Տոնդ շնորհավո՛ր, Հայկական բանակ (տեսանյութ)
28/01/2012 09:33
Այսօր լրանում է Հայոց հաղթանակած բանակի կազմավորման 20-ամյակը, Բանակ, որը Հայ ժողովրդի հպարտությունն ու պարծանքն է, բանակ, որը ձևավորվեց նվիրյալ հայորդիների ինքնազոհությամբ, բանակ, որը պարտադրված պատերազմում ջախջախեց ու փայլուն հաղթանակ տարավ թշնամու նկատմամբ` ազատագրելով Մեծ Հայքի Արցախ Աշխարհը: Եվ դա արել է մեր 20 տարեկան պատանին, որն իր կամքի, մտքի ու ձիրքի շնորհիվ այսօր հանդիսանում է տարածաշրջանի խաղաղության գրավականը և սա լոկ խոսքեր չեն, այլ ապացույցն այն բանի, որ հայոց բանակի զինվորներն ոչ միայն պաշտպանում են իրենց պետության սահմանները, այլև միջազգային տարբեր զորախմբերի հետ համատեղ խաղախարար առաքելություն են իրականացնում աշխարհի տարբեր կետերում և արժանանում են ամենաբարձր գնահատականին:
Թերևս երկար , շատ երկար կարելի է խոսել Հայոց բանակի, նրա նվիրյալների ու ներկայիս զինվորների մասին, բայց եկեք համաձայնեք , որ միայն խոսքերը քիչ են, պետք է նաև այդ սերը դեպի բանակն ապացուցել. ապացուցել ամենանվիրական սիրով…
Այս օրը յուրաքանչյուր հայի համար հիշողության ու հիշատակի, հպարտության ու հուզմունքի, վերարժևորման և գնահատանքի և ի վերջո անձնական զգացողությունների օր է, որի խորությունն անչափելի է:
Noratert.am լրատվականը նույնպես շնորհավորում է բոլոր զինծառայողներին, մաղթում է անփորձանք ծառայություն, առողջություն և թող բոլոր կրակոցները միշտ վարժանքային լինեն:
Noratert.am


