Հրապարակվել է: Sat, Apr 8th, 2017

Սիրո և առողջության սերմնացանը

Կիսվել
Թեգեր

IMG_2665ՀՀ վաստակավոր բժիշկ, «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» ՓԲԸ կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու  Անժելա Թամազյանը մասնագետի համար բարձր կոչման տանող երկարամյա ուղին անցել է թեև ոչ միշտ հարթ, բայց արժանապատվորեն, զուգահեռաբար ամբողջացնելով այն ևս մեկ բարձր արժեքով. դա ընտանիքն է, որը սիրո և փոխըմբռնման ամուր հենքով 1968-ին կազմավորել են երջանկահիշատակ Համլետ Թամազյանի հետ: Հետադարձ հայացքն անցած ուղուն, հոգեհարազատ վերապրումների լուսավոր շղթան, այսօր, թերևս մթագնվում է միայն սիրելի ամուսնու, հրաշալի մարդու կորստյան գիտակցումով: Բազմաթիվ կանանց առողջություն և մայրության բերկրանք պարգևած տիկին Անժելայի հետ զրույցը մասնագիտական հարցերի շուրջ ծավալվելով, մայրության ու գեղեցկության և իր իսկ ծննդյան տոնի առթիվ ամբողջացավ ընտանիքի, արվեստի թեմաներով: Զրուցակիցս նաև նկարում է, 100-ից ավելի աշխատանքների հեղինակ է, 2001 թվականին կազմակերպվել է նրա աշխատանքերի անհատական ցուցահանդեսը: Դրան տանող ճանապարհն էլ ուշագրավ է:

«Մի անգամ վաղ արթնանալով՝ ասել եմ, թե որքան սիրուն է մեր պատուհանից երևում Մասիսը, և որ եթե վրձին լիներ ձեռքիս, կնկարեի, թեև մինչ այդ երբևէ չէի նկարել: Որոշ ժամանակ անց Լուսինեն` դուստրս, Նոր տարվա նվեր ընտրելիս հիշել էր այդ մասին և նկարակալ գնել: Ամանորյա թոհուբոհին մոռացել էի դրա մասին, մի կողմ էի դրել: Ու մի օր ձեռքս ընկավ. առաջին անգամ հենց կոշիկի տուփի կափարիչի վրա փորձեցի, ինձ դուր եկավ բնապատկերը. այն էր, ինչ զգում ու ցանկանում էի պատկերել: Հետո փորձեցի կտավի վրա և հենց սկզբից էլ` յուղաներկով: Ինձ համար ամենակարևորը Համլետի առաջին արձագանքն ու գնահատականն էր, որոշ մտավախությամբ նրան ցույց տվեցի, իսկ նա զարմացած` հավանություն տվեց: Սկզբում համարում էի, թե չի ուզում ինձ թևաթափ անել, բայց երբ մասնագետները դրվատանքով խոսեցին և որոշ կարևոր խորհուրդներ տվեցին, վստահություն ձեռք բերեցի»,-պատմում է Անժելա Թամազյանը:

ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը փարատում էր նրա մտահոգությունը նկարչական կրթություն չունենալու առումով և վստահեցնում, որ մասնագիտական կաղապարներից ազատ նրա երևակայությունը  բնատուր շնորհքի հետ միասին կարող է ցանկալի արդյունք տալ: Զուլումը մատնանշում է ինքնուս նկարչի՝ կտավին հանձնված ինքնաբուխ, անկեղծ հույզերը, որոնք որևէ մեկին որևէ բան ապացուցելու նպատակ չունեն: Անժելա Թամազյանի գործերի մասին  դրվատանքով են արտահայտվել նաև Իսաբեկյանը, Իգիթյանը: Եվ նրան անակնկալի են բերել ցուցահանդես կազմակերպելով: Այդպես ներկապնակը դարձավ նրա կյանքի անբաժան մասը:

Անժելա Թամազյանը երկար տարիներ զբաղվում է կանանց անպտղության հիմնախնդրով: Նրա կտավներից մեկը՝ «Սպասում»-ը, ցորենի արտի համապատկերում հղի կնոջ կերպարով, յուրաքանչյուր նոր ծնվող մարդու հետ վերարտադրվող կյանքի սպասումն է, և միաժամանակ արտահայտում է տատիկ դառնալու սպասումները վերապարած մասնագետ-բժշկի հույզերը:

«Կանանց անպտղությունը բժշկա-կենսաբանական հիմնախնդիր է, որը, անցումային շրջանով պայմանավորված, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների համատեքստում ձեռք է բերել սոցիալական նշանակություն, քանի որ այն ազդում է ծնելիության և բնակչության բնական աճի ցուցանիշների վրա. անպտղության 15 տոկոս ցուցանիշն արդեն իսկ կարելի է ժողովրդագրական հիմնախնդրի մասին ահազանգ համարել»,-ասում Անժելա Թամազյանը, մատնանշելով դրան նպաստող գործոնները՝ սոցիալական դժվարին պայմանները, ռազմական հակամարտության,  պատերազմական իրավիճակների վերսկսման սպառնալիքի առկայությունը, աշխատունակ բնակչության արտահոսքը, շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը: Բազմաթիվ այս գործոնների ազդեցությունը հանգեցնում է  հորմոնային խանգարումների, որոնք ԱՀԿ տվյալներով կանանց անպտղության պատճառների շարքում 35-40 տոկոսն են կազմում: Լեռնային կլիմայով առանձնացող մեր հանրապետության համար այս առումով լուրջ վտանգ են ներկայացնում յոդի պակասի հետևանքով վահանաձև գեղձի (զոբի) հիվանդացության աճով պայմանվորված անպտղության դեպքերը:

Կանանց հիվանդությունների  տարածվածության ընդհանուր պատկերի վերաբերյալ տիկին Անժելայի գնահատականները ևս մտահոգիչ են. «Առավել տարածված են սեռավարակները, վերջին շրջանում հատկապես դրանց տեսականին է շատացել, ինչն էլ առաջ է բերում տարբեր ախտաբանական վիճակներ: Այնուհետև հաջորդում են անպտղությունը` ընդ որում զույգերի, երբ, ասենք, միմյանց համադրման կարիք կա: Հաճախակի են դարձել ինքնուրույն վիժումները, երբ որևէ հիվանդության առկայության պատճառով, ասենք` վիրուսային ինֆեկցիաների, կինը չի կարողանում պահպանել հղիությունը:  Շատացել են էնդոկրին պաթոլոգիաները (հորմոնային խանգարումները). դրանք սթրեսներն են,  մթնոլորտային տարբեր փոփոխությունները, էկոլոգիան, ճառագայթումը, լեռնային կլիման… այս ամենը հանգեցնում է անպտղության, վիժումների: Վերջապես կարելի է նշել կիստաները, միոմաները, բարորակ տարբեր գոյացություններ, որոնք արդեն ենթական են վիրահատության»:

Ուրախալի է, որ զգալիորեն նվազել է արհեստական վիժումների թիվը, սա խոսում է այն մասին, որ հիմնախնդրին գրագետ վերաբերմունք է ցուցաբերվում, կանայք օգտվում են անցանկալի հղիությունից պաշտպանվելու առավել գրագետ միջոցներից:

«Առհասարակ ցանկացած երկրի համար առաջնային են առողջ ընտանիքի` որպես հասարակության սկզբնական օղակի, կազմավորման հիմնահարցերը: Դա նաև առողջ սերունդ, երկրի ապագա լիարժեք քաղաքացիներ և, դրանով հանդերձ` առողջ հասարակություն ունենալու գրավականն է: Այդ առումով մեր առողջապահական համակարգը ծննդօգնությունը պետական հոգածության առաջնահերթություն է հռչակել, և կարելի է ասել արդեն իսկ նկատելի են դրական արդյունքները, փոխվել է բնակչության կենսամակարդակը, գրագետ է մոտեցումը առողջությանը վերաբերող հարցերին, սակայն սոցիալական դժվարությունների համապատկերում վիճակը դեռևս մխիթարական չէ, բժշկական բազմաթիվ ծառայությունները դեռևս հասանելի չեն բնակչության լայն շերտերին: Հուսով եմ, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված  պետական ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները բազում կնճռոտ հարցերի պատասխանը կարող են տալ»,-շարունակում է զրուցակիցս:

Տարիներ առաջ կանխարգելման միջոցների ներդրման անհրաժեշտության և արդյունավետության մեջ համոզվելու և այդ գործընթացի անմիջական մասնակիցը լինելու հնարավորություն Անժելա Թամազյանն ունեցել է հենց Ալժիրում, որտեղ, որպես երիտասարդ մասնագետներ, 1978-ին գործուղղվել է ամուսնու՝ Համլետ Թամազյանի հետ: «Դժվար էր, առողջապահությունը շատ ցածր մակարդակի վրա էր, բնակչության կենսամակարդակը շատ ցածր էր, դիմում էին բժշկին միայն ծայրահեղ ծանր վիճակում, ծննդաբերությունները հիմնականում տանն էին արվում, հիվանդանոց բերում էին միայն պաթոլոգիկ վիճակներով, երբ կեսարյան հատում իրականացնելու անհրաժեշտություն էր առաջանում: Առհասարակ բժշկին դիմելու ավանդույթ գոյություն չուներ, ստիպված էինք մեծ ջանք թափել կանխարգելիչ ստուգումներն ու բուժումները որպես մշակույթ ներդնելու ուղղությամբ: Աշխատանքը շատ էր, մասնագետները` քիչ, աշխատում էինք գիշեր ցերեկ, մեծ պատասխանատվությամբ,- հիշում է տիկին Թամազյանը:- Մյուս կողմից էլ վիրաբուժական մեծ փորձ ձեռք բերեցինք, Համլետը որպես ընդհանուր վիրաբույժ, ես` որպես մանկաբարձ-գինեկոլոգ»:

Ալժիրում աշխատած տարիների հետ կապված ուշագրավ դեպքը նրանց համերաշխ, սիրով ու գեղեցիկ հիշողուղություններվ լեցուն համատեղ կյանքի պերճախոս վկան է. «Մի քանի տարի առաջ, երբ Ֆրանսիայում էինք Համլետի բուժման նպատակով, կոշիկս վերանորոգման էինք տարել մոտակա կոշկակարի մոտ, որն ալժիրցի երիտասարդ էր. հետաքրքրվելով, պարզեցինք, որ նա ծնվել է հենց այն տարիներին և այն նույն քաղաքում, որտեղ մենք աշխատել ենք`Սուք-Ահրազում: Համլետն ինձ  մատնացույց անելով, ոգևորված և կատակով լոռեցիավարի ասաց, թե իր «տատմերն» եմ, ապա բացատրեց, թե ծնունդն ապահովող բժիշկը: Հետաքրքրվեցինք` գործո՞ւմ է, արդյոք, հիվանդանոցը: Երիտասարդը պատմեց, որ ըստ իրենց մեծերի` մի բժիշկ իր կնոջ ծննդյան 32-ամյակի առթիվ հիվանդանոցը բժիշկների տանը միացնող տարածքում 32 եղևնի է տնկել և անունն էլ դրել «Ալեյա Անգելա»՝ Հրեշտակների ծառուղի: Այդ բժիշկն, ի դեպ Համլետն էր, դա իր նախաձեռնությունն էր, որը, փաստորեն, մինչ օրս պահպանվում է: Տեսնել էր պետք, թե ինչպես էր հուզվել Համլետը, լսելով այդ մասին»:

Ապրիլի 8-ը Անժելա Թամազյանի ծննդյան օրն է: Նրա և Համլետ Թամազյանի մեծ սիրո և նվիրվածության առհավատչյան իրենց զավակներն են՝ որդին՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ նախագահ Արթուր Թամազյանը կնոջ՝ նույն ինստիտուտի գլխավոր բժիշկ Ռուֆինա Հովակիմյանի հետ, դուստրը՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և Վլ. Ավագյանի անվան բուժկենտրոնի աչքի էքսիմեր-լազերային բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը և նրա ամուսինը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Երևանի «ՏՈՍՊ» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին, և թոռները՝ Դավիթը, էդգարը, Ռիման, Համլետը և Ալենը, որոնք շնորհավորում են իրենց սիրելի մայրիկին և տատիկին, մաղթում նրան երկար տարիների կյանք և բեղմնավոր գործունեություն:

   «Նօրաթերթ»-ի խմբագրությունը սիրով միանում է բարեմաղթանքներին, ցանկանում, որ  բազմապատկվի այն սերն ու նվիրումը, որպիսին տիկին Անժելան իր գործունեությամբ փորձում է սերմանել իր շրջապատում:

IMG_0930IMG_2709IMG_2848IMG_0893IMG_2801

 

Ռուզան Պեպանյան

 

Նօրաթերթ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ