«Վարչապետի ելույթը դուրս եկավ, շատ լավ խոսեց, ավելի լավ խոսեց, քան՝ ծրագիր էր ներկայացված»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյանը այնուհետև հիշեց 1910-ականներին տեղի ունեցած մի դեպք:
«Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»,- այսպես է ժամանակին Լեհաստանի վարչապետին շնորհավորել հանճարեղ դաշնակահարներից մեկը»,- այս խոսքերից հետո Արմեն Աշոտյանը կտրուկ անցում կատարեց ծրագրի դրույթների մեկնաբանությանը:
«Առանց ցինիզմի, առանց պաթոսի ու առանց հեգնանքի, դուք շատ լավ ծրագիր եք մշակել, որում չկան հստակ ցուցիչներ, ամսաթվեր: Լավ եք արել, այնպես եք արել, որ մենք հետո չկարողանանք չափել ձեր կառավարության արդյունավետությունը»,- շեշտեց Աշոտյանը և խոսելով արցախյան հիմնախնդրի մասին՝ հավելեց.
«Ինչ վերաբերում է արցախյան հիմնախնդրի հետ կապված ձեր ելությներին, ասեմ, որ մայիսի 9-ին ասած ձեր ելույթը համահունչ չէր այսօրվա ելույթի ասելիքին: Ամենայն ազնվությամբ խնդրում եմ ձեզ, տվեք արցախյան հիմնախնդրի՝ ձեր կառավարության բանաձևը, որ մենք, անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, առաջ տանենք այն: Հստակ մի բան ասեք. եթե չեք ուզում բարձրաձայն ասել, գոնե ականջներիս ասեք»:
Ա. Աշոտյանի խոսքով՝ կառավարության առաքելությունն արտահերթ ընտրությունները չեն. «Արտահերթ ընտրությունները ձեր քաղաքական շահն է, նպատակն է, բայց երբեք առաքելություն չէ, մի աշխատեք այնպես, որ վաղը լինելու են արտահերթ ընտրություններ։ Դուք պարտավոր եք մտածել երկարաժամկետ»։
