Աշխարհում շատ կոլեկցիոներներ կան, ովքեր սովորաբար սիրահարված են իրենց հավաքածուներին: Նրանք հավաքում են մետաղադրամներ, նամականիշներ, մեքենաների մոդելներ, գրքեր… Բայց այս ամենը կարելի է ասել սովորական կոլեկցիոներների մասին, մինչդեռ այս դեպքում ամեն ինչ ավելի բարդ է և ավելի հետաքրքիր, քանի որ հոդվածի հերոսը խնդիր է դնում գտնել հազվագյուտ իրեր, ինչը չափազանց բարդ և մտավոր հագեցած աշխատանք է: Իսկ դա բոլորին չէ, որ տրված է: Դրա համար ցանկություն և փող ունենալը քիչ է: Դա անձի գոյության հատուկ տեսակ է, որտեղ խաչաձևում են տարբեր անձնային, մշակութային բաղադրիչներ: Մարդու մասին ամենախոսուն փաստն իր կենսագրությունն ու անցած ճանապարհն են:
Եվ այսպես: Սամվել Բեկչյան, ում մասնագիտությունն ու նախասիրած զբաղմունքը լրացրել են միմյանց, էլ ավելի հարստացնելով ու գունազարդելով նրա կերպարը: Սամվել Բեկչյանը ծնվել է Երևանում: Ավարտել է Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցը: Ուսման ընթացքում հաճախել է « Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության օդաչուների պատրաստման խմբակի պարապմունքներին: Այնուհետև ուսումը շարունակել է Կրեմենչուկի Քաղաքացիական Ավիացիայի ուսումնարանում, ձեռք բերելով ավիացիոն օդաչուի մասնագիտություն, որից հետո Լենինգրադի Քաղաքացիական ավիացիայի ակադեմիայում ստացել է ինժեներ-օդաչուի որակավորում: Երկրորդ մասնագիտություն ստանալու նպատակով Սամվել Բեկչյանն ավարտել է Ուզբեկստանի Նուկուս քաղաքի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Ավիացիայում աշխատած տարիներին նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է 1-ին կարգի օդաչու, օդանավի հրամանատար, «Աէրոֆլոտ Ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ում աշխատելու ընթացքում նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ներկայացուցիչ, «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունում ստանձնել է ներկայացուցիչների հետ աշխատանքի բաժնի պետի պաշտոնը, այնուհետև «Արմավիա» ՍՊԸ -ում աշխատելու տարիներին եղել է Սիրիայի և Լիբանանի տարածաշրջանային ներկայացուցիչ: Առաջնակարգ օդաչուն եղել է նաև Անգոլայի Հանրապետության նախագահ Ժոզե Էդուարդու Դուշ Սանտուշի, ինչպես նաև մի շարք այլ երկրների նախագահների անձնական օդաչուն: Օդաչուի մասնագիտությունն ու զբաղեցրած պաշտոնները նրան հնարավորություն են տվել այցելել բազմաթիվ երկրներ՝ ճամփորդելով մեր մոլորակի անգամ ամենահեռավոր անկյուններով: Եվ դեռ մանկուց նրա մոտ ձևավորված նախասիրությունը /կոնֆետի թղթերի, լուցկու պիտակների, դրամների և դրոշմանիշների հավաքածու / աստիճանաբար վերածվել է կոլեկցիոների մշակույթի հանդեպ «մոլուցքի»:
-Աշխատանքի բերումով եղել եմ շուրջ 79 երկրում, որն ինձ հնարավորություն է տվել ընդլայնել մտահորիզոնս ու ծանոթների շրջանակը: Ուսումնասիրել եմ տարբեր ժողովուրդների մշակույթը, այցելել նշանավոր թանգարաններ, ցանկացել եմ ձեռք բերել մշակութային փոքրածավալ նմուշներ և այսօր հպարտանում եմ իմ եզակի հավաքածուով, որն իմ ներաշխարհի արտացոլանքն է»,- ասում է կոլեկցիոները: Նրան այսօր կարելի է համարել տարբեր երկրների արժույթի կոլեկցիոներ, քանի որ նրա հավաքածուն ընդգրկում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի, աֆրիկյան մի շարք երկրների մշակութային արժեքներ: Հավաքածուում բազմաթիվ են Կարմիր գրքում գրանցված աֆրիկյան սև և կարմիր ամուր փայտից պատրաստված դիմակներն ու արձանիկները, աֆրիկյան ցուլի արծաթապատ զարդանախշերով պատված պոզերը, տպավորիչ է թիթեռի թևերից պատրաստված սկուտեղը, արաբ վարպետի ձեռքով պապիրուսի վրա ստեղծած Մարիամ Աստվածածնի դիմանկարը, հնդկական աստվածուհիների և կավե կարասների, հայ նկարիչների կտավների ու գեղարվեստական նշանակության կավե եզակի ափսեների ընտրանին, հայկական զարդանախշերի հավաքածուները: Մշակութային արժեքների բազմազանությունը գլխապտույտ է առաջացնում: Ինչպե՞ս չհիանալ չինական նրբագեղ շիրմաներով, զենքերի տեսակներով, որոնց թվում է նաև Նապոլեոն Բոնապարտի բանակի հրացանի նմուշը, ջայլամի ձվերի վրա արված նկարիչների գունագեղ նկարներով, խմիչքների և բաժակների հավաքածուներով: Իսկ դեռ արկղերում իրենց շքեղությամբ ու ինքնատիպությամբ որքա~ն օրիգինալ ցուցանմուշներ են սպասում ցուցադրման, որպեսզի զարմացնեն դիտողին:
Սամվել Բեկչյանի խոսքով կոլեկցիոներ լինելը հետաքրքիր է, եթե օրվա ընթացքում անգամ հուզված կամ բարկացած է լինում, բավական է առանձնանա իր հավաքածուների հետ, և ամեն ինչ մոռանում է: Հազարերորդ անգամ դիտած իրը դարձյալ վերցնում, պահում է ձեռքում ու կրկին վերապրում այն ձեռք բերելու պահը, հիշում, թե Տանզանիայի Արուշա քաղաքից ինչպե՞ս ձեռք բերեց իր հավաքածուի առաջին նմուշը՝ փայտե արձանիկը: Հիշողությունները նույնպես հավաքածու են: Իսկ այսօրինակ հավաքածուները պետք է արժանանան նաև հանրության ուշադրությանը: Բացահայտելով անհատ կոլեկցիոներ Սամվել Բեկչյանի՝ որպես մշակութային ժառանգության պահպանման կրողի, հարկ է նշել, որ նրա հանրային դերն ու ներդրումը Էջմիածին քաղաքի իր առանձնատանը բացվող թանգարանի շնորհիվ կստեղծի մշակութային միջավայր, որը կգա լրացնելու հոգևոր քաղաքի կոլորիտը: Համոզված լինենք, որ այն կներկայացվի պրոֆեսիոնալ ձևով, որը կընդլայնի ոչ միայն դպրոցականի, քաղաքի բնակչի և զբոսաշրջիկի մտահորիզոնն ու հետաքրքրասիրությունը, այլև կդառնա Էջմիածին քաղաքի այցեքարտերից մեկը: Նման թանգարանը հայրենասիրություն է, գիտելիք ու ճանաչողություն է, իսկ թանգարանում ցուցադրվող հավաքածուները՝ քաղաքային կյանքի ինտելեկտուալ ուղենիշ են: Հանրությունն ու պետությունը պետք է իմանան, որ կան մարդիկ, ովքեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ մարդկության համար ստեղծում են մնայուն արժեքներ:
Անուշ Ներսիսյան