Մենք կարիք ունենք վերականգնելու մեր հիշողությունը
Սյունիքի մարզի Հալիձոր գյուղը Տաթև խոշորացված համայնքի բնակավայրերից է: Այն իր անունը ստացել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ 10-րդ դարի սկզբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դարը։ Գյուղի ճամփեզրին՝ Տաթևի վանքի ճանապարհին գտնվում է Խրիմյան Հայրիկի գորշ բազալտե, ավելի քան 2 մետր բարձրությամբ հուշաքարը, որից քիչ հեռու նրա հիշատակին կառուցված աղբյուրն է: Խրիմյան Հայրիկի հուշակոթողի հանդիպակաց՝ ծառաթփային բուսականությամբ լեռան ստորոտում երկու հսկա քարաբեկորներ խորհրդավոր ուժով իրենց են ձգում արկածասեր անցորդին: Առաջին քայլից հետո ընկրկելն անհնար է, անգամ սարի անտառապատ թեքությունը չի կասեցնում այն հաղթահարելու ձգտումը, և անծանոթին խորհրդավորը բացահայտելու ցանկությունը անտառի նեղ արահետով տանում է վեր ու վեր: Շուրջ մեկուկես կիլոմետր բարձունքը հաղթահարելուց հետո անցորդի առջև բացվում է ցաք ու ցրիվ ընկած հսկա, մեծ ու փոքր մամռապատ քարեր, զարմանահրաշ մի տարածք, որն իր անցյալի՝ հնամենի բնակատեղիների մնացորդներով վկայում է մի քանի քաղաքակրթություն ապրած ժամանակաշրջանի մասին:
2005 թվականին Հալիձորից Տաթև տանող ճանապարհի անտառային այդ հատվածում հնագույն քաղաքակրթությունների փորձագետ Վազգեն Գևորգյանը հանդիպում է հնամյա քաղաքի ավերակների: Նրա խոսքով տեղանքի ուսումնասիրությամբ զբաղվել է բրիտանացի, հնագույն քաղաքակրթությունների անկախ հետազոտող Գրեմ Հենքոքը, ով Վազգեն Գևորգյանի հրավերով կնոջ՝ Սանտա Ֆայայի հետ 2014-2115 թվականներին այցելելով Հայաստան, մի շարք հնավայրերում՝ Մեծամորում, Ուխտասարում, Տաթևում, Քարահունջում, Որոտնավանքում, Ագարակում, Հաղարծինում, Զվարթնոցում, Հաղպատում, Սանահինում և այլուր իրականացրել է հետազոտություններ: Հենքոքի համոզմամբ 11-13-հազար տարի առաջ Հալիձոր բնակավայրի շրջանում եղել է մեծ աղետ, որի արդյունքում վերացել է տեղի քաղաքակրթությունը:
Հալիձորի ու հարակից Խոտ, Արժիս, Շնհեր տեղանունները նշված են եղել դեռ առաջին աշխարհացույցում / այն կազմվել է V դարում (Մովսես Խորենացի) և շարունակվել, թարմացվել VII դարում (Անանիա Շիրակացի) /: Այդ բնակավայրերը հիշատակվել են անգամ իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սուրբ գրքում՝ Ավեստայում: Հալիձորը նախապատմություն է ունեցել, որի հիմքում էլ ստացել է իր անվանումը: Ըստ վարկածի, քանի որ այս տարածքը հարուստ է եղել ոսկու, պղնձի հանքերով, թերևս մետաղներ են ձուլել, իսկ առաջ մետաղը հայերեն հրահալիք, հալելիք է կոչվել, ուստի տեղանքը կոչել են Հալիձոր: Հաջորդ վարկածով տարածքը կոչվել է հալված քարերի անունով: Գրեմ Հենքոքը հակված է այս տարբերակին, քանի որ ըստ նրա այս բնակատեղին լի է 12 հազար տարվա քարաժայռերի հալվածքի հետքերով: Այսօր ապացուցվում է, որ առանցքից շեղված երկանաքար է հարվածել մոլորակին, եղել է կործանում, նախկին քաղաքակրթության կործանումից հետո ստեղծվել է մեկ այլ քաղաքակրթություն: Այս կարծիքը տարիների ընթացքում հաստատվել է տարբեր երկրների մասնագետների կողմից:
Պայթյունից և հզոր կործանումից հետո մարդիկ ավելի հուսալի կացարաններ են կառուցել: 2008 թվականին պեղումներից հայտնաբերված կճուճի կտորները, քարերը, ճարտարապետական տեսք ունեցող շինությունների լուսանկարներն ուղարկվել են իտալական Վալկամոնիկա քաղաքի հնագիտության ինստիտուտ, որոնք իտալացի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքում թվագրվել են մ.թ.ա. 4 000 տարեկան և ավելի, հաստատելով Հայաստանում նման թվագրությամբ հնավայրի գոյությունը: Հարկ է նշել, որ այդ հետազոտությունները կատարվում են UNESCO-ի անդամ մասնագետների ղեկավարությամբ ու ներկայությամբ:
Կործանված բնակավայրի տարածքում՝ այս ու այն կողմ ընկած հսկայական մամռապատ քարերը վկայում են, որ մարդիկ դրանք օգտագործել են կացարանի կառուցման համար: Դրանցից քիչ հեռու գտնվում են ավելի բարձր քաղաքակրթություն ապրած մարդկանց կացարանների հետքեր: Բնակատեղին հարթավայր է, չունի թեքություն, բնակիչները սողանքների հնարավոր հետևանքները կանխելու նպատակով տարածքը եզրապատել են քարերով:
Բնակավայրի մանրակրկիտ հետազոտության արդյունքներից զարմացած Գրեմ Հենքոքը համոզմունք է հայտնել, որ երկրագնդի վրա երբևէ չի տեսել տարբեր ժամանակաշրջանների քաղաքարթությունների հետքեր պահպանած մեկ ուրիշ վայր: «Հայաստանն այն վայրն է, որտեղից սկիզբ է առել նոր քաղաքակրթությունը:Աշխարհը, կարծես, մոռացել է Հայաստանի մասին, բայց այս երկիրն աշխարհին ցույց տալու շատ բաներ ունի: Իմ այցելությունը հենց այս նպատակով է, որպեսզի աշխարհին ցույց տամ այն, ինչը որ աշխարհը մինչ այժմ չգիտի Հայաստանի մասին»,-ասել է նա:
Կործանված քաղաքի խորհրդավորությունը լրացնում է տարածքում զգացվող կենսաէներգետիկան, սաղարթախիտ ծառերի խշշոցին, թռչունների ու ոտքերի տակ կոտրվող ճյուղերի ձայններին միանում է քարերի խորհրդավոր զորությունը և ակամայից սկսում ես հավատալ անդրանցական իրականության գոյությանը:
Հնավայրն ավելի շատ բան կպատմեր մեզ, եթե պեղվեր շերտ առ շերտ: Սա մեր նախնիների պատմությունն է, մշակույթը, որի պահապանն ենք ճակատագրի բերումով: Մինչդեռ այս խորհրդավոր վայրում հարկ էր որ լինեին հնագիտական պեղումներ իրականացնող մասնագետների աշխատանքի, այլ ոչ թե խնջույքասեր մարդկանց կերուխումի հետքերը:
Մեր հնագույն պատմության վկան հազարամյակների շունչն իրենց մեջ ամփոփած մամռապատ քարերով այս խորհդավոր տարածքն է, այլ ոչ թե պատմամշակութային վայրերին անհամատեղելի, բայցև օրինաչափություն դարձած սննդի օբյեկտները, որոնց օրինականացման թույլտվությունը տրվում է շատ ավելի արագ:
Այնուհանդերձ, Հալիձորի հնավայրը սպասում է դարերի փոշին մաքրող հնագետների այցին, ովքեր մեկ անգամ ևս կհաստատեն, որ մենք < ծերունի > Հռոմից ու Բաբելոնից էլ հին ենք:
Անուշ Ներսիսյան