<Նկարչությունը կյանքի ճշմարտացի արտացոլումն է>: Այսպիսին է տասնամյա Խաչատուր Գինոսյանի համոզմունքը, ով դեռ հինգ տարեկանից սիրում էր գունեղ մատիտներով պատկերել միջավայրը՝ բակը, տունն ու այնտեղ խաղացող իր նման մանուկներին: Հետզհետե պատկերներն ավելի հստակվեցին ու մատիտներին փոխարինեցին ջրաներկն ու յուղաներկը:
Լույսի, ստվերի ու գույնի ճիշտ ընտրության հարցում կերպարվեստի պարապմունքներին նա ուղղորդվել է ուսուցչի տված խորհուրդներով:
—Իմ նախընտրելի գույնը կանաչն է, այն խորհրդանշում է հանգստություն, գարնան զարթոնքը, ձմռան խոր քնից բնության արթնացումը: Կյանքում ամենից շատ սիրում եմ ծնողներիս, իմ հարազատներին, նաև բնությունը: Իմ սիրելի նկարիչը Մարտիրոս Սարյանն է, ում համոզմամբ առանց ինքնանվիրումի չկա արվեստ: Ես սկսում եմ հասկանալ նրա խոսքերը: Նկարչությունը կմնա իմ սիրելի զբաղմունքը, ինչ վերաբերում է նախընտրելի մասնագիտությանը, որոշել եմ դառնալ ճարտարապետ, Երևանի ճարտարապետական դիմագծում երազում եմ ունենալ իմ փոքրիկ ներդրումը,-ասում է Խաչատուրը:
Իր գունեղ նկարներով Խաչատուրը Երևանում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, Վրաստանում կայացած <Օրանժ Քոբուլեթի> արվեստի միջազգային փառատոն-մրցույթում արժանացել է պատվոգրի: Նման միջոցառումները, բնականաբար ոգեշնչել են նրան, իսկ վերջերս Ձորաղբյուրում անցկացվող Բերքի փառատոնում ներկայացված յոթ նկարներից հինգի վաճառքը էլ ավելի գոտեպնդեց Խաչատուրին, ուրեմն դիտողները հասկանում ու գնահատում են նրա արվեստը: Արարատ սարի, բնության, ծաղիկների պատկերներից բացի Խաչատուրը ստեղծել է նաև Մարտիրոս Սարյանի կնոջ՝ Լուսիկ Սարյանի դիմանկարը: Որոշել է լրացնել դիմանկարների շարքը, իր ընկալմամբ վերարտադրել մարդկային հույզերը:
Իր գաղափարների հետ մեկտեղ կհասունանա Խաչատուրը, կճանաչի կյանքն ու մարդկանց, խորապես կուսումնասիրի հայ և համաշխարհային կերպարվեստի պատմությունն ու նրա հզոր ազդեցությունը հասարակության կյանքում, ու այդ ամենը նրա կտավներում կարտացոլեն այն, ինչը ճշմարիտ է ու գեղեցիկ:
Ա.Ներսիսյան