Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը խորհրդարանական «Ելք» խմբակցության պատգամավորների հետ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցում են «Ելք» խմբակցության բոլոր ինը պատգամավորները:
Էդմոն Մարուքյանը քննարկմանը միացավ մի փոքր ուշացումով: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ:
Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների, շրջանավարտների, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ: Հանդիպումներ են կայացել նաև Սփյուռքում:
ՀՀ Նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2-ին:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
