Տավուշի մարզի Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը վրդովված է, քանի որ ԴԱՀԿ-ն կալանքի տակ է առել ոչ միայն համայնքի գույքը, այլև անշարժ ու շարժական գույքը:
Համայնքի ղեկավարին անակնկալի է բերել ամիսներ առաջ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից ստացած գրությունը: Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը Նօրաթերթ.am-ի հետ զրույցում նախ իր դժգոհությունը հայտնեց այն մասին, թե ինչպես կարող էր նախկին գյուղապետ Շահեն Շահինյանը առանց ավագանու իմացության, միանձնյա որոշում կայացներ և պետական գույքի կառավարման վարչության հետ 2014 թվականին կնքեր պայմանագիր, որով պարտավորվում էր <Գանձաքար> կինոթատրոնի շենքը վերանորոգելուն և որպես մշակութային օջախ ծառայեցնելու նպատակով կատարել 173 մլն դրամի ներդրումներ:Համայնքի ղեկավարը մինչև օրս չի կարողանում հասկանալ, թե նախկին գյուղապետը որտեղից է վերցրել այդ 173մլն դրամը, եթե կինոթատրոնի շենքի կառուցման համար չեն կատարվել նախագծանախահաշվային աշխատանքներ: Եթե այսպես շարունակվի համայնքը կգնա սնանկացման, քանի որ գործը մտել է դատարան:
Համայնքի ղեկավարը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել, որպեսզի արգելանքից հանվի համայնքի գույքը և կառավարության համապատասխան որոշումն էլ չեղարկվի:
e-draft.am-ից էլ տեղեկանում ենք, որ գնորդի և պետական գույքի կառավարման վարչության միջև 17.02.2014թ. կնքված թիվ 871-Ու պայմանագրով և 15.09.2015թ. կնքված համաձայնագրով ամրագրվել են վերոնշյալ ներդրումային պարտավորությունները:
Վարչություն է մուտքագրվել ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի ղեկավարի 23.12.2016թ. գրությունը և ՀՀ վարչապետին ուղղված 13.12.2016թ. գրությունը, որոնցով վերջինս խնդրել է համայնքի կողմից <Գանձաքար> կինոթատրոնի գույքի գնման կինոթատրոնի շենքի վերանորոգման համար նախատեսված ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականը՝ մասնավորապես նշելով, որ համայնքը կարևորում է երիտասարդության համար կարևոր մշակութային օջախի կարևորությունը, շահագրգռված է <Գանձաքար> կինոթատրոնի շենքը վերանորոգելուն և որպես մշակութային օջախ ծառայեցնելուն, որի հետ կապված կատարվել են նախագծանախահաշվային աշխատանքներ /շենքի վերակառուցման և վերոնորոգման ծախսն, առանց ԱԱՀ-ի, կազմում է 98 677 199 դրամ/, սակայն համայնքի ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով ներկայումս պարտավորված պարտավորությունները կատարել չի կարող և խնդրել է հնարավորինս աջակցել համայնքին:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը համապատասխան գրություն է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ ներկայացնելով խնդրի լուծման 2 մոտեցումներ և խնդրել է տալ համապատասխան հանձնարարական: ՀՀ վարչապետի 10.02.2017թ. թիվ 02/23.11/2694-17 հանձնարարկանով հանձնարարվել է սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Ելնելով վերոգրյալիս Վարչությունը նախապատրաստել է <ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N942-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ /որով նախատեսվում է ներդրումների կատարման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականը/ և այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Նախագծով առաջարկվում է որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի
<գույքը որպես մշակութային կենտրոն վերակառուցելու նպատակով 3 տարվա ընթացքում՝ սկսած 2016 թվականից, կատարել 173 մլն դրամի ներդրումներ, ընդ որում՝
ա. առաջին տարում՝ 113 մլն դրամ,
բ. երկրորդ տարում՝ 40 մլն դրամ,
գ. երրորդ տարում՝ 20 մլն դրամ.> բառերը փոխարինել
< գույքը որպես մշակութային կենտրոն վերակառուցելու նպատակով մինչև 2020 թվականը կատարել 173 մլն դրամի ներդրումներ, ընդ որում՝
ա. 2017 թվականին՝ 9 մլն դրամ,
բ. 2018 թվականին՝ 86 մլն դրամ,
գ. 2019 թվականին՝ 78 մլն դրամ.> բառերով:
Անահիտ Վարդանյան