Նոյեմբերի 19, 2019

40 տարի անց

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Մանկության՝ կյանքի ամենաերջանիկ շրջանի մասին հիշողությունները մեր ուղեկիցներն են, որոնք մշտապես նորոգվում են հիշարժան իրադարձությունների՝առաջին անգամ դպրոց ոտք դնելու, այբբենարանի հանդեսի և առհասարակ դպրոցական տարիների մասին պատմություններով, առաջին ուսուցչի կերպարով, թեև արդեն իսկ տարիների խունացած կնիքը կրող, բայց հարազատ ու ջերմ լուսանկարներով: Մանկության և դրան հաջորդող ոչ պակաս հետաքրքիր ու անմոռաց պատանեկության հրաշք աշխարհը վերադառնալու, հիշարժան պահերը վերապրելու, դրանով վերալիցքավորվելու ձգտումն օրերս Հայաստանում էր հավաքել հայրենիքից բացի աշխարհի ամենատարբեր անկյուններում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում ապրող նախկին և ներկա ալավերդցիներին՝ Ալավերդու Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոցի 1978-1979թթ. ուստարվա 10-րդ  «բ» դասարանի շրջանավարտներից շատերին:

Ուղիղ  50 տարի առաջ  7 տարին բոլորած  երեք տասնյակից ավելի փոքրիկներ՝ սպիտակ վերնաշապիկով և սև տաբատով տղաներ ու դպրոցական սև կիսաշրջազգեստի վրայից սպիտակ գոգնոց կապած աղջնակներ  ոտք դրեցին Ալավերդու Սայաթ –Նովայի անվան միջնակարգ դպրոցի 1-ին «բ» դասարան: Զարմացած հայացքով ու մի քիչ էլ անհանգստացած այդ փոքրիկներին դիմավորեց նույնպիսի անհանգիստ հայացքով երիտասարդ մի կին՝ դպրոցի նոր ուսուցչուհի Աշխեն Միրզոյանը: 1969 թվականի սեպտեմբերի 1-ը երկու կողմերի՝ նորաթուխ առաջին դասարանցիների և նրանց նորաթուխ առաջին ուսուցչուհու համար էլ իսկական փորձություն էր:

Փորձությունները, սովորաբար հաղթահարման աստիճանով են գնահատվում, և այն փաստը, որ 50 տարի անց  նրանք սրտատրոփ հանդիպել են, արդեն իսկ վկայում է այն մասին, որ փորձությունը հաղթահարվել է, որ այդ գեղեցիկ ու ներդաշնակ տանդեմն ստացվել է:

«Դե ուրեմն եկեք բաժակները բարձրացնենք, ասենք՝ բարով տեսանք միմյանց և հաճելի ժամանց մաղթենք այսօր բոլորիս»,-միջոցառման հանդիսավարի հրավերը երկար սպասված հավաքույթի մեկնարկը տվեց: Ապա սկսվեց դպրոցական ներկա-բացական. ներկաները փորձեցին վերհիշել մատյանի առաջին, երկրորդ և ապա հաջորդականությամբ մյուս համարները զբաղեցնող դասարանցիներին: Առաջին երեք համարներին հիշելու փորձը հաջողությամբ պսակվեց, հետո սկսվեց զվարճալի ու առաջին դասարանցիներին բնորոշ աղմկալի  գուշակությունը: Ափսոսանքով բացակա դրեցին դասարանցիներից շատերին, որոնք տարբեր հանգամանքներով չէին կարողացել մասնակցել հավաքույթին և ցավով ոգեկոչեցին կյանքից անժամանակ հեռացած միակ դասընկերուհու՝ Ծովինար Պողոսյանի, և առավել բարձր դասարաններում իրենց դասղեկած ուսուցիչների՝ Նինա Ավլաստիմովայի (դասղեկ՝ 4-7-րդ դասարաններում), Սամվել Նալբանդյանի (դասղեկ՝ 8-րդ դաս.), Զինա Աթաբեկյանի (9-րդ դաս.), Լիպարիտ Ռամազյանի (10-րդ դաս.), մայրենիի սիրելի ուսուցիչների՝ Լիդա Հովհաննիսյանի, Ասյա Հարությունյանի և այլոց հիշատակը:

Ապա Անտուան դը Սենտ Էքզյուպերիի՝ մանկության աշխարհը կյանքում ամենանվիրականը լինելու մտքի հանգույն բոլորը տրվեցին այդ նվիրական աշխարհի քաղցր հուշերին՝ վերհիշելով զվարճալի և ուրախ պատմություններ դպրոցական տարիներից: Հիշեցին, թե ինչպես առաջին ուսուցչուհին՝ Աշխեն Միրզոյանը, մարտի 8-ի առթիվ իր տուն այցելած աշակերտներին սիրով ընդունել ու հյուրասիրել էր՝ հրաժարվելով վերցնել նրանց բերած նվերը: Հիշեցին այն տարիներին սովորական դարձած դասերից փախչելու արկածները և դրան հաջորդող «պատժիչ» միջոցառումները, երբ բոլորը մեկ մարդու պես պատրաստ էին միահամուռ պաշտպանել ընկերներին և իրենց վրա վերցնել պատասխանատվությունը: Այս պատմություններն ուրվագծում ու մտովի վերականգնում էին այդ հրաշալի և անհոգ տարիները, որին առցանց կապի միջոցով ակտիվորեն մասնակցում էին բացակա դասընկերներից շատերը:

Այս հետաքրքիր նախաձեռնությունն իր նախապատմությունն ունի, որի «մեղավորը» Լոս Անջելեսում  բնակվող Վրեժուհի Գասարջյան-Ժամկոչյանն է: 80-ականներից  Հայաստանից մեկնած՝ հայրենի հող ու ջրի կարոտը սրտում, նա մի քանի տարի առաջ համացանցով փնտրելով և հայտնաբերելով  համադասարանցիներից ոմանց, կարողացավ մեկիկ-մեկիկ ի մի բերել և մեկ հարկի տակ հավաքել դպրոցն ավարտելու 40-ամյակին:

Անմոռանալի հավաքույթին հաճելի նրբերանգ  հաղորդեցին  հանդիսավար, Ալավերդու տիկնիկային թատրոնի ղեկավար Լևոն Սադաղյանի գեղեցիկ, գրագետ խոսքը և կազմակերպական հետաքրքիր նորարարությունները, երաժիշտ Արտակ Բուլղադարյանի կենդանի կատարումները, ինչպես նաև  շրջանավարտներից ոմանց ամուսինների՝ Գևորգի, Սերժիկի և Հայաստանի ներկայությունը: Երեկոն ամբողջացրին Ալավերդու «Օջախ» ռեստորանային համալիրի (տնօրեն՝ Սեյրան Ռամազյան) համեղ հյուրասիրությունն ու մատուցած հաճելի անակնկալը՝ 1978-79թթ. ուստարվա շրջանավարտների անվանական տորթը, որի շուրջ արված լուսանկարը ևս մի հուշաթերթիկ կավելացնի այս հրաշալի, գեղեցիկ և միաժամանակ շարունակելիության խոստումով պատմությանը:

 

Ռուզան Պեպանյան

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Related posts