Տավուշի մարզի Հովք գյուղը նախկինում եղել է Իջևանի շրջանի գյուղերից, սակայն 2015-ից հետո համայնքների խոշորացման արդյունքում բնակավայրը միացվել է Դիլիջանին: Դիլիջան-Իջևան մայրուղուն հարող այս գյուղը մինչև 1988 թվականը ադրբեջանաբնակ էր, այնուհետև գյուղը վերաբնակեցվում է հիմնականում Ադրբեջանի Դաշկեսանի շրջանից գաղթած հայ ընտանիքներով: Հովք անվանակոչվել է 1991 թվականին հարակից լեռան անվամբ:
Հովքի վարչական ղեկավար Հովհաննես Նաղդալյանը Դաշկեսանի շրջանի Զագլիկ գյուղից գաղթած ընտանիքի միակ անդամն է, ով ծնվել է Հովքում: Նրա խոսքով գյուղում փխանակվել են միայն 2-3 տուն, մնացած տները կառուցել կամ գնել են հայ ընտանիքները: Հովքն ունի 480 բնակիչ, 128 տնտեսություն: Փաստացի գրանցվածների թիվը շուրջ 600 է: Գյուղի մանկապարտեզ հաճախում է 18 երեխա, սակայն սննդի բացակայության պատճառով երեխաները մնում են մինչև կեսօր, 56 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում կունենա 4 առաջին դասարանցի: Աշակերտների ցածր թիվը պայմանավորված է արտագաղթով և ծնելիության ցածր մակարդակով: Այս տարի գյուղում ծնվել է 6 երեխա: Հովքը չունի դեղատուն, եղածը փոքրիկ ամբուլատորիա է:
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, ոմանք էլ աշխատանք են գտել Իջևանում կամ Դիլիջանում: Հովքն ունի 403 հա արոտ, 152 հա վարելահող, գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրը տնամերձերն են, ու թեև խմելու ջրի պակաս չունեն, գյուղն ապահովված է 24 ժամյա ջրամատակարարմամբ, սակայն ոռոգման ջրի բացակայությունից ոչ բոլոր հողերն են մշակվում: Բնակավայրը գտնվում է սողանքի գոտում, որոշ տների պատերին տեսանելի են գրունտի անկայունությունից առաջացած ճեղքեր: Սողանքների պատճառով գյուղում չկա ոռոգման համակարգ, ու թեև սողանքները կանխելու համար երբեմն-երբեմն իրականացվում է ծառատունկ, այնուհանդերձ, ոռոգման համակարգի կառուցումը սողանքերի պատճառով մնում է չլուծված, իսկ պոմպակայաններով գետից ջուրը գյուղ հասցնելու համար մեծ գումարներ են հարկավոր:
Հովքում ճանապարհներն անբարեկարգ են: Հովհաննես Նաղդալյանի խոսքով ներկայումս սուբվենցիոն ծրագրով ընթավում են գյուղապետարան-մանկապարտեզ-դպրոց ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, որի համար տրամադրած 60 մլն դրամի 40 %-ը տրամադրում է համայնքը, 60 %-ը՝ կառավարությունը: Ոչ պակաս խնդիր է նաև գազի բացակայությունը, ու թեև գազատարն անցնում է գյուղի փողոցներով, բնակիչները ձմռանը տաքանում են փայտով և գողմաղբով:
Ուսուցման կանաչ կենտրոնը հովքեցու կյանքում մտածելակերպ է փոխում
Հովքի բնակչության կյանքը քիչ թե շատ աշխուժացրել է գյուղին կից Ուսուցման կանաչ կենտրոնի գործունեությունը, որի շնորհիվ որոշ շահառուներ հնարավորություն ունեցան ձեռք բերելու 4 ջերմոց և 3 չորանոց, հողից ստացած բարիքները համալրում են նոր մշակաբույսերով:
Հովքի կանաչ ուսուցման կենտրոնի վաճառքի և տուրիզմի գծով մասնագետ, համակարգող Վլադիմիր Բալասանյանի խոսքով 3 տարի առաջ թիրախային համարվող Հովքում, որտեղ գյուղատնտեսությունը մշակվում էր ավանդական եղանակով, Ավստրիական գործակալության, ԵՄ-ի ֆինանսավորմամբ, ինչպես նաև <Կանաչ արահետ> ՀԿ ղեկավար Նունե Սարուխանյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց <Ուսուցման կանաչ կենտրոնը>:
Կանաչապատ, մրգատու ծառերով ու ծաղկաթմբերով լի կենտրոնի տարածքն առաջին հայացքից խնամված ու հաճելի տպավորություն է թողնում, այն տարածաշրջանում իր տեսակով միակն է:
-Մեր շահառուն խելամիտ գյուղատնտեսությամբ հետաքրքվող բնակիչն է, ով որպես շահառու օգտվում է մեր աջակցությունից: Նախ իրականացնում ենք դասընթացներ, ծանոթացնում ենք բարձրարժեք մշակաբույսերի տեսակներին և սովորեցնում մշակման եղանակաները, ինչպես կազմակերպել մարքետինգը, ինչպես դուրս գալ շուկա,-ասում է Վլադիմիրն ու հավելում, որ նաև աջակցում են ջերմոցների կառուցմանը, անվճար տրամադրում տնկիներ, սերմեր, սածիլներ, օրգանական պարարտանյութեր, գյուղատնտեսական գործիքներ, գյուղատնտեսական խորհրդատվություն:
Կենտրոնը, եթե ոչ հիմնովին, ապա շատ բան է փոխել հողագործի աշխատանքում: Բնականաբար, ավանդական տարբերակը գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաներով փոխարինելը դժվար է հովքեցու համար, սակայն նա կարողանում է այն հաղթահարել գիտակ մասնագետի խորհուրդների շնորհիվ, ու հովքեցին տեսնում ու համոզվում է խելամիտ գյուղատնտեսության շնորհիվ ստացած բերքի տեսականու և որակի առավելությունը: Իսկ շուկայի հարցում նրան օգնում է գյուղմթերքի փառատոնները, որոնք ավանդաբար կազմակերպում է <Կանաչ արահետ> ՀԿ-ն:
Այսօր հովքեցին ավանդական կաղամբի, կարտոֆիլի, վարունգի, լոլիկի, կանաչեղենի հետ մեկտեղ սկսել է մշակել նաև արտիշոկ, բրոկլի, ռուկոլլա, քեյլ /գանգրակաղամբ/, կոլրաբի, գոջի բերրի, լոլիկի նոր տեսականի: Ձմռան ամիսներին ջերմոցներում մշակաբույսերի խնամքը դադարում է, քանի որ գյուղը գազաֆիկացված չէ: Որոշ շահառուներ անցել են կաթիլային համակարգին, բնականաբար, ծրագրի շրջանակում: Իսկ Հովքի դպրոցում աշակերտների ջանքերով ստեղծված ինտենսիվ այգու բարիքը լիուլի օգտագործվում է դպրոցական սննդակարգում: Տավուշի մարզում նման երեք դպրոց կա:
-Հարցնում եք, ինչ է փոխում կենտրոնը համայնքի գյուղատնտեսական կյանքու՞մ: Ասեմ. մեր կենտրոնը մտածելակերպ է փոխում , սովորեցնում է ինչպես օգտագործելով քիչ տարածք ստանալ ավելի շատ եկամուտ, քան եթե հեկտարներով մշակվի այլ մշակաբույս: Իհարկե, մենք դեմ չենք ավանդական մշակաբույսերի մշակմանը,պարզապես մենք փորձում ենք նաև շղթա ստեղծել, որպեսզի աճեցվեն նաև բարձրարժեք մշակաբույսեր, որպեսզի հնարավորինս նվազի մեր երկիր ներկրվող այդօրինակ մշակաբույսերի քանակը: Ուզում եմ, որ մենք ունենանք մերը,-ասում է Վլադիմիրը:
Հովքի բնությունը նպաստավոր է նաև գյուղական զբոսաշրջության զարգացման համար: Կան գիշարակացի համար հարմարեցված տնակներ, որտեղ զբոսաշրջիկները հանգստանում են, վայելում չքանղ բնությունը, սնվում էկոլոգիապես մաքուր սնունդով:
Բազմազավակ կինը երազում է ունենալ ջերմոց: < Եթե մյուսների մոտ ստացվել է, ինձ մոտ նույնպես կստացվի >
Նաիրա Պապյանը Կենտրոնի շահառուներից է, նոր էր եկել կենտրոնի կազմակերպած հերաթական դասընթացից: Հինգ երեխա ունի, մեկ թոռնիկ, ամուսինն ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի: Տունը նախկինում պատկանել է ադրբեջանցիներին, սկեսրայրն ու սկեսուրը գաղթել են Դաշկեսանի շրջանից, որպես բնակատեղի ընտրել Հովքը, հիմնովին քանդել են փլատակված տունն ու կառուցել նորը: Տան ամբողջ հոգսը ուսերին կրող Նաիրան զբաղվում է ոչ միայն գյուղատնտեսությամբ, այլ անասնապահությամբ:
-Միայնակ մնոջ հոգսը շատ է, օգնող չունեմ, մեծս՝ աղջիկս, 23 տարեկան է, իր ընտանիքն ունի, փոքրս՝ 3 տարեկան է: Ձի, կով, հավ, հողամաս ունենք, ցանում եմ ամեն ինչ,- ասում է Նաիրան:
Բազմազավակ ընտանիքում ավագ երկու տղաներից մեկն ամուսնացած է, սակայն այս ձմռանը կմեկնի զինվորական ծառայության, մյուսն առողջական խնդիր ունի: 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ, բայց երբ ռազմական ոստիկանությունում բացահայտվել է նրա հիվանդությունը, ետ է ուղարկվել:
-Լսեցի, որ Հովքում Ուսուցման կենտրոն է բացվել, շտապեցի գրանցվել, թեև առանց այն էլ ծանրաբեռնված էի տան գործերով: Կենտրոնից ստացել եմ մրգատու ծառեր, բրոկլի, անցյալ տարի առաջին բերքը ստացա՝ 2 կգ բրոկլի, շատ էի ուրախացել, այս տարի կարծում եմ ավելին կստանամ: Եկող տարի տարածքը կավելացնեմ: Բացի դա մշակում եմ նաև լոբի, վարունգ, պոմիդոր: Երեք կով ունեմ, կաթի մի մասը փոխանակում եմ այլ մթերքների հետ: Գոհ եմ, կարողանում եմ յոլա տանել,-ավելացնում է Նաիրան:
Թեև սեփական բիզնես ձեռնարկելու հնարավորություն չունի, սակայն երազում է ունենալ ջերմոց: <Կենտրոնում խոստացել են օգնել, սպասում եմ, մինչ ամուսինս գա, որ նախաձեռնենք: Եթե մյուսների մոտ ստացվել է, ինձ մոտ նույնպես կստացվի>:
Անուշ Ներսիսյան