Մայիսի 27, 2019

Մարտական փառապանծ ուղի՝  փառապանծ 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի կազմում

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Արդեն 13 տարի է հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, Հայրենական մեծ պատերազմի վետերան, գնդապետ Բաբկեն Ավետյանի ընտանիքը տոնում է առանց իրեն. Հավաքվում են, այցելում նրա շիրիմին, հիշում անցած ուղին, արժևորում ապրած կյանքը…

Ճակատագիրն Ավետյանի համար կյանքի դժվարին, փորձություններով լի, բայց և միաժամանակ փառապանծ ուղի էր նախատեսել: Դպրոցն ավարտելուց հետո ընդամենը մի քանի ժամ վայելելով հասուն քաղաքացի դառնալու ուրախությունը, հենց հասունության վկայականն ստանալու օրը՝ 1941 թվականի հունիսի 23-ին, նա տեղեկանում է, որ Գերմանիան հարձակվել է ԽՍՀՄ վրա:  Իսկ մի որոշ ժամանակ անց զորակոչվում է բանակ: Նախնական ռազմական պատրաստությունն իր վեց համագյուղացիների հետ, որպես միջնակարգ կրթություն ստացած, անցնում է Երևանում՝ նոր կազմավորվող  89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 476 առանձին կապի գումարտակում: Ավետյանը սովորում է  դիվիզիայի հրամանատարական դպրոցում, որտեղ պատրաստում էին կրտսեր հրամանատարական կազմը: Դասընթացից  հետո նշանակվում է 2-րդ գծային դասակի 2-րդ ջոկատի հրամանատար. կրտսեր սերժանտ էր: Ավետյանի ջոկատում 6 հոգին էին: Ինտենսիվ մարտական պատրաստությունից հետո շուտով 89-րդ դիվիզիան մեկնում է ռազմաճակատ: Երևանի երկաթուղային կայարանում բազմաթիվ հրաժեշտ տվողների և բարի վերադարձ մաղթողների մեջ ոչ ոք չկար նրան ճանապարհող. հայրը մահացել էր շատ շուտ, երբ նա ընդամենը վեց ամսական էր: Դեռ ավելին, որպես դաշնակցականի ընտանիք, տարիներ շարունակ անբարյացկամ վերաբերմունքի էին արժանացել ու հալածյալի կարգավիճակում եղել: Ժամանակի ընթացքում թեև խունացած, բայց և տղամարդու համար բավականին գեղեցիկ ձեռագրով գրված իր «Հուշեր Հայրենական պատերազմից. 1941-1945թթ.» նոթատետրում Ավետյանն այդ օրն իր կյանքի ծանր ու տխուր օրերից մեկն էր համարում: Կյանքում թերևս որևէ մեկի չփորձեր իր տխրությունների մասին պատմել, բայց թղթին հանձնում էր: Իսկ իրականում կյանքով լեցուն և լավատես անձնավորություն լինելով էլ հաղթահարել է բոլոր դժվարությունները:

Կարդում ես հուշատետրը և զարմանում սիրով ու գորովանքով փայփայվող հուշերից, ինչպիսի սիրով է գրում կապի գումարտակի հրամանատար մայոր Միսակ Սարգսյանի և գումարտակի կոմիսար կապիտան Բագրատ Հարությունյանի մասին. հոգատար, զինվորի կյանքով ապրող ոգևորող, ինչպես հոգատար ծնող: Նույնպիսի ջերմությամբ և անուն առ անուն է հիշում իր մարտական ուղու բոլոր բնակավայրերի այն մարդկանց, որոնք իրենց սիրով ընդունում էին, հոգ տանում և առավոտյան ճանապարհում մարտի: Եվ հազարավոր կիլոմետրեր ձգվող  մարտական ուղու հիմնական հանգույցներով կապի ջոկատն իր հրամանատարությամբ հեռախոսագիծ է անցկացրել՝ զինվորական տարբեր միավորումների միջև այնքան կարևոր կապն ապահովելու համար:  Եկատերինովկա բնակավայրի հեռախոսագիծ անցկացնելը բավականին մեծ դժվարությունների հետ էր կապված. կարճ  ուղին անցնում էր ճահճի միջով, իսկ չոր տարածքով շատ երկար և աշխատատար կստացվեր: Սակայն կապն օդ ու ջրի պես անհրաժեշտ էր: «Տեղի բնակիչներն ինձ ասացին, որ այդ ճահճով դեռ ոչ ոք չի անցել, վտանգավոր է և ռիսկային: Ես առաջարկեցի ձիով անցնել, և շարքային Շահսուվարյանին հետ յուրաքանչյուրս մեկական հեռախոսային կոճ վերցրած՝ ձիով մտանք ճահճի մեջ: Ողջ գյուղը ափին աղոթում էր մեզ համար: Երեկոյան արդեն մյուս ափին էինք», -գրում է Ավետյանը՝ հավելելով հաջորդ հանգրվանի՝ Մալյովկա գյուղի մասին, որտեղ ոչ մ ի տղամարդ չէր մնացել, և իրենք մարտերից բացի կարողացան նաև օգնել բերքահավաքին:

Հուշատետրը լի է դժվարին և հաճախ անելանելի թվացող իրավիճակներից հնարամտությամբ, երբեմն էլ ճակատագրի կամոք ողջ և առողջ դուրս գալու զավեշտալի պատմությունների նկարագրություններով: Այդպիսի մի պատմություն է իր մարտական ընկերներին իր իսկ ահարկու տեսքով սարսափեցնելը, երբ կողքի վաշտից գիշերով վերադառնալիս ընկել էր թշնամու հրաձգության տակ և մերթ թաքնվելով մազութի հորի մեջ, մերթ՝ ձյան փոսի մեջ ընկնելով, բառացիորեն սատանայական տեսքով մտել էր զորամաս: Հետո դեռ երկար զվարճանում էին՝ այդ տեսարանը հիշելով:

1943-ի օգոստոսին դիվիզիան մտնում է 18-րդ  բանակի կազմի մեջ և խնդիր է ստանում շարժվել Կրասնոդարից Նովոռոսիյսկի ուղղությամբ և մասնակցել Նովոռոսիյսկ-Թաման օպերացիային,  որը ճակատագրական մարտ էր Կովկասի համար:  Հպարտ էր, որ  89-րդ դիվիզիայի լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանի ղեկավարությամբ մասնակցել է Թաման քաղաքի ազատագրմանը: Ուշագրավ է Թամանի համար մղված մարտերի նկարագրությունը, որի անունն էլ հետագայում ստացավ դիվիզիան:  Այն սկսվեց 1943-ի սեպտեմբերի 10-ի գիշերը. «Մենք դիրքավորվել էինք քաղաքի մատույցներում, թշնամին ավելի բարենպաստ դիրք ուներ և զգալի կորուստներ էր պատճառում: Մարտեր թեժ էին, իրադրությունը՝ լարված, և այդ պայմաններում իմ ջոկատին հրաման է տրվում կապով ապահովել մեր դիվիզիայի ձախ թևում տեղակայված 318-րդ դիվիզիայի շտաբը, որպեսզի կոորդինացվեր այդ երկու դիվիզիաների մարտական գործողությունները: Շտաբը քաղաքից ոչ հեռու ցեմենտի գործարանի մոտակայքում էր, և ահեղ կրակի, ցեմենտի ու փոշու մեջ կորած, երբ  երկինք ու երկիր խառնվել էին, մենք կարողացանք հասնել այնտեղ և կապն ապահովել: Մեր պլացդարմը հայտնի Մալայա Զեմլյան էր: Թշնամին իր ողջ օդային ուժը գործի էր դրել, սակայն մերոնք ծովայինների երկու գումարտակ դեսանտ իջեցրին, որոնցից մեկը գլխավորում էր մեր հայորդի Բուլբուլյանը: Ուշագրավ է, որ Բուլբուլյանը, որը լսելով թշնամու գաղտնի հաղորդումը, իմանում է նրանց ռմբակոծիչների ժամանման և անգամ նախատեսվող ռմբակոծության վայրի ու ժամի մասին: Նա հետ է կանչում իր ուժերին, և թշնամին անիմաստ ռմբակոծում է դատարկ տարածքը: Հետո երբ համարում է, որ գրավել է, հարձակվում են մեր ուժերը և չթողնելով հաստատվել, ճեղքում են թշնամու դիրքերը և խուճապ առաջացնում վերջինիս շարքերում: Այդպես մեր ուժերն առաջ շարժվելով՝ մեկը մյուսի հետևից ազատում են բնակավայրերը՝ ուղղություն վերցնելով դեպի Թամանի թերակղզին»: Եվ այս ամենն իր ջոկատի ապահոված անխափան կապի շնորհիվ:

Հիշում է, թե ինչպես է այդ դժոխային օրերին անգամ անխուսափելի մահից փրկվել, երբ 318-րդ գնդից վերջապես արդեն պետք է միանար իր դիվիզիային: Իր զորամասին միանում է Թամանից 500 մ հեռավորության վրա: Հոկտեմբերի 1-ին մտնում են Թաման քաղաքը, լիովին ազատագրում այն թշնամուց, իսկ հոկտեմբերի 9-ին արդեն Գերագույն գլխավոր հրամանատարությունը 89-րդ դիվիզիային շնորհում է Թամանյան անունը:

Հաջորդ առաջադրանքը Կերչի ազատագրումն էր, որը ևս հերոսական էջով է լրացնում և դիվիզիայի փառապանծ տարեգրությունը, և իր հերոսական կենսագրությունը: Թամանի ազատագրման համար արժանացել է «Արիության համար» մեդալի: Դա նրա առաջին կառավարական պարգևն էր: «Արիության համար» երկրորդ մեդալն ստացել է Կերչ քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար: Իսկ ահա Սևաստոպոլի մարտերի ընթացքում կապն անխափան ապահովելու համար պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով: «Կարմիր աստղ» երկրորդ շքանշանն ստացել է Լեհաստանի հողում՝ Սանդոմիրի պլացդարմում ընդհատված կապն անձնազոհ կերպով վերականգնելու համար: Վարշավայի ազատագրման մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով: Օդեր գետի ափի պլացդարմը գրավելու,  ընդհատված կապը վերականգնելու և դրանով ռազմական գործողություններն ապահովելու համար, որից հետո հնարավոր եղավ Ֆրանկֆուրտ քաղաքի գրավումը, նա պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով: Այսպես 89-րդ Թամանյան դիվիզիայի կազմում հաղթական ուղով հասնում է Բեռլին, և ապա նույն հաղթական կազմով 1946թ. օգոստոսին վերադառնում Երևան:

Պատերազմից հետո էլ նա իր գործունեությունը շարունակում է բանակում: 1949թ. Բաբկեն Ավետյանին շնորհվում է լեյտենանտի սպայական կոչում:  Դիվիզիայի կազմալուծումից հետո՝ 1956թ., նշանակվում է 7-րդ գվարդիական բանակի կապի գնդի սերժանտական դպրոցի պետի տեղակալ, ապա նույն դպրոցի պետ: Նույն թվականին ավարտում է խորհրդային բանակի քաղկազմի լվովյան դասընթացները, ապա  Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ծառայությունը շարունակելով տարբեր զորամասերում: Զորացրվում է 1962 թվականին, որից հետո աշխատում է ՀԽՍՀ կապի մինիստրության նյութատեխնիկական վարչությունում՝ որպես պետ, ապա հայկական հեռուստատեսությունում:

Անցնելով վաստակած հանգստի՝ նա ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում  հայկական բանակի զորամասերում, հանրապետության դպրոցներում, հանդիպումների ժամանակ  երիտասարդ սերնդին փոխանցելով իր մարտական փորձը:

Բաբկեն Ավետյանը 89-րդ Թամանյան դիվիզիայի վետերանների խորհրդի անդամ է եղել: Հասարակական ակտիվ աշխատանք ծավալելու համար մի շարք թամանցիների հետ պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի պատվոգրով: Ընդհանուր առմամբ պարգևատրվել է մարտական վեց շքանշանով և շուրջ երկու տասնյակ մեդալով:

Ռուզան Պեպանյան

 

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts