«Հայ կինն ամբողջովին բարություն է ու քնքնշանք»
06/10/2011 20:51
Մեր հյուրն է ՌԴ Դաշնության Պետական Դումայի գերագույն խորհրդի նախագահի խորհրդական,Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ուզբեկստանի ժողովրդական արտիստ Էլեոնորա Ազիմովան
-Տիկին Ազիմովա, Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան: Առհասարակ, ծանո՞թ եք հայ ժողովրդի պատմությանը:
-Գիտե՞ք, կարևոր չէ, թե երկրագնդի քարտեզի վրա քո երկիրը տարածքով ամենամե՞ծն է, թե՞ ամենափոքրը, լեռնայի՞ն է, թե՞ դաշտավայրային, կարևորն այն է, որ ունի հարուստ ու բովանդակալի անցյալ: Իսկ հայ ժողովուրդն այդ առումով հնամենի ժողովուրդներից է, թեև տառապած ու կորուստներով, բայց չհուսահատվող ազգ է: Դուք հպարտանալու շատ բան ունեք: Ես ծանոթ եմ ձեր մշակույթին, հայ ազգին ճանաչելու և սիրելու համար բավական է լսել Խաչատրյանին կամ Մանսուրյանին, էլ չեմ ասում Սայաթ-Նովային, ում երգերն այնքան հոգեհարազատ են ինձ: Ես հաճախ եմ մտածել, թե Աստված ինչու՞ է այս ազգին այսքան տառապանք տվել, հայը խաղաղասեր, աշխատասեր ու ստեղծագործ ազգ է: Դրանում բազմիցս համոզվել եմ Ռուսաստանում ապրող հայերի օրինակով: Կարծում եմ, պատասխանն ինձ հայտնի է, դուք` հայերդ, տաղանդավոր ազգ եք, իսկ հնուց ի վեր տաղանդավոր ազգերին ոչ միայն չեն ներել, այլև չեն հանդուրժել նրանց գոյությունն անգամ: Հայ ազգն առանձանում է մտքի սրությամբ:
-Իսկ ի՞նչ առիթով եք այցել Հայաստան:
-Ես եկել եմ ձեր հայրենակցուհի, ոչ միայն Ռուսաստանում ու Եվրոպայում, այլև արևմտյան կիսանգնդում ճանաչված էքստրասենս Սեդա Վարդանյանի հրավերով: Եկել եմ պարզապես հիանալու Հայաստան աշխարհի գեղեցկությամբ, որի մասին այնքան շատ եմ լսել: Այն վայրերում, որտեղ եղել եմ, ինձ զարմացրել ու հիացրել է հայերի բարությունն ու հյուրասիրությունը:
-Ինչպե՞ս եք ծանոթացել Սեդա Վարդանյանի հետ:
-Թեև իմ և Սեդայի գործունեության ոլորտները շատ տարբեր են, սակայն ճակատագրին դա քիչ է հետաքրքրում, և նա էլ մեզ մտերմացրեց, թեև դիպվածը տխուր նախաբան ուներ: Հանդիպման առիթն իմ ավագ քույրն էր, ով տանջվում էր ծանր հիվանդության պատճառով: Ամիսներ շարունակ անգիտակից վիճակում պառկած էր հիվանդանոցում: Նա մեր ընտանիքի առաջնեկն էր, ես` յոթերորդն ու ամենափոքրը: Քույրս մեր բոլորի համար եղել է մայր, հարազատ, ընկեր, բոլորինս միավորող օղակ, ուստի նրա տառապանքը մեծ ցավ էր պատճառում մեզ: Մեր տառապանքներին վերջ չկար, իսկ գալիս է մի պահ, երբ մարդն ուզում է իմանալ, թե մինչև ու՞ր է ձգվում տառապանքի սահմանը, ի՞նչ է լինելու հետո: Ես հոգեպես այնքան էի թուլացած, որ ցանկություն ունեի հանդիպել, զրուցել մեկի հետ: Եվ քանի որ երբեմն դիտում էի ռուսական ТНТ հեռուսատաընկերությամբ հեռարձակվող էքստրասենսների մասին հաղորդումները, ուստի զանգահարեցի այնտեղ: Ինձ խորհուրդ տվեցին դիմել Սեդա Վարդանյանին ու տվեցին նրա հեռախոսահամարը: Այդ ընթացքում ես նույնպես ընկա հիվանդանոց և վիրահատվեցի:
Վիրահատումից 2-3 օր անց զանգեցի Սեդային և ասացի անունս: Դեռ խոսքս չավարտած նա ասաց, որ ինձ տեսնում է սպիտակ անկողնում պառկած և նեղության մեջ և որ ես չեմ կարող գնալ իր մոտ: Եվ պատկերացրեք, իմանալով հասցեն, անձամբ այցելեց ինձ: Զրույցի ընթացքում ասաց այն, ինչ ամենից շատ չէի ցանկանում լսել, այն, որ քույրս կարճ ժամանակ անց մահանալու է, ասաց ավելին, որ նրա մահվան 40-րդ օրը հանկարծամահ է լինելու քրոջս ամուսինը: Եղավ այնպես, ինչպես ասել էր Սեդան: Հոգեկան ցնցումներից զերծ պահելու համար նա օգնեց նաև քրոջս միակ` 20-ամյա որդուն: Այդ պահից ի վեր ես ու Սեդան մտերիմներ ենք, գրեթե քույրերի նման:
-Իսկ հարազատ մարդկանց մասին նման գուշակությունից հետո ի՞նչ զգացում ունեցաք:
-Հասկանում եմ, ոմանց նման լուրը կարող է վրդովվել, սակայն այնքան վստահությւն ու հավատ կար Սեդայի հանդեպ, այնպիսի ազնվություն ու բարություն կար նրա աչքերում, ձայնի ելևէջներում, այնպիսի նրբանկատորեն էր հաղորդում անգամ ծանր լուրը, որ չէիր կարող այլ կերպ ընդունել ասածը: Նա ինձ հետ հավասար տանջվում էր, ես նույնպես գիտեի, որ ճակատագրի դեմ մարդն անզոր է:
-Առհասարակ, հավատու՞մ եք էքտրասենսորիկային:
-Ես երկրային կյանքով ապրող մարդ եմ: Սակայն ինձ միշտ հետաքրքրել է առանձնահատուկ շնորհով օժտված մարդիկ, այն, ինչ ի վերուստ է տրվում, ում ընտրում է Աստված: Ընդհանրապես, կեղծն ու իսկականն, ի վերջո բացահայտվում է ու հասկանում ես` քո առջև կանգնածն իրո՞ք էքստրասենս է, թե խաբեբա: Սեդա Վարդանյանն իրոք պայծառատես է, նրանից կարելի է վարակվել բարությամբ, սիրալիրությամբ ու լավի հանդեպ մեծ հավատով: Ինչպե՞ս չհավատալ նրան, ով անսխալ տեսնում ու գուշակում է քեզ սպասվող դեպքերը: Ես չեմ կարող բացատրել, թե նա ինչպես է դա անում, ի՞նչ և ինչպե՞ս է տեսնում, ես միայն հիանում եմ նրա շնորհով: Սեդայի բարությունը, մեղմությունը, կանացի քնքուշ ձայնով հնչած զգուշացնող լուրն անգամ չի այրում հոգին, քանի որ կիսում է վիշտդ, անհանգստությունդ, քանի որ իր էներգիայով օգնում է ցավդ հաղթահարելուն: Նա անշահախնդիր մարդ է, դրանում համոզվում եմ ամեն օր, երբ նրան զանգահարում են հատկապես Հայաստանից: Հայրենակիցների հանդեպ Սեդան զարմանալիորեն շռայլ է: Հայաստանից ստացած զանգերին պատասխանում է ետզանգով, որպեսզի հայերնակիցները գումար չծախսեն զանգելու համար: Իսկ օրական հարյուրավոր զանգեր են լինում, լինի այն առավոտյան, թե կեսգիշերին: Սեդա Վարդանյանն ինձ համար կատարյալ հայ կնոջ կերպար է, համոզվեցի, որ հայ կինն ամբոջովին բարություն է ու քնքնշանք:
Noratert.am


