Հրաշքների աշխարհում(Հատուկ ռեպորտաժ)
25/06/2011 21:15

Ինչո՞ւ են մարդիկ գնում էքստրասենսի մոտ: Ի վերջո, նրանք իսկապե՞ս բուժում են, թե՞ ոչ: Մեզ մոտ էլ կան էքստրասենսներ: Ամենահայտին Գավառի Բատիկյան գյուղի գուշակն է: Վարսիկի մոտ են գնում ոչ միայն սովորական քաղաքացիները, այլև հանրային դեմքեր ու խոշոր գործարարներ: Բայց մենք ունենք նաև էքստրասենս, որին գիտի ամբողջ ԱՊՀ-ն. Խոսքը Սեդա Վարդանյանի մասին է: Նա ռուսական հեռուստահաղորդումների հաճախակի հյուր է և մասնակից: Հատուկ այս նկարահանման համար Մոսկվայից Երևան ենք հրավիրել Սեդա Վարդանյանին`մեր նկարահանումներին մասնակցելու համար:
Մանու Իրիցյան- Պայծառատես, պայծառալսող ու էքստրասենս Սեդա Վարդանյանն է: Շիկահեր, միշտ զարդերով, հանելուկային ու պճնված. սա նրա ոճն է:
-Ինչ-որ ես ունեմ, դա էքստրասենսորնի է, իսկ ինչ-որ ունեմ, սա իմ զաշիտան է: Եղունգներս արդեն տասը տարի, եթե էկրանում նայեք, այս գույնն է: Ինձ շատ-շատ օգնում է արծաթագույնը,- պատմում է էքստրասենս Սեդա Վարդանյանը:
Խորհուրդ է տալիս միշտ կրել սպիտակ ոսկի ու արծաթագույն զարդ,-սա լավագույն պաշտպանությունն է չար ուժերից: Ինքն էլ է կրում դրանք, քանի որ ինքն էլ է չար ուժերի թիրախում: Մեր հայրենակցուհուն գուցե շատերը չճանաչեն Հայաստանում, բայց ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները հաստատ կհիշեն ՏՆՏ հեռուստաալիքի Էքստրասենսների բախում հաղորդման 5-րդ սեզոնի հայ մասնակցին:
Տիկին Սեդան մինչեւ հեռուստաաստղ դառնալը տասը տարուց ավելի օգտագործում էր իր գերբնական ունակությունները: Իսկ եթերում փոքրիկ տղայի սպանությունը, տեռորիստական ակտերը բացահայտելուց հետո դարձավ իսկական աստղ` էքստրասենս-աստղ:
Փորձությունների սովոր Սեդային մի փոքրիկ փորձության էլ մենք ենթարկեցինք: Ծարավ Աղբյուրի փողոցն է: Սեդային խնդրում ենք պարզել, թե ինչ է կատարվել այս փողոցում նկարհանումից մոտ մեկ ամիս առաջ:
- Կողոպուտ է, որը պատկանում է օրգանի աշխատողների: Տեսնում եմ պագոններ,- ասում է էքստրասենս Սեդա Վարդանյանը:
Իսկապես ապրիլի 27-ին ավազակային հարձակում էր կատարվել. Ոստիկանության զորքերի աշխատավարձերը տեղափոխող ԳԱԶ 24 մակնիշի ավտոմեքենայի վրա հարձակվել էին ու փորձել ոստիկաններին զրկել 97 միլիոն դրամ գումարից: Կողոպուտը չէր ստացվել: Բայց հանցագործները դեռ չեն բացահայտվել: Մի քիչ մտածելուց հետո էքստրասենսը խնդրում է անջատել տեսախցիկը: Ասում է, այն, ինչ տեսնում է, չափազանց վտանգավոր է ու սենսացիոն ու կարող է շատերին դուր չգալ:
-Մի անձնավորությունը անմիջապես կապ ունի օրգանի աշխատողների հետ, ու ինքը տեղյակ է եղել այդ գումարի մասին, այդ օրվա տեղափոխման համար: Առաջին տառն եմ տեսնում` Ա է,- ասում է Սեդա Վարդանյանը:
Հաջորդ նկարահանումը մի կնոջ հետ է, որը վաղուց էր ուզում հանդիպել հանրահայտ էքստրասենսին: Անհաջողությունները շատ են, հարցերն էլ` անպատասխան:
- Երկու բան ես բացել, բիզնես է, փակ է հիմա: Նավսը գիտեք, ինչ բան է, մի հայացքով կարող են այնպես անել, որ փակեն ամեն ինչ: Երկու անգամ ձեր կյանքում մեծ փոփոխություն է եղել,- ասում է էքստրասենսը:
- Այո, երկու անգամ եմ ամուսնացել,- հուզված պատասխանում է կինը:
Պայծառատեսի ու հաճախորդի հանդիպումը շարունակվում է տեսախցիկից հեռու: Օրվա վերջում Սեդան խոստովանում է, որ չափազանց հոգնել է, լիցքաթափվելու ժամանակն է:
Էքստրասենս, գուշակ, թե պարզապես արտասովոր ձիրքով օժտված մարդիկ: Նրանք միշտ են եղել: Նրանց հաճախ արգելել են, հետապնդել ու նույնիսկ այրել խարույկի վրա: Ոմանք նրանց անվանում են խորամանկ շորթողներ, մյուսները վստահ են` ի վերուստ տրված շնորհ է: Նրանք հաճախորդի պակաս երբեք չեն ունեցել ու չեն էլ ունենա. մարդիկ նրանց դիմում են, երբ կորցնում են կողմնորոշումը: Դիմում են, քանի դեռ հավատում են, որ նրանք կօգնեն: Կամ էլ դիմում են պարզապես հետաքրքրությունից դրդված: Նրանք մեր կողքին կլինեն այնքան ժամանակ, քանի մարդու մեջ արթուն է առեղծվածայինի պահանջը:
Noratert.am


