Ավանդույթները ծեսերի, սովորույթների համակարգ է, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ և հանդիսանում են հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը: Ավանադույթներ ունեն բոլոր ժողովուրդները, ու ժամանակի ընթացքում նրանք ներկրել են միմյանց սովորույթները, որքան էլ դրանք հեռու են եղել իրենց ազգային արժեքներից:
Դրանցից է Հելոուինի տոնը: Դեռևս 835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ Արևմտյան եկեղեցին հաստատեց «Բոլոր սրբերի տոնի հիշատակումը կատարել Նոյեմբերի 1-ին, ինչի համար հոկտտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն սկսեց կոչվել All Hallows Eve՝ Բոլոր սրբերի նախօրե: Հետագայում արտահայտությունը բառափոխվեց և ստացավ Hallowen անվանումը: Թեև Հելոուինը հիմնականում համարվում է ամերիկյան տոն, սակայն տարեցտարի ավելի շատ երկրներ որդեգրեցին այն, թեև նրանք, ովքեր նշում են այդ տոնը, չգիտեն, որ Հելոուինի հետ կապված արարողությունները, օգտագործվող խորհրդանիշներն ու դեկորացիաները կապ ունեն գերբնական արարածների ու մոգական ուժերի հետ և հեթանոսական ծագում ունեն: Չար ոգիներին քշելու համար շաղգամը փորում էին և դրա մեջ մոմ դնում, որը ոմանց համար խորհրդանշում էր քավարանում գտնվող մարդու հոգին։ Հետագայում սկսեցին դդում օգտագործել։
Վերջին տարիներին այդ օտար ավանդույթը ներկրվել և մեծ շուքով նշվում է նաև Հայաստանում, որի մոլի մասնակիցները հիմնականում երիտասարդներն են, որոնցից շատ-շատերն անտեղյակ են հայկական ավանդական ծեսերին ու սովորույթներին: Մինչդեռ հայի գենն ամփոփված է նաև ազգային ծեսերում և ավանդույթներում, որոնցից մեկը Ղափամայի տոնն է, քանզի ղափաման մեր ազգային խոհանոցի այցեքարտն է, մեր մշակութային ժառանգությունը:
Այս գիտակցումով էլ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի նախադպրոցական կրթարանի մանկավարժական կազմի /տնօրեն՝ Նվարդ Խաչատրյան, դաստիարակ՝ Արմինե Ավետիսյան, երաժշտության դաստիարակ՝ Մարո Նահապետյան, դայակ՝ Ռուզան Ավետիսյան / ջանքերով նոյեմբերի 15-ին երեխաների մասնակցությամբ կազմակերպել էր Ղափամայի տոնին նվիրված ցերեկույթ:
Վաղ առավոտյան երեխաները տոնական հանդերձանքով և վառ տրամադրությամբ եկան մանկապարտեզ: Գիտեին, որ այդ օրն ուրախ էր անցնելու: Ղափամայի տոնը գեղեցիկ ու երկար սպասված տոն էր մանուկների համար:
Ցերեկույթը սկսվեց Դդմիկի և Հելոունի վեճով: Դդմիկը դժգոհ դիմում է Հելոուինին. < Ինչու ՞ ես եկել մեր երկիր, քեզ ո ՞վ է հրավիրել, մենք մեր ծեսն ու ավանդույթն ունենք>: Հելոուինը պատասխանում է.<Եթե չեք հրավիրել, ապա ինչու ՞ են ձեզ մոտ բոլորը նշում այդ տոնը, ու շատ լավ էլ անցնում է>:
Ի պատասխան Հելոուինի այս խոսքերի, երեխաները հանդես եկան վառ, գեղեցիկ ու գունազարդ հանդերձանքով, հայկական ավանդական երգ ու պարով, իրենց սքանչելի կատարումներով հիացնելով ներկաներին: Նրանց էր միացել նաև երաժշտության դաստիարակ Մարո Նահապետյանը, ով իր հոգու ողջ ջերմությունը հաղորդում էր սաներին: Պակաս ոգևորված չէին նաև կազմակերպիչներն ու ծնողները, ովքեր ջանադրաբար մասնակցել էին թե երեխաների հանդերձանքի, թե տոնական մթերքներով ցերեկութի ձևավորման աշխատանքներին:
«Ղափամայի շուրջ մի լեգենդ է պտտվում. դդումը երկրագունդն է, բրինձը՝ համայն մարդկությունը, չրերը և ընկուզեղենը՝ տարբեր հավատքի և ազգային պատկանելություն մարդիկ են, որոնք միավորված են մեղրով: Ըստ լեգենդի՝ բոլոր ազգերը հարևաններ են, իսկ երկրագունդն այնքան փոքր է, որ այնտեղ պետք է միայն բարիդրացիական մթնոլորտ տիրի»,-ասում է Մարո Նահապետյանն ու հավելում,-Առհասարակ, ամենապայծառ և անմոռաց հիշողությունները մանկության հուշերն են, ամենամնայուն գիտելիքը՝ թերևս մանկապարտեզում ստացած գիտելիքն է, հատկապես, երբ դրանք վերաբերում են ազգային տոներին, երգերին ու պարերին: Հայ մանուկը նախակրթարանից սկսած պետք է մեծանա հայերեն ու թող բարին բույն դնի մեր սրտերում: Սիրե՛նք, ժպտա՛նք, ապրե՛նք >:
Անուշ Ներսիսյան