Հրապարակվել է: Mon, Jan 9th, 2017

Ռուզաննա Մուրադյան.Մաղթում եմ բոլորին հույս՝ որը երբեք չերերա, լույս՝ որը երբեք չմարի, սեր՝ որը երբեք չվերջանա

Կիսվել
Թեգեր

11960 Նօրաթերթ․am-ի հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը:

-Ձեր ելույթներից մեկում անդրադարձել եք Ջոհարիի՝ <Պատուհանի մոդել>-ին, ըստ որի ինքնաճանաչման նպատակով նա մարդուն նմանեցնում է 4 փեղկանի պատուհանի: 1-ին փեղկը բաց, տեսանելի վիճակն է, որով մարդը ներկայանում է այնպիսին, ինչպիսին կա: 2-րդը՝ կույր փեղկն է՝ ուրիշների համար բաց, իր համար՝ փակ, 3-րդը՝ թաքնված մարդն է՝ իր համար բաց, մյուսների համար փակ, 4-րդը՝ անծանոթ, չբացահայտված մարդն է՝ փակ և անհասանելի իր և մյուսների համար: Թվարկածներից ո՞ր տեսակն է Ձեզ բնորոշ:

-Իմ տեսակը ավելի շատ կնմանեցնեմ պատուհանի բաց փեղկին: Շփումների մեջ գերադասում եմ լինել բաց և անկեղծ, այդ մասին կարող են վկայել նաև ինձ ճանաչողները: Իհարկե, հասարակական-քաղաքական պաշտոն զբաղեցնելը և տարբեր հասարակական ոլորտներում ակտիվ մասնակցություն ունենալը պատասխանատու գործ է, սակայն ամեն ինչ կարելի է հաղթահարել և պատվով կատարել, երբ հավատում ես քո ուժերին: Երբ զբաղեցնում ես քաղաքական պաշտոն, ավելի շատ է հասարակության ուշադրությունը կենտրոնացված քեզ վրա, և մեծ է պատասխանատվությունը ժողովրդի առաջ, որը և քեզ պարտավորեցնում է անել աշխատանքդ քո ունեցած հնարավորությունների առավելագույնի չափով: Որպես քաղաքական և հասարակական գործիչ իմ գործունեությունը միշտ բաց է եղել հանրության համար: Պետք է բաց լինել հասարակության համար, որ հնարավորություն տաս ճանաչել քեզ: Հենց այդ նպատակով իմ անձնական բլոգում փորձել եմ ստեղծել մի հարթակ, որը հաշվետվության յուրահատուկ ձևաչափ է իրենից ներկայացնում, և տեսանելի է դարձնում իմ քաղաքական, հասարակական գործունեությունը:

Իմ բլոգի հասցեն է՝ http://muradyanruzanna.blogspot.am:

-Դուք որպես ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ինչպե՞ս եք գնահատում նշված ոլորտների ներկա վիճակը:

-Գլոբալ առումով մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում, և այդ համատեքստում կրթությունն անընդհատ բարեփոխումների կարիք ունի։ Այս գործընթացը ոչ միայն Հայաստանում է, այլև արդիական է բոլոր երկրներում։ Աշխարհի մարտահրավերներով պայմանավորված, տարբեր ոլորտներում ցնցումներ անընդմեջ լինում են, որոնք կանխելու, մեղմելու, շրջանցելու համար գնահատվում և հաշվարկվում են ռիսկերը։ Կարծում եմ, մեր կրթության և գիտության նախարարությունը ևս ունի մատնանշված հնարավոր ռիսկերը և զարգացման ուղղությունները, ինչի հիման վրա էլ կառուցում է իր քաղաքականությունը։

Սրա հետ մեկտեղ, պետք է հիշեցնեմ վարչապետի խոսքը կրթության մասին, որում նա կարևորեց հեռահար դասընթացների վարումը։ Կարծում եմ, որ սա պետք է առանցքային ուղղություն դառնա մեր կրթության զարգացման պետական ծրագրում։ Այսօր տարբեր մարզերում, հեռավոր գյուղերում չունենք պատշաճ քանակի մասնագետներ բոլոր առարկաների գծով։ Հեռահար դասավանդումը կարող է լրացնել այդ բացը։

Շատ կարևոր է, որ այսուհետ ուշադրություն է դարձվելու ձեռնարկատիրական կրթությանը, ինչը կնպաստի երեխաների, ինչու ոչ, նաև մանկավարժների ստեղծագործական մտածողության ձևավորմանը։ Այդպիսով մենք կնպաստենք, որ նոր սերունդը մեծանա ոչ միայն սպառողի, այլև ստեղծողի, ստեղծածը իրացնողի և դրանից ստացված եկամուտը նոր ստեղծարար մտքի մեջ ներդնողի մտածողությամբ։

Այս գործընթացը եվրոպական առաջատար կրթական ծրագրերում ընդգրկված է։ Սա կրթության ոլորտում մեր կառավարության նոր ծրագրերից է։

Ասեմ, որ այս տարի ոլորտի զարգացման հարցում պետության ուշադրության կենտրոնում է նաև միջին մասնագիտական կրթությունը ։ Սա շատ կարևոր մոտեցում է, ինչը հեռանկարում կնպաստի տնտեսության զարգացմանը, քանի որ գիտելիքահեն տնտեսությունը կարևոր օղակներից մեկն է։ Կրթությունն այն կարևոր ոլորտն է, որտեղ հնարավորինս քիչ պետք է լինեն ցնցումները։ Դրա հետ մեկտեղ, մենք չենք կարող սկսած բարեփոխումները ձախողել՝ խոսքը մեր երեխաների, մեր երկրի ապագայի մասին է։

-Հանրության շրջանում առկա է իր և երկրի ապագայի հանդեպ անվստահությունն ու անորոշությունը: Իշխանությունն այն վերականգնելու համար ի՞նչ քայլեր պետք է անի:

-Այս փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ դեռևս լուծված չեն նախորդ մարտահրավերները, անհրաժեշտ է ամեն ինչի մեջ ոչ թե խնդիրներ, այլ նաև լուծումներ և ձեռքբերումներ տեսնել: Դա հնարավորություն կտա աշխատանքն առավել արդյունավետ դարձնել: Իշխանությունը պատրաստակամ է բոլորին տալ հավասար հնարավորություն մասնակցելու երկրի կառավամանը, դրա մասին են վկայում վերջերս կատարված օրենսդրական փոփոխությունները, որով յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է ունենալ իր մասնակցությունը երկրի կառավարման գործում: Իսկ այս տարիների ձեռքբերումներից են Սահմանադրության փոփոխությունները, ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության փոխհամաձայնությունը:

-Ըստ Ձեզ, հայ կնոջ կերպարն ու հոգեբանությունը վերջին 25 տարում որքանո՞վ է փոխվել:

-Եթե գանք մեր պատմության խորքերից, ապա կտեսնենք, որ տարբեր դարաշրջաններում կանայք կարևոր դերակատարում են ունեցել մեր երկրի կայացմանն ու զարգացմանն ուղղված տարբեր գործընթացներում: Կնոջ դերը թե՛ ընտանիքում և թե՛ հասարակության մեջ միշտ էլ բացառիկ ու յուրօրինակ է եղել: Յուրաքանչյուր հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտ և ժամանակաշրջան մշակում է իրեն բնորոշ քաղաքական մշակույթ, որի փոփոխության ժամանակ տեղի է ունենում բոլոր արժեքների, նորմերի և դրույթների, մարդկանց աշխարհաճանաչման ողջ համակարգի վերանայում: Այսօր Հայաստանում կնոջ դերը հասարակական-քաղաքական ոլորտում ընկալվում է այլ կերպ: Իսկ դա արտահայտվում է նրանով, որ հասարակական-սոցիալական կյանքում բավական մեծ նշանակություն ունի կինը` իր անհատականությամբ, հմայքով, մայրական քնքշանքով և կանացի հատուկ բնավորությամբ, նպատակասլացությամբ:

Երիտասարդ աղջիկներն ու կանայք այսօր ավելի լիարժեք են դրսևորում իրենց մտավոր ներուժը, կրթության ու անձնական ուժեղ որակների շնորհիվ կյանքի գրեթե բոլոր ոլորտներում հասնում մեծ հաջողությունների:

-Քաղաքականությամբ և հանրային գործունեությամբ զբաղվող կինը, այնուհադերձ ամուր հենարանի կարիք ունի: Ո՞րն է Ձեզ համար այդ հենարանը:

-Ամենամեծ հենարանն իմ ընտանիքն է, ով ամեն հարցում ինձ օգնում և աջակցում է: Զբաղվածությանս պատճառով շատ ժամանակ չեմ կարողանում անցկացնել երեխաներիս, թոռնիկներիս հետ, բայց փոքր հնարավորության դեպքում իսկ փորձում եմ լրացնել այդ բացը: Շնորհակալ եմ ընտանիքիս անդամներին, ովքեր ըմբռնումով են մոտենում և միշտ աջակցում ինձ:

-Ի՞նչ եք մաղթում հայ կնոջը, և առհասարակ, հայ ժողովրդին 2017 թվականին:

-Ինչպես ասել է Խրիմյան Հայրիկը՝ ժողովուրդը եթե լուսավորվում է` իր լույսն ընտանեկան ճրագից է առնում: Հայ կինը այդ ճրագը պահողն է: Մաղթում եմ բոլորին հույս՝ որը երբեք չերերա, լույս՝ որը երբեք չմարի, սեր՝ որը երբեք չվերջանա

Անուշ Ներսիսյան

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ