Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայերին՝ ոգեկոչելու մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք նաև պատվում ենք նրանց ժառանգներին, այդ թվում և հայկական ծագում ունեցող կանադացիներին, ովքեր նպաստել են և շարունակում են օգնել ձևավորելու այն ուժեղ, բազմազան և ներառական երկիրը, որը վայելում ենք այսօր։
1915-1923 թվականներին իրականացված կոտորածներն ու դրա հետևանքով սարսափելի մեծ թվով կորսված կյանքերը երբեք չպետք է մոռացության մատնվեն։ 2015 թվականին, այս ողբերգությունից մեկ դար անց, խորհրդարանն ընդունեց բանաձև, որով ապրիլի 24-ը ճանաչվում էր Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Օր, որը այդ պահից ի վեր ծառայեց՝ հիշելու այս կոտորածների պատճառած կորուստը, տրավման ու ցավը և վստահեցնելու, որ դրանք այլևս երբեք չեն կրկնվի։ Այս օրը համընկավ Ցեղասպանության հիշատակի, դատապարտման ու կանխարգելման ամսվա հետ։
Ատելությունն ու բռնությունը երբեք չպետք է անտարբերության մատնվեն։ Մեզնից յուրաքանչյուրը իր դերակատարումն ունի՝ վստահեցնելու, որ նման բռնությունն այլևս երբեք չի կրկնվի, և դա սկսվում է դիրքորոշում հայտնելուց՝ ընդդեմ խտրականության ու ատելության իրենց բոլոր դրսևորումներով՝ անկախ նրանից, թե դա երբ ու որտեղ տեղի կունենա։
Այս ցավալի տարելիցին մենք միասին հիշում ենք կորսված կյանքները, ճանաչում հայ ժողովրդի ուժն ու ոգին ու հույսով ակնկալում, որ կլինի խաղաղության, փոխադարձ հարգանքի ու ողջ աշխարհի ժողովուրդների և երկրների միջև արժանապատվության ապագա»։