Հուլիսի 18, 2018

«Ուզում եմ, որ խաղաղություն լինի, ու լճկաձորցին ապրի բարեկեցիկ կյանքով»

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Մարդն ապրում է երազանքով, լինի այն մեծ, թե փոքր: Մեկը երազում է հարուստ լինել, մյուսը՝ դառնալ լավ մասնագետ, մեկ ուրիշը երազում է պաշտոնի ու դիրքի, մեկն էլ՝ մի փոքրիկ անկյուն ունենալու մասին: Երազանքները տարբեր են մարդկանց նման, որոնք այնպես բնորոշում են նրանց:

Տավուշի մարզի սահմանամերձ Լճկաձոր համայնքում ապրող 12-ամյա Տարոն Առաքելյանն իր հասակակիցների նման երազում է խաղաղության մասին:

Նրանք ծնվել ու մեծացել են հակառակորդի կրակոցների տակ, որոնց արձագանքը, սակայն իրենց գյուղի համար այնքան հուժկու չէին: Երբեմն ընկերներով ցանկանում են լինել զինվորների կողքին, բայց ո՞վ կթողնի, դեռ շուտ է:

Այսօր, աշակերտական նստարանից պետք է պատրաստվել զինվոր դառնալ: Տարոնը սովորում է գյուղի հիմնական դպրոցի 7-րդ դասարանում: Մասնակցել է <Մեղու> մայրենի լեզվի մրցույթին և երկու անգամ հաղթող է ճանաչվել:

Հաճախում է դհոլի խմբակի պարապմունքերին , հենց այնպես՝ հաճույքի համար, թեև շատ ու շատ տղաների նման նախընտրում է ծրագրավորողի մասնագիտությունը: Գյուղի մասին սիրով է խոսում:

Լճկաձորի բնությունը գեղեցիկ է ամռանը, իսկ աշնանը՝ առավել ևս: Ճիշտ է, գյուղը բազում խնդիրներ ունի, շատերն արտագաղթել են աշխատատեղերի բացակայության պատճառով, փողոցներն անբարեկարգ են, ասֆալտապատ է միայն դպրոց տանող ճանապարհը, մանկապարտեզ չկա, դպրոցը չունի քիմիայի լաբորատորիա, ֆիզկուլտուրայի դահլիճ, գրադարանը փոքր է…

Հարցնում եմ, իսկ ի՞նչ կանեիր գյուղի համար, եթե համայնքի ղեկավար լինեիր.

— Այնպես կանեի, որ գյուղը բարգավաճեր, առաջին հերթին ճանապարհները կասֆալտապատեի, կբարեկարգեի, դպրոցն ավելի լավը կդարձնեի, թեև այն նոր է:

Հետո աշխատատեղեր կստեղծեի, մրգերի վերամշակման գործարան կկառուցեի, գյուղի դիմաց մեղվանոց ունենք, կողքը ֆուտբոլի դաշտ, այն մի քիչ կընդլայնեի:

Թեև փոքր եմ, բայց նկատում եմ, որ գյուղից շատերն են հեռանում, դա լավ չի, գյուղը դատարկվում է, այն այդպես չի զարգանա:

Ես այնպես կանեմ, որ մարդիկ չհեռանան գյուղից, հայրենիքից,- ասում է Տարոնն ու հավելում, որ մեծ գործեր անելու համար հարկավոր է լավ կրթություն, լայն մտահորիզոն ու շատ ընկերներ ունենալ:

Այս բոլորը սոսկ բառեր չեն:

Տարոնը մտադրված է շարունակել կրթությունը Երևանում, որտեղ իր ընտրած մասնագիտության համար հնարավորությունները մեծ են :

«Որ սովորեմ, ավարտեմ, հետո կվերադառնամ գյուղ»,-ասում է Տարոնը: Ուզում եմ հավատալ, որ Տարոնն իր խոսքի տերը կլինի, որ կվերադառնա հայրենի գյուղ, այն շենացնելու վճռականությամբ, ու այնպես կբարեկարգի գյուղը, որ այնտեղ ապրելը կդառնա յուրաքանչյուր լճկաձորցու հպարտությունը, որտեղ կվերադառնան համայնքից հեռացած բնակիչները, որպեսզի գիշերային Լճկաձորում էլ երբեք անլույս օջախ չլինի:

 

                                                                                                                                                                       Անուշ Ներսիսյան

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts