Տավուշի մարզի սահմանամերձ շուկայով հայտնի Բագրատաշեն համայնքը եզակի գյուղերից է, որտեղ զեյթուն է աճում: 1950-ական թվականներին Բագրատաշենի հիմնադիր Բագրատ Վարդանյանը Հունաստանից ձիթապտուղ է բերել ու զբաղվել դրա մշակմամբ: Եվ որքան էլ զարմանալի էր, Հայաստանի բնակլիմայական պայմաններում արդյունքը գոհացրել է մարդկանց, ու հողի սեփականաշնորհումից հետո գյուղի բանկիչները սկսել են մեկ-երկու հեկտար զեյթուն մշակել: Հայտնի է, որ Խորհրդային տարիներին համայնքը մոտ 200 հա ձիթապտղի այգի է ունեցել, այժմ մնացել է 60 հա:
Բագրատաշենի բնակիչ, հաճախ արտագնա աշխատանքի մեկնող Արմեն Սարգսյանը, ով որոշել էր հաստատվել հայրենի գյուղում և ուներ երկար տարիներ չմշակած 3,5 հա հողատարածք, որոշեց հետևել նախնիների օրինակին՝ զբաղվել զեյթունի մշակմամբ, անգամ, երբ գյուղի տարեցներից Անդիկ պապը խորհուր տվեց <անցավ գլուխը ցավի տակ չդնել ջրի պակասի պատճառով>: Այսօր ջուրը Դեբեդ գետից հոսում է կից գյուղերի տարածքներով՝ անհամաչափ բաշխվելով այդ գյուղերի ու նաև Բագրատաշենի միջև: Ցանկությունը կար, փորձել կարելի էր: Համարձակվեց, քանի որ ԵՄ-ի Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը՝ ( EU4IMPACT Armenia) պատրաստակամ էր աջակցել նպատակասլաց մարդկանց: Եվ որպես կենտրոնի՝ «ԵՄ-ն մեծացնել միգրանտների ներուժը Հայաստանի զարգացման գործում» ծրագրի շահառու Արմենի ընտրած հողատարածքում ներդրվեց կաթիլային համակարգ: Իսկ ջրի առկայությամբ ցանկացած անջրդի հող կարելի է վերածել դրախտի:
<Շատեր զարմացել էին , երբ իմացան, որ Հայաստանում զեյթուն եմ աճեցնում, չէին հավատում: Ես աճեցնում եմ կանաչ զեյթուն, քանի որ այն շատ յուղոտ ու սննդարար է: Կարող եմ մշակել նաև սև զեյթուն, պարզապես այն մշակելու տեխնոլոգիա չունեմ: Մեկ ծառից կարելի է ստանալ 50-100 կգ ձիթապտուղ: Ես որևէ թունաքիմատ չեմ օգտագոծում, հողը պետք է ժամանակին փխրեցնես, ջրես ու ամենակարևորը՝ սիրես: Մեր գյուղում շատերն են մշակում զեյթուն, գալիս տանից տանում են: Ինչ վերաբերում է սպառմանը, նախընտրում եմ արտահանել, հայաստանյան շուկան ձեռնտու չէ: >,-պատմում է Արմենը:
Բացի զեյթունից, Արմեն Սարգսյանը ստեղծել է նաև դրախտային այգի, որտեղ մշակում է կեռասենի, թզենի, դեղձենի, նեկտարինի: Այգին հիմնելու համար ներդրվել է 10 մլն դրամ, սակայն ծախսերը շարունակվում են: Նախատեսել է բերքը արտահանել Կրասնոդար, որտեղ կվաճառի բարեկամների աջակցությամբ, սակայն ռուսական տարադրամի փոփոխության հանգամանքը փոխել է նրա մտադրությունը հօգուտ տեղական շուկայի:
Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ Արմեն Սարգսյանն ասում է, որ եթե բերքը լավ լինի, արտադրությունը կմեծացնեն: