Պետական գույքի վայ կառավարումից ու մասնավորեցումից տուժել ենք մենք և պետբյուջեն
26/01/2012 11:30
Դեռ 90-ականներին սկիզբ առած պետական գույքի հախուռն, վայրենի և ագահ սեփականաշնորհումից հետո էլ պետական գույքի ինչ-որ մաս դեռ մնացել է: Եվ այս առումով հետաքրքիր է պարզել, թե ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը և պետական համապատասխան այլ մարմիններ վերջին տարիներին ինչպես են իրականացրել պետական գույքի կառավարման և մասնավորեցման գործընթացը: Ստորև հրապարակվող տեղեկությունները վերաբերում են 2009 թ. հունվարի 1-ից 2011 թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածին:
Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 22.02.01 թ. թիվ 125 որոշմամբ: ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) ստուգման պահին փաստացի գործող վարձակալության պայմանագրերը 162-ն են եղել: Պարզվել է, որ վերոնշյալ վարչության կողմից 2009-2010 թթ. անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը կնքվել են «ՀՀ պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության» կարգով սահմանված ամսական վարձավճարի նվազագույն մեծության չափով, որն էականորեն ցածր է շուկայական գներից:
Ընդ որում, ՀՀ կառավարության հիշյալ որոշման մեջ կատարված համապատասխան փոփոխություններով փոփոխվել է վարձավճարի նվազագույն մեծության հաշվարկման եղանակը: Ինչպես ամսական վարձավճարի նվազագույն մեծության հաշվարկման եղանակի փոփոխությունից առաջ, այնպես էլ դրանից հետո ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից կնքված վարձակալական պայմանագրերով սահմանված վարձավճարի չափը համեմատվել է նույն գույքի շուկայական արժեքի հետ: Արձանագրվել է, որ թվով 79 վարձակալական պայմանագրով սահմանված վարձավճարի չափը շուկայականից ցածր չսահմանելու դեպքում պետական բյուջե կարող էին մուտքագրվել ավել գումարներ, որոնց չափը, սակայն, ՎՊ-ն չի նշել:
Ավելին. որոշ վարձակալական պայմանագրերի ժամկետը լրանալուց հետո թեև նոր պայմանագիր չի կնքվել, սակայն հարաբերությունները շարունակվել են և կազմակերպությունների կողմից նախկին պայմանագրով սահմանված վարձավճարներ են փոխանցվել` ավելի ցածր, քան նոր կնքված պայմանագրերով:
ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման փոփոխությունից հետո ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից վարձակալական պայմանագրերում վարձավճարը սահմանվել է նվազագույնի չափով: Պարզվել է, որ կան կազմակերպություններ, որոնց հետ վերակնքված վարձակալական պայմանագրերում վարձավճարներն ավելի ցածր են սահմանվել, քան նույնիսկ նախկինում կնքված վարձակալական պայմանագրերով: Բնականաբար լուրջ կասկածներ ու հարցեր են առաջանում` պետական գույքի կառավարման վարչությունը պետբյուջեի հաշվին ինչո՞ւ է լավություն արել որոշակի անձանց, դա բոլոր դեպքերում անշահախնդրորե՞ն է արվել, թե մի մասը մտել է չինովնիկների գրպանը: Եթե Հայաստանում կոռուպցիայի դեմ իսկապես պայքարող (ոչ թե պայքարի երևութականություն ստեղծող) պետական մարմին ունենայինք, լրագրողից բացի ու նրանից էլ առաջ վերոնշյալ հարցերի պատասխանն այդ մարմինն էր պահանջելու:
Անդրադառնանք պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերին: ՀՀ կառավարության 2004 թ. օգոստոսի 26- ի թիվ 1955-Ն որոշմամբ հաստատված պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրի տիպային ձևի 5.4.5. կետի համաձայն` գնորդը պարտավոր է կատարել պայմանագրով նախատեսված ներդրումներ: Սակայն հստակ չեն նշվում պայմանագրով նախատեսված ներդրումներն ըստ տարիների, ծախսման ուղղությունների, ներդրումների ձևի և վերջնական արդյունքի: Հետևաբար գնորդի կողմից ներդրումային պարտավորությունների կատարման արժանահավատության նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնելու նպատակով ուղղակի անհրաժեշտություն է պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրում որոշակի ներդրումը հստակ նշելը:
Իսկ պետական գույքն ինչպե±ս են կառավարել պետական մասնակցությամբ կազմակերպությունները: 2009 թ. ՀՀ-ում գրանցված է եղել պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող թվով 1023 ընկերություն, որից 849-ը` 50 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններ են, իսկ 174-ը` մինչև 50 տոկոս: Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների ֆինանսական գործունեության արդյունքում ստացած զուտ շահույթից շահութաբաժիններ վճարելու գործընթացի վերահսկողությունը դրված է ՀՀ ֆինանսների նախարարության վրա:
ՎՊ-ն, սակայն, արձանագրել է, որ վերոնշյալ 849 ընկերությունից վերահսկողության դաշտում է գտնվում պետական սեփականություն հանդիսացող 50 և ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընդամենը 447 ընկերություն, իսկ մինչև 50 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններն իրենց ֆինանսական գործունեության արդյունքում ստացած զուտ շահույթից շահութաբաժին ընդհանրապես չեն վճարում: Չափազանց ուշագրավ է, դարձյալ հեռուն գնացող կասկածների տեղիք տվող, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն աչք է փակել այդ հանգամանքի վրա, չի կատարել կառավարության որոշմամբ իր վրա դրված պարտականությունը` վերահսկողական գործառույթը: Արդյունքում, ինչպես ենթադրելի է, բազմաթիվ ընկերություններ, դրանց հետևում կանգնած անձինք շահել են, իսկ պետական բյուջեն` տուժել: Գրեթե նույն վիճակն է եղել նաև 2010 թ., իսկ 2011 թ. առնչությամբ ՎՊ-ի հաշվետվությունը վերաբերում է միայն հիշյալ վարչության ենթակայության ներքո գտնվող թվով 41 ընկերության, որոնք հիմնականում տարիներ շարունակ գործունեություն չեն ծավալում, և ընկերություններին պատկանող գույքն արդյունավետ չի օգտագործվում:
Մի շարք թերություններ և խախտումներ են բացահայտվել ընտրանքային կարգով ուսումնասիրված պետական մասնակցությամբ կազմակերպություններում, օրինակ` «Երևանի Ջրամատակարարման ուղեմաս» ՓԲԸ-ում, որն ընդգրկված է մասնավորեցման ծրագրի մեջ: Ընկերության միակ գործառույթն է ՀՀ երկաթգծին տեխնիկական և խմելու ջուր մատակարարելը: Նշված ՓԲԸ-ն, լինելով տվյալ ոլորտում մենաշնորհային, պայմանագիր է կնքել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերության հետ` առանց հիմնավորելու մատուցվող ծառայությունների գինը և շահույթը: Ընկերությունը, համենայն դեպս ըստ փաստաթղթերի, աշխատում է վնասով և մինչ այսօր ՀՀ պետական բյուջե շահաբաժին չի վճարում: Առանց հաշվի առնելու ստեղծված իրավիճակը` ընկերությունում հաստիքներն ուռճացված են` տնօրեն, երկու տեղակալ, չորս հաշվապահ, ուղեմասի պետեր` իրենց տեղակալներով, արտադրամասի պետ և այլն: Ընկերության կառավարումը ոչ իրավաչափ է և անարդյունավետ:
ՀՀ օրենսդրության համաձայն` մասնավորեցման ենթակա չեն նաև երկաթուղիները: Սակայն ՀՀ կառավարության 2009 թ. փետրվարի 26-ի թիվ 205-Ն որոշմամբ «Մետէքսիմ» ՍՊԸ-ն դասական աճուրդով գնել է պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված, Երևան քաղաքի Այվազովսկու 4/2 հասցեում գտնվող 3600 քմ մակերեսով մետաղյա իրերի պահեստը և 74,7 քմ մակերեսով կշեռքը: Ստուգմամբ պարզվել է, որ «Մետէքսիմ» ՍՊԸ-ի սեփական տարածքում առկա է երկաթուղի: Գրում է «Հայացք»-ը:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


