«Նարեկացի» արվեստի միությունը մայրաքաղաքի յուրօրինակ մշակութային օջախներից է, որ իր այցելուների համար մշտապես հիշարժան հանդիպումներ է կազմակերպում, հետաքրքիր և բազմաբնույթ միջոցառումներ:
Օրեր առաջ այստեղ դարձյալ տիրում էր սիրո, ներդաշնակության և համերաշխության մթնոլորտ. այստեղ բացվել էր նկարչուհի Աղավնի Հարությունյանի «Հարմոնիա ընդդեմ քաոսի» խորագիրը կրող անհատական առաջին ցուցահանդեսը: Նկարչուհու աշխատանքները հիրավի տարածում էին սեր, հարմոնիա և համերաշխություն: Դիտելով նրա նկարները՝ հավատում ես, որ արվեստի գործերը կարող են արարել, դրական միջավայր ստեղծել քո շուրջ:
Աղավնի Հարությունյանն ավարտել է ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: Նա աշխատում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում՝ որպես առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու է:
Ուսումնառության, հետագայում նաև աշխատելու տարիներին խորհրդավոր և առեղծվածային Արևելքն իր պատմությամբ և մշակույթով , կրոնով ու փիլիսոփայությամբ , ազգագրությամբ, համաշխարհային քաղաքակրթության զզարգացմանը բերած իր նպաստով գրավեց Աղավնուն: Իսկ ստեղծագործելու, ներսում կուտակածը գույների լեզվով ներկայացնելու շարժառիթ դարձավ 2016 թվականի քառօրյա պատերազմը: Ցուցահանդեսի նպատակը, ինչպես նկարչուհին է ասում, արվեստասեր հանրությանը ներկայանալն է, ստեղծագործական մտորումներն ու ապրումները այցելուի հետ կիսելը, ներկայացված գործերի վերաբերյալ մարդկանց, հատկապես պրոֆեսիոնալ նկարիչների, արվեստագետների կարծիքները, խորհուրդները, առաջարկներն ու դիտողությունները լսելը:
Աղավնի Հարությունյանին միայն Արևելքը չէ, որ հետաքրքրում է: Տարբեր երկրներում տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ անձնական շփումները թույլ են տվել նրան տեսնել, արժևորել ազգայինն ու համամարդկայինը , այն հարաբերությունները, որոնք կարևոր են համաշխարհային քաոսը կարգավորելու, ներդաշնակություն հաստատելու համար: Նրա գործերում հաճախ է հայտնվում տիեզերական համաչափության և ներդաշնակության հնագույն խորհրդանիշը՝ Կյանքի ծաղիկը:
Աղավնի Հարությունյանի համոզմամբ Կյանքի ծաղիկը կարելի է գտնել գրեթե բոլոր քաղաքակրթություններում ու կրոններում, այն պատկերված է Եգիպտոսի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի երկրների, Հայաստանի տաճարներում և այլուր: Այս խորհրդանիշը օգնում է նկարչուհուն մարդկանց փոխանցելու իր գլխավոր ուղերձը մարդկային հարաբերություններում, ազգերի միջև տիեզերական համաչափությանը և ներդաշնակությանը համապատասխան ներդաշնակություն և համերաշխություն հաստատելու մասին:
-Կարծում եմ մարդկության համար նման ուղեգիրք կարող է ծառայել Գրիգոր Նարեկացու «Մատյանը», որը մարդու գոյաբանության միասնությունն ու հակադրությունը ներդաշնակող արժեքային համակարգ է` մարդասիրության, բարոյականության, հանդուրժողականության, համագործակցության և ոգեղենականության սկզբունքներով: Եվս մի շատ կարևոր բան, պարզապես պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր մարդու գործողությունից ու վարքագծից է կախված մեր մոլորակի վրա թևածող քաոսը հարմոնիայի վերածելու գործը,-ասում է Աղավնի Հարությունյանը:
Նկարչուհու՝ Արևելքի մշակույթի շեշտադրումներով աշխատանքներում առկա են նաև հայկական զարդանախշեր, որոնք նա վերցրել է Գեղարդի քանդակներից, Էրեբունի ամրոցի որմնանկարներից , Մատենադարանում պահվող ձեռագրերից:
Անուշ Ներսիսյան
Հղումը՝ «Եթեր» շաբաթաթերթ