Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի մանկապարտեզի երաժշտության դաստիարակչուհի Մարո Նահապետյանը Noratert-ի հետ զրույցում ասում է, որ մանակապարտեզում բացվել է երրորդ խումբը, ինչը վկայում է, որ գյուղում ավելանում է երիտասարդ ընտանիքների թիվը: Մարո Նահապետյանը խոսեց, որ իր հրատարակած <Մանկական երգերի ժողովածուն> հաստատվել է կրթության նախարարության կողմից: Ժողովածուում ընդգրկված են բնությանը, կենդանիներին, հայրենիքին, երեխայի առօրյային, երազանքներին ու խաղերին նվիրված երգեր, որոնք նախատեսված են նախադպրոցական և տարրական դասարանների աշակերտների համար: Մարո Նահապետյանը երեխաների երաժշտական գիտելիքների հարստացման նպատակով ծրագրում է ստեղծել նաև երաժշտական լոտո: < Թող ոչ ոք չկարծի, թե գյուղում կյանքն անհետաքրքիր է: Պարզապես կցանկանայի, որ գյուղում ստեղծվեր մանկական զարգացման կենտրոն, որտեղ երեխաները ժամանակ կանցկացնեին, կհաճախեին տարբեր խմբակների: Ծնողները հարկադրված չէին լինի երեխաներին տանել Երևան, ինչը շատերի համար խնդիր է: Մեր գյուղի աղջիկները լավն են, մանկապարտեզ հաճախող երեխաների նիստ ու կացից, վերաբերմունքից նկատվում է, թե նրանց երիտասարդ ծնողներն ինչպես են մտածում, ապրում, դաստիարակում սեփական զավակներին: Ինչպես իրենք են, այնպես էլ իրենց զավակներն են: Սերնդով է հարատևում համայնքի կյանքը> ,-ասում է Մարո Նահապետյանը: