Պատճառն ի՞նչն է, եթե ոչ` կոռուպցիան
25/01/2012 10:45
ՏՄՊՊ հանձնաժողովի հորինած մեղմացուցիչը
Ազոտական պարարտանյութերի շուկայում գործող, ավելին` գերիշխող դիրք ունեցող «Քեթրին գրուպ» ընկերությունն անցյալ տարի տվյալ պարարտանյութի գնի անհիմն բարձրացմամբ չարաշահել է իր այդ դիրքը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը, իր երեկվա նիստում ամփոփելով նշված ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները, որոշեց «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին տուգանել 10 մլն դրամի չափով:
Հանձնաժողովի փորձագետ Գնել Ալավերդյանի տեղեկացմամբ` ՏՄՊՊ հանձնաժողովը դեռ նախորդ տարվա մարտից լայնածավալ ուսումնասիրություններ էր սկսել մեր երկրի գյուղատնտեսության վրա լուրջ ազդեցություն ունեցող պարարտանյութերի շուկայում: 2011 թ. մայիսին հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութերի մանրածախ առևտրի կետերում, այսինքն` վերավաճառողների մոտ արձանագրվել էր 50 կգ-անոց 1 պարկի դիմաց մինչև 10000 դրամ գին:
Հանձնաժողովն, ուսումնասիրելով գերիշխող տնտեսավարողների կողմից պարարտանյութի ձեռքբերման փաստաթղթերը, պարզել էր, որ ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռքբերման գինը կազմում է ընդամենը 6200-6400 դրամ: Ելնելով վերոնշյալից` հանձնաժողովն անցյալ տարի որոշել էր պարարտանյութի վաճառքի գների վրա սահմանել հատուկ հսկողություն և վերահսկել, որ շուկայում գործող գերիշխող տնտեսավարողները պարարտանյութն իրացնեն ողջամիտ գնով, տվյալ դեպքում` 7000 դրամից ոչ ավելի:
Հարկ է ընդգծել, որ հիշյալ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների` «Քեթրին գրուպ», «Ագրիմատկո Արմենիա» և «Մասիսի բերրիություն» ՍՊԸ-ների ներկայացուցիչները դեռ 2011 թ. մայիսին հրավիրվել են հանձնաժողով, տեղեկացվել ուսումնասիրության արդյունքներին: Նրանք համաձայնել են, որ 1 պարկի դիմաց 7000 դրամ գինը բավարար շահութաբեր է, և հավաստել, որ պատրաստ են ողջ տարին գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ մատակարարել նշված գնով:
- Կատարված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ազոտական պարարտանյութերի վաճառքի գնի բարձրացում է դիտարկվում, որը հասել է մինչև 7600 և ավելի դրամի` 50 կգ-անոց 1 պարկի համար,- ասաց Գ. Ալավերդյանը:
Պարզվել է, որ չնայած առկա փաստաթղթերին, փաստերին և իր հավաստմանը` նշված ընկերություններից «Քեթրին գրուպը», ի տարբերություն գերիշխող դիրք ունեցող մյուս երկու ընկերության, որոնք վաճառքի գնի էական բարձրացում չեն կատարել, ազոտական պարարտանյութի 1 պարկի գինը բարձրացրել է մինչև 600 դրամով: Ընդ որում, պարզվել է, որ այդ ընկերության կողմից 7600 դրամով վաճառված պարարտանյութի ինքնարժեքը կազմում է ընդամենը մոտ 6600 դրամ:
Հանձնաժողովը ստուգումների միջոցով պարզել է, որ այն ժամանակահատվածում, երբ պարարտանյութը վաճառվել է բարձր արժեքով, «Քեթրին գրուպը» պարարտանյութի ներմուծում չի կատարել, վաճառել է պահեստում կուտակածը, ինչն ավելի վաղ ձեռք էր բերել ցածր գնով:
Հետագա ամիսներին ընկերությունը դարձյալ բարձրացրել է նշված պարարտանյութի գինը, սակայն դա պայմանավորված է եղել ինքնարժեքի բարձրացմամբ:
- Մասնավորապես,- շարունակեց Գ. Ալավերդյանը,- եթե ինքնարժեքը հետագա ամիսներին բարձրացել է 600 դրամով` 6600 դրամից դառնալով շուրջ 7200 դրամ, ապա ընկերությունն, իր հերթին, վաճառքի գինը բարձրացրել է համաչափ մակարդակով` այն հասցնելով մինչև 8200 դրամի, այսինքն` ըստ էության պահպանելով եկամտաբերության նույն մակարդակը:
Այսպիսով ստացվում է, որ հիշյալ ընկերությունը հետագա ամիսներին ևս գնի անհիմն բարձրացմամբ է շարունակել պարարտանյութի իրացումը: Սակայն չնայած նշված հանգամանքին` հանձնաժողովը որպես մեղմացուցիչ հանգամանք այնպես ներկայացրեց, թե ընկերության մոտ գների բարձրացումը համատարած բնույթ չի կրել և միայն որոշ խմբաքանակների գներն են բարձրացել: Արձանագրելով նաև, որ հիշյալ խախտումն արդեն վերացված է և ընկերության կողմից պարարտանյութի վաճառքի գները ներկայումս համահունչ են ձեռքբերման գներին, ՏՄՊՊ հանձնաժողովի անդամները որոշեցին վերանայել որոշման նախագծով առաջարկվող տուգանքի չափը` 20 մլն դրամ, որն, ի դեպ, օրենքի ընձեռած հնարավորության համեմատ առանց այն էլ փոքր է: Վերանայման արդյունքում ընկերության նկատմամբ, ինչպես նշեցինք, կիրառվեց ընդամենը 10 մլն դրամի տուգանք: Մինչդեռ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամի չափով»: Ավելին. օրենքի նույն հոդվածի նույն մասի համաձայն` «Գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ տնտեսավարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»:
Սակայն չնայած օրենքի իմպերատիվ բնույթ ունեցող, այսինքն` ոչ թե հայեցողական, այլ պարտադիր կատարման ենթակա վերոնշյալ պահանջին, հանձնաժողովը գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի ստացած շահույթը (եկամուտը) ՀՀ պետական բյուջե գանձելու վերաբերյալ որոշում չկայացրեց` կոպտորեն խախտելով նույն օրենքի պահանջները: Ինչո՞ւ, ինչո՞վ է պայմանավորված հանձնաժողովի այս ոչ միայն չափազանց մեղմ, այլև օրինախախտ մոտեցումը:
Ընդգծենք, որ պաշտոնական պարզաբանման կարիք ունի նաև այն, թե հանձնաժողովն ինչո՞ւ հաշվի առավ միայն մեղմացուցիչ հանգամանքները, սակայն ծանրացուցիչ հանգամանքը (այն, որ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն պարարտանյութի գնի անհիմն բարձրացում չկատարելու առումով հանձնաժողովի կողմից դեռ 2011 թ. մայիսին, ըստ էության, զգուշացված է եղել, հավաստել, որ պարարտանյութի 1 պարկի դիմաց 7000 դրամը բավարար շահութաբերություն ունի և այն չի բարձրացնի, սակայն խախտել է պայմանավորվածությունը) անտեսեց:
Եվ վերջում թերևս ամենակարևորի մասին. իբրև մեղմացուցիչ հանգամանք, ՏՄՊՊ հանձնաժողովն այնպես ներկայացրեց, թե որպես իրավախախտ ընկերություն «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն հանձնաժողովի տեսադաշտում է հայտնվում առաջին անգամ: Սա բացահայտ կեղծիք է, որովհետև հենց նույն հանձնաժողովը դեռ 2007 թ. հոկտեմբերի 19-ին իր թիվ 90-Ա որոշմամբ, ի թիվս մի շարք այլ ընկերությունների, հակամրցակցային համաձայնության համար տուգանել է նաև այս ՍՊԸ-ին: Մեր հարցն արդեն ուղղում ենք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` ինչի՞ հետևանք է վերոնշյալ կեղծիքը, եթե ոչ կոռուպցիայի, ամենայն հավանականությամբ, զորեղ, ազդեցիկ հովանավոր ունեցող ընկերության նկատմամբ հովանավորչական վերաբերմունքի:
Մեկ հարց էլ` հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին. ի վերջո, հանձնաժողովի որոշման նախագծով նախատեսված և որոշմամբ կիրառված տուգանքի չափերի տարբերություն 10 մլն դրամը «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի համար մե՞ծ գումար էր, որ հանձնաժողովը, չգանձելով այն, պետական բյուջեի, սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նպաստառուների և այլոց հաշվին լավություն արեց նշված ընկերության սեփականատիրոջը:
Հ.Գ. Ի դեպ, ըստ ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարի, ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը մի քանի տարի է արդեն, ինչ «Քեթրին գրուպ» ընկերության գործունեության հետ այլևս առնչություն չունի, նշված ընկերության շենքի սեփականատերն է միայն: Գրում է «Հայացք»-ը:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


