Հարցազրույց ՀՀ ժողովրդական դերասանուհի Ժենյա Ավետիսյանի հետ /2015 թվական/
— Լավ մարդն ու լավ դերասանը կարո՞ղ են համատեղվել մեկ անձի մեջ:
— Սևակն ասում էր. «Իսկ հանդիպումը այգ ու գիշեր է»: Կարծում եմ, որ լավ արվեստագետը կարող է լինել ոչ միայն լավ մարդ, այլև լավ ընկեր, ամուսին, մայր, եղբայր: Թեև պատահում է նաև հակառակը:
— Նախախնամությունը մշտապես պայծառ մտքերի տեր ու կենսուրախ մարդկանց կողմն է: Գո՞հ եք Ձեր ճակատագրից:
— Իհարկե, գոհ եմ, քանի որ դերասանուհի դառնալը սրտիս տենչանքն էր, որը կանխորոշված էր ի վերուստ: Այն դարձավ իրականություն աստծո կամոք և իմ համառության ու աշխատասիրության շնորհիվ: Ես միայն չեմ խորհել իմ ճակատագրի մասին, այլև տնօրինել եմ այն:
— Առհասարակ ծա՞նր է դերասանի խաչը:
— Իմը ծանր է եղել, սակայն պատվով եմ կրել այն: Ոչ միայն կյանքի, այլև ստեղծագործական ուղիս եղել է դժվարություններով լի: Ցավ եմ ապրում, որ կինոյում կարող էի շատ ավելին անել, հիանալի դերեր խաղալ, որոնք ինձ չնկատելով անցան կողքովս: Բայց և քիչ դերեր չեմ խաղացել: Արվեստի աշխարհում իմ տեղը մաքառելով, տանջվելով եմ հաստատել: Ամեն մի նոր դեր մի նոր աշխատանք էր ինձ համար, իսկ աշխատանքը, գիտեք, չէ՞, գեղեցիկ կնոջ նման սպասել չի սիրում: Իմ բոլոր դերերը փայլատակել են աշխատասիրության շնորհիվ, առանց որի տաղանդը կխամրեր ու կչքանար հավետ: Ես խենթ եմ եղել, ֆանատ եմ եղել, եղել եմ թատրոնի նվիրյալ: Արվեստն էլ արյանս պես միշտ իմ մեջ է եղել:
— Սիրո՞ւմ եք ապրել և խաղալ որոշակի կանոններով:
— Ես զգացմունքային մարդ եմ, ինչպե՞ս կարող եմ ապրել ու խաղալ կանոններով: Չէ, չեմ սիրում, ես իմպրովիզի դերասան եմ, բեմում սիրում եմ անակնկալներ: Էլ ի՞նչ դերասան, որ երևակայություն չունենա: Չեմ սիրում, երբ ռեժիսորը դերդ մանրակրկիտ մատուցում է քեզ, էլ ո՞ւր մնաց շնորհքդ, հոգուդ ու կամքիդ ազատությունը, քո՞նը ուր մնաց: Ես պետք է ազատ խաղամ: Սա քմահաճույք չէ, այլ ինքնադրսևորում: Աշխատել եմ Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ղափլանյանի, Խորեն Աբրահամյանի հետ: Ամեն մեկն իրենն է թելադրել: Ճիշտ է, նրանք մեծագույն ուսուցիչներն են եղել, սակայն դերասանը պետք է ունենա անհատականություն, պետք է վերցնի այն, ինչ տալիս է ռեժիսորը, բայց և ավելացնի իրենը: Թատրոնը դրանով է հետաքրքիր, որ խաղդ օր օրի կարող ես հղկել, մշակել, դարձնել կատարյալ: Այսօր, երբ հետադարձ հայացք եմ գցում անցյալի վրա, զարմանում եմ, թե որքան բան եմ սովորել արվեստի մեծերից, որքան երջանիկ եմ, որ ապրել եմ նրանց կողքին: Գուլակյանն ասում էր. «Թատրոնը շատ խոչընդոտներ ունի, զգոն եղեք, ճիշտ պահեք ձեզ թատրոնում»: Այդ խոսքերն առ այսօր հնչում են իմ ականջներում: Ե ‘վ նա, և’ Ղափալանյանը մեր մեջ տեսան ինչ-որ լավ ու կարևոր բան: Ես շատ անմիջական էի, դրա համար էլ շահեցի նրանց վստահությունը, սերն ու համակրանքը: Ապրում ես իսկապես այն ժամանակ, երբ վայելում ես ուրիշների համակրանքը: Տառապել, ապրել ու ապրեցնել. ահա դերասանի առաքելությունը:
—Գեղեցիկի ու վեհի հետ շփվելու ցանկությունը հոգու անդիմադրելի պահանջ է հանդիսատեսի համար: Նա ի՞նչ դեր կարող է ունենալ Ձեր հաջողության հարցում:
— Հանդիսատեսն ինձ ոգևորողն է, իմ ու նրա միջև փոխադարձ կապով է պայմանավորված ներկայացման հաջողությունը: Եվ այս տալիք-առնելիքի մեջ որակ ու հռչակ է ծնվում: Հանդիսատեսին նվաճելն էլ մի «փեշակ» է: Իսկ նրան նվաճել եմ իմ խաղով, երգ ու պարով, իմ հմայքով:
— Ձեզ հավանաբար շատ են նախանձել:
— Ինձ նախանձողներին ու չարախոսներին երբևէ չեմ պատասխանել: Բոլորին պատասխանում էի իմ խաղով: Դրանից լավ պատասխա՞ն: Եթե բամբասանքներին ուշադրություն դարձնեի, ուրեմն թույլ մարդ էի, մինչդեռ ես ինձ ուժեղ մարդ եմ համարել:
— Բեմական արվեստից բացի, Դուք աշխարհասփյուռ հայությանը մեր պոեզիայի գոհարները մատուցել եք նաև ասմունքի միջոցով:
— Այո, «հայոց արևահամ բառն ու բանն» եմ տարել սփյուռք: Ներկայացումից անմիջապես հետո զգեստափոխվում ու բեմ էի դուրս գալիս արդեն մենահամերգի: Ասմունքն ինձ համար մի այլ աշխարհ էր: Ի տարբերություն թատրոնի, որտեղ խաղընկերներ ունես, էստրադայում դու ես ու հանդիսատեսը, գնա ու թե կարող ես` գերիր ու նվաճիր նրան: Մենահամերգի ժամանակ ողջ ծանրությունը ուսերիդ ես առնում: Դրսում խենթի պես Էմին, Սևակ ու Սիլվա էին ուզում լսել: Սայաթ-Նովայի լեզուն դժվար էին ընկալում, բայց լսում էին որպես չքնաղ մի երաժշտություն:
— Ի դեպ, ինչո՞վ է պայմանավորված Ձեր թիֆլիսահայ բարբառի անթերի հնչեղությունը:
— Թիֆլիսահայերի բարբառն ու Սայաթ-Նովային լավ էի ուսումնասիրել: Եվ հետո ամուսինս` Յուրի Ամիրյանը, թիֆլիսահայ էր: Երկուսի հանդեպ սերը օգնեց ընկալել, զգալ ու ապրեցնել հադիսատեսին այդ բարբառի համ ու հոտով: Ամեն մի բառի մեջ հոգի եմ դրել:
— Ի՞նչ է Ձեզ համար կարոտը:
— Ես հիմա ապրում եմ այդ զգացումը: Կարոտում եմ իմ անցյալը, թատրոնի այն մեծագույն դերասաններին` Վահրամ Փափազյանին, Դավիթ Մալյանին, Արուս Ասրյանին, Մետաքսյա Սիմոնյանին, Մհերին, ովքեր լուսավորեցին մեր թատրոնի երկնակամարն ու գնացին ձուլվելու հավերժությանը: Հպարտ եմ, որ նրանց հետ արվեստ եմ ստեղծել: Կարոտում եմ սիրուս, իմ սիրելի Յուրիին: Նա ամեն ինչ էր ինձ համար` լավ ամուսին էր, քննադատ, ընկեր, պարզ ու շիտակ մարդ էր: Ամեն աստծո առավոտ զրուցում եմ նրա նկարի հետ, վերապրում հաճելի պահերը: Նա տաղանդավոր մարդ էր, նրա տեսակը հիմա թատրոնում չունենք: Մեր երկուսի մեջ մի անտեսանելի արև կար, խաղում էինք անմոռաց, բաշխում էինք մեր հոգու ջերմությունը: Հանդիսատեսը դրա համար սիրում ու գնահատում էր մեզ: Գիտեինք, որ բեմը պահանջում է ուժերի մշտական լարում: Այդպես էլ ապրում ու խաղում էինք:
— Ալեքսեյ Հեքիմյանի «Ես չիմացա, թե ինչպես, դու չիմացար, թե ինչու» երգն ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար:
— Այս երգը յուրովի մի երկխոսություն է կնոջ ու տղամարդու միջև, ու այն միայնակ երգել չի լինի, պարզապես չի ընկալվի ու չի էլ հասկացվի: Սա իմ ու Յուրիի «դիմանկարն» է, սիրո պատմությունը, թե ինչպես գտանք իրար, սիրեցինք ու կորցրինք մեկմեկու:
— Հնարավո՞ր է, որ սերն արվեստագետի, մարդու հանդեպ երբևէ սպառվի:
— Իսկական սերն անսպառ է, այն կյանքի հետ ծնվում է, մահվան հետ հեռանում: Պարույրն ասում էր. «Չի մեռնում, ճիշտ է, բայց և չի ապրում»: Ես իմ սիրով եմ ապրում:
— Տիկին Ժենյա, Ձեր արտաքինով շատերն են հմայվել, և ինչպես Խորեն Աբրահամյանն է խոստովանել. «Ժենյան զարմանալի կանացի էր, մենք բոլորս էլ մի քիչ սիրահարված էինք նրան»: Խանդի առիթներ հաճա՞խ են եղել:
— Բնականաբար, խանդ եղել է, սակայն լուրջ չի եղել, քանի որ Յուրին հավատում ու վստահում էր ինձ: Ես էլ նրան եմ խանդել, հետո՞ ինչ: Եթե սիրում ես, եթե սիրուց քիչ է մնում խենթանաս, ինչպե՞ս չխանդես: Վեճեր լինում էին, բայց դրա վրա ո՞վ էր կենտրոնանում: Այ, ուրիշ էր, երբ մեր վեճը ստեղծագործական բնույթի էր լինում, քննադատում էր ինձ անխնա, հերթական ներկայացումից հետո վերլուծում էինք միմյանց: Լսել էր պետք:
— Եկեք մեր զրույցը ժամանակավորապես ընդհատենք Ձեր ամենասիրած բանաստեղծական երկտողով:
— Երբ ես ծնվեցի այս հողագնդում,
Ես լալզս էի, աշխարհը` խնդում:
Այնպես ապրեի, որ երբ գնայի,
Աշխարհը լացեր, իսկ ես` խնդայի:
Հեղինակ` ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ