Ատագաղթն ու արտագնա աշխատանքը Հայաստանի քաղաքացու մոտ խրոնիկ բնույթ է կրում: Արտագաղթի տրամադրվածությունը փոխելու, իր քաղաքացիների համար բարենպաստ և արժանապատիվ աշխատանքային միջավայր ստեղծելու պետության ջանքերն առկա են: Դրանցից է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագիրը / EU4IMPACT Armenia / :
Միգրացիայի առումով թիրախային են համարվում Հայաստանի գրեթե բոլոր մարզերը, որտեղ կան ծրագրի շահառուներ: Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին նոր բիզնեսների ստեղծման և արդեն գոյություն ունեցող բիզնեսների զարգացման գործում: Այդ նպատակով EU4IMPACT Armenia-ի կողմից տրամադրվում է մինչև 10000 եվրո/ չորս միլիոն դրամ/ և նույն չափի ներդրում շահառուի կողմից/ 50+50 սկզբունքով: Ծրագիրը մեկնարկել է 2020-ի սեպտեմբերից: Մասնակցության հայտ ներկայացրած 300 դիմորդներից ավելի քան 250-ը մասնակցել է «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնեսի կառավարման առցանց դասընթացին և ավելի քան 200 դիմորդ կազմել է բիզնես ծրագիր և ներկայացրել մրցութային հանձնաժողովին: Լավագույն ճանաչված 80 բիզնես ծրագրերի հեղինակները ստացել են դրամաշնորհներ:
Թե ի՞ նչ արդյունքներ են գրանցել այս ընթացքում Շիրակի և Լոռու մարզերի դրամաշնորհներ ստացած շահառուները, լրագրողական խումբը որոշեց պարզել տեղում:
<Միշտ սիրել եմ գործ ունենալ փայտի հետ>
Շիրակի մարզի Սարալանջ համայնքի բնակիչ Խաչատուր Սուվարյանից արտագնա աշխատանքը խլել է 20 տարի: Հիմնականում որպես շինարար աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում, կառուցել է եկեղեցիներ, տարբեր շինություններ, լավ աշխատանքի համար արժանացել պարգևների և խրախուսանքների: Հավանաբար Խաչատուրը կշարունակեր աշխատել դրսում, ընտանիքից հեռու, եթե չլինեին թոռնիկների կարոտն և համացանցից չտեղեկանար հայրենիքում արտագնա աշխատողներին առաջարկվող բիզնես ծրագրի մասին:
-Ամեն մարդ պետք է զբաղվի իր սիրած գործով, իսկ ես միշտ սիրել եմ գործ ունենալ փայտի հետ, Ռուսաստանում նույնպես աշխատել եմ փայտի հետ, կառուցել եմ տանիքներ, աստիճաններ, փայտից զանազան իրեր: Փոքրուց սիրել եմ այդ գործը, ու եթե չլիներ այս ծրագիրը, ես որոշել էի ստեղծել փայտի արտադրամաս, զբաղվել փայտագործությամբ: Ու հիմա բիզնես աջակցության շնորհիվ կարող եմ իրականացնել երազանքս: Նախատեսել եմ կառուցել մանկական մահճակալներ, ճոճանակներ, սեղա-աթոռներ, կառուցել խաղահրապարակներ,-ասում է Խաչատուրը:
Արդեն մեկ ամիս է, ինչ Խաչատուրն աշխատում է EU4IMPACT Armenia ծրագրով հատկացված փայտի խարատային հաստոցով՝ իր բնորոշմամբ՝չարխով, որով էլ թոռնիկների համար մահճակալներ է պատրաստում: Նրա խոսքով 4-5 ամիս հետո փայտե արտադրամասը պատրաստ կլինի:
Խաչատուրի կարծիքով աշխատող ու ստեղծող մարդու համար իր հայրենիքն ամենահուսալի վայրն է, ու եթե նման բիզնես ծրագրի աջակցությամբ մարդիկ համոզվեն, որ կարող են եկամուտ ստանալ, կմնան ու կաշխատեն հայրենիքում:
Խաչատուր Սուվարյանը սակայն չի շրջանցում մի կարևոր հանգամանք, այն, որ իր ընտանիքի բարեկեցության համար ջանքեր գործադրելուն, ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծման գործում մեծ է եղել իր կնոջ գործոնը, ով իր փխրուն ուսերին տասնամյակներ շարունակ կրել է տնային տնտեսությունը միայնակ վարելու դժվարությունը, երեխաների խնամքն ու դաստիարակությունը, մի բան, որ այնքան բնորոշ է արտագնա աշխատանքի մեկնող տղամարդու կնոջը:
<Ֆրանսիական ցեղատեսակի ոչխարները լավն են, սակայն պետք է ամեն գնով պահպանել հայկական տեսակը>
Ոչխարաբուծությամբ հայտնի Շիրակի մարզում անասունների գլխաքանակի նվազումը առիթ հանդիսացավ, որպեսզի 2022 թվականին Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան բնակավայրում բացվի «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն: ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ բացված կենտրոնը ստացել է մաքրացեղ կենդանիներ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ սարքավորումներն արհեստական սերմնավորման, կենդանիների բուծման, բազմացման:Այստեղ կիրականացվեն նաև ախտորոշիչ և անասնաբուժական ծառայություններ:
Երկու տարի առաջ Ֆրանսիայից Հայաստան ներկրել էր բլանշ և նուառ դու վելայ տոհմային սպիտակ ու սև ցեղատեսակի մսատու ոչխարներ, ինչը «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոնի տնօրեն, EU4IMPACT Armenia-ի շահառու, մասնագիտությամբ անասնաբույժ Վարդան Պապոյանի համար առիթ հանդիսացավ ձեռք բերել 23 գլուխ մաքի, 4 գլուխ բլանշ ցեղատեսակի խոյ և 3 գլուխ նուառ դու վելայ ցեղատեսակի ոչխար և նույն ցեղատեսակի 2 խոյ:
— Այս ցեղատեսակի ոչխարների առավելությունն այն է, որ դրանց արտադրողականությունը կազմում է 1,8 %, այսինքն 108 ոչխարից կստանանք 180 գլուխ գառ, ծնում են հիմնականում զույգեր և եռյակներ: Կենտրոնի լաբորատորիայում տեղական ոչխարների վրա կատավրում է լապարասկոպիկ եղանակով արհեստական սերմանվորում: Իմ նպատակն է այսկերպ բարելավել տեղական ոչխարների գենետիկ հատկանիշներն ու բարձրացնել մսի որակը: Ի տարբերություն տեղական ոչխարների բլանշ ցեղատեսակի ոչխարն առանց դմակի է, իսկ միսը՝ դիետիկ: Ունենք խառնածին գառներ, 180 գլուխ ոչխարից ծնվել է 160 գառ —ասում է Վարդան Պապոյանը:
Կենտրոնի տնօրենի մտահոգությունը հայկական Արագած ցեղատեսակի ոչխարի պահպանումն է, որը ոչ գրագետ բազմացման պատճառով ոչնչացման շեմին է: Վարդան Պապոյանը մտադիր է արհեստական բեղմանվորման միջոցով ստանալ հայկական ցեղատեսակի 250 գլուխ ոչխար:
Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ ներկրած ոչխարները կերի խնդիր չունեն, քանի որ հիանալի հարմարվել են տեղի բնակլիմայական պայմաններին, ամռանը սնվում են արոտավայրի խոտով՝ առվույտով, իսկ ձմռանը եգիպտացորենի սիլոսով, գարիով:
Կենտրոնի վերամշակման բաժնում սպանդանոցից բերված ոչխարի միսը տեսակավորվում, փաթթավորվում է և <Fresh ship> ապրանքանիշով առաքվում սուպերմարկետներ:
<Իմ բիզնեսը հաջողակ է այնքանով, որ փորձ ունենք>
EU4IMPACT Armenia-ի բազմաբովանդակ ծրագրի շրջանակներում հանրապետության երկրորդ մայրաքաղաք Գյումրու կենտրոնում իր ընտանեկան բիզնեսն է վարում 2005 թվականից սննդի ոլորտում մասնագիտացած 35-ամյա գործարար Սարգիս Ասեսյանը: 2016 թվականից Ռուսաստանի Դաշնության Ռոստովի շրջանում ունեցել է սննդի օբյեկտ, սակայն տեղեկանալով Հայաստանում «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնեսի կառավարման առցանց դասընթացին և մասնակցելով դրան, 2022-ին վերադառնում է հայրենի քաղաք: Նույն թվականին EU4IMPACT Armenia ծրագրի կողմից նրան տրամադրվում է 4 միլիոն դրամի խոհանոցային տեխնիկա՝ վառարաններ, սառնարաններ, սեղաններ, մսաղաց, իսկ իր կողմից ներդրած 5 միլիոն դրամով Սարգիսը բացում է <Պիկարնիա 1> սննդի կենտրոնը և կնոջ հետ սկսում զարգացնել ընտանեկան բիզնեսը:
-Իմ բիզնեսն արդարացված է այնքանով, որ փորձ ունենք, և աշխատում ենք քաղաքի կենտրոնում: Այստեղ լավ է, պարզապես արենդան է թանկ, առևտրից գոհ եմ, հիմնականում ես ու կինս ենք աշխատում: Մեզ մոտ արագ և առողջ սնունդը երաշխավորված է: Պատրաստում ենք խաչապուրի, սենդվիչ, վրացական խոհանոցից էլի մի որոշ տեսականի: Կամակերպվում է նաև առաքում,-ասում է Սարգիսն ու հավելում,- Սակայն բիզնեսից ակնկալիքներս մեծ չեն, քանի որ քաղաքային իշխանության կողմից աջակցություն չեմ ստանում, հակառակը, խոչընդոտում են, արհեստական արգելքներ ստեղծում:
Սարգիս Ասեսյանը ցանկանում է քաղաքապետարանի հետ գալ համաձայնության՝ նախկին կիսակառույց տաղավարի շինարարությունն ավարտելու և բարեկարգելուց հետո այն շահագործելու , ինչպես նաև տուգանքը չեղյալ հայտարարելու շուրջ:
Կարծում եմ, քաղաքային իշխանությունները խոհեմ կգտնվեն և բյուրոկրատական քաշքշուկի պատճառով հայրենիքում կայանալ ձգտող երիտասարդ գործարարի հայացքը կրկին չի ուղղվի օտար ափեր:
<Քարի ու փայտի համադրությամբ մեր պատրաստած իրերն անկրկնելի են>
Այսօր արդիական է փայտի օգտագործումն իր բոլոր դրսևորումներով: Փայտն ու քարը կատարյալ համադրություն են հարմարավետության համար, ու եթե դրանց էլ միանում է մետաղը, մարգարտի ու ոսկու փոշին, արդյունքն իդեալական է: Դրանում կարելի է համոզվել այցելելով Գյումրու մի գողտրիկ անկյունում հաստատված <Պողոսյան եղբայրներ> փորձարարական արտադրամաս:
Երկար տարիներ Գերմանիայում բնակվող, մասնագիտությամբ հնագետ, մի շարք աշխատությունների հեղինակ Նորայր Պողոսյանը կիսաթանկարժեք քարերից ստեղծած իր աշխատանքներով մասնակցել է հինգ ցուցահանդեսի, եվրոպական մի շարք քաղաքներում ունի վաճառված գործեր: Սակայն դստերը լիարժեք հայուհի մեծացնելու համար հարկադրված վերադառնում է հայրենիք:
Սկզբնական շրջանում «Մարդը կարիքի մեջ» (People in Need) կազմակերպության հետ համագործակցության արդյունքում Նորայր Պողոսյանին հաջողվում է լուծել արտադրամասի ջերմամատակարարման հարցը, կազմակերպության աջակցությամբ ձեռք է բերում փայտի հումք, նրան հատկացվում է նաև մեքենաներ:
2021 թվականին դառնալով EU4IMPACT Armenia ծրագրի շահառու Նորայրը դրամաշնորհի ձևով տրամադրված 4 միլիոն 600 հազար դրամի և իր կողմից ներդրած 12 հազար եվրոյի շրջանակում ձեռք է բերում վարձակալած տարածք, հաստոցներ, հումք՝ քար, փայտ և…ինչպես ինքն է ասում՝ լավ ընկերներ: Արտադրամասում ինքն ու ևս երկու աշխատողներ, սակայն քանդակագործի կարիք կա, ում դժվարանում է գտնել, անգամ դիմել է Զբաղվածության կենտրոն: Նորայրի խոսքով իրեն թանկարժեք քարերի՝ օբսիդիանի, ագաթի, ամետիսի, նռնաքարի, քարացած ծառի ու դինոզավրի ոսկորի հետ աշխատող մասնագետներ են հարկավոր, թեև աշխատանքն ադեն սկսել են: Քարերը գնում են Երևանի Վերնիսաժից կամ անհատներից:
-Այսօր ստեղծում ենք իրեր փայտի և քարի համադրությամբ, օգտագործում ենք տեղական օբսիդիանն ու Իջևանի ագաթը: Պատվերներ շատ ունենք, հիմնականում դրսից: Ներկայունս ունենք որպես հուշանվեր հինգ քարե դուդուկի պատվեր, ունեցել ենք նաև քարե ջութակի պատվեր, քարի, փայտի, պոլիմերի համադրությամբ սեղան: Մեր աշխատանքներից յուրաքանչյուրն անկրկնելի է, երկրորդ օրինակ չի լինում: Մեր գործում ամենադժվարը նյութի, տեսականու մշակման գործընթացն է,-պատմում է Նորայրը:
<Պողոսյան եղբայրներ>-ի արտադրանքի հիմնական պատվիրատուները Մոսկվայից և Տյումենից են: Նորայրի արտադրամասից դուրս եկած սեղանները ոճ և շքեղություն են հաղորդում ցանկացած սրահի կամ հյուրասենյակի: Երևակայական թռիչք և վարպետի հմտությամբ օժտված մասնագետների աշխատանքը գնահատվում է մինչև հազար և ավելի դոլար:
Նորայրի խոսքով հիմնական հումքը ընկուզենու փայտն է, քարը, մարգարտի, ոսկու փոշին ու նաև էբոքսիդը: Վերջնական պրոցեսում սեղանի երեսը պատվում է երեք շերտ կերամիկական լաքով, դա արվում է ամրության նպատակով, որպես պաշտպանիչ շերտ: Սեղանների դիզայնի հեղինակը Նորայրն է: Սեղանների չափերը ստանդարտ չեն, լինում են մեկ ու կես, երկու, անգամ երեք մետրանոց:
Անուշ Ներսիսյան