր <սթրես> բառը ծանոթ է ոչ միայն գիտնականին, պաշտոնյային կամ ուսանողին, այլև վաճառողին ու հողի աշխատավորին: Մեր ժողովուրդը սթրես է ապրում ու թվում է, թե կարողանում է հաղթահարել այն, սակայն դա այդպես չէ: Բերեմ մի օրինակ, փեսաս հոյակապ թավջութակահար է, եղել է ականավոր երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչի աշակերտը: Վերջերս ինձ ասաց, որ ուզում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ գրել: Հարցնում եմ՝ ինչի մասին, ասում է.«Ես հիմա գտնվում եմ աղքատության շեմից ցածր: Ոչինչ չեմ ուզում, միայն ուզում եմ աղքատ լինել, այլ ոչ թե համարվեմ աղքատության շեմից ցած»:Եվ այսպիսիք հազարավորներ են: Այ, սա է ողբերգությունը:

 

Անուշ Ներսիսյան

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ