Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ավելի քան 60 կոնգրեսականներ, Ֆրենկ Փալոնի, Գաս Բիլիրակիսի, Ջեքի Սփիերի և Ադամ Շիֆի գլխավորությամբ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և բարձրաստիճան անդամ Հըլ Ռոջերսին՝ խնդրելով զգալիորեն մեծացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օգնությունը 2023 թվականի ֆինանսական տարում։
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, օրենսդիրները կոչ են արել նվազագույնը 100 միլիոն դոլար տրամադրել՝ Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական, էներգետիկ բարեփոխումների և օրենքի գերակայությանն ուղղված ծրագրերի համար: Բացի այդ, կոնգրեսականները խնդրում են 50 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության նպատակով:
Նամակում Կոնգրեսի անդամները նաև հորդորում են ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտի աջակցությունը և կոչ անել Բաքվին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորվածներին։ Դրա մասին տեղեկացնում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի գրասենյակը:
«Այս կարևոր ներդրումը հիմնված կլինի ենթահանձնաժողովի կողմից Հայաստանին և Արցախին նախկինում ցուցաբերած աջակցության վրա և կօգնի ամրապնդել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, մեր ներկայությունը և կմեծացնի մեր ազդեցությունը տարածաշրջանում»,- նշված է կոնգրեսականների նամակում: