Տավուշի մարզի Կողբ գյուղում գործող Վասիլ Ղարախանյանի քարի ու թելի արտադրամասում ամեն օր լսվում է աշխատող հաստոցների ձայնը: Մոսկվայում 27 տարի ապրելով, այնուհանդերձ որոշեց վերադառնալ հայրենի գյուղ և տեղում հիմնել սեփական բիզնես: Պատմում է, որ գիշերը գլուխը բարձին դնելիս միշտ մտածել է ընտանիքի հետ Հայաստան վերադառնալու մասին: Արդեն երկուսուկես տարի է, ինչ վերադարձել է: Շատ պատահական ծանոթներից մեկի մոտ նկատելով ԵՄ—ի Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ծրագրի վերաբերյալ բուկլետը, ծանոթանում է բովանդակությանն ու որոշում օգտվել ծրագրից, սկսել այն, ինչի մասին որոշել էր դեռևս Մոսկվայում:
Կարճ ժամանակ անց ձեռք բերեց տարածք, այնուհետև կազմակերպությունն օժանդակեց մետաղյա կոնստրուկցիաներով, պատուհաններով, թիթեղներով ու…ջերմ վերաբերմունքով: Վասիլի խոսքով ներդրումը եղել է 3/4 /կազմակերպության/ և 1/4 / իր կողմից/ հարաբերակցությամբ: Իր իսկ ստեղծած հաստոցով արտադրում է ցանցեր, թելեր, որոնք հետո վերածվում են պարանների, ներկվում տարբեր գույներով և կիրառվում շինարարության, գյուղատնտեսության, նաև անվադողերի մեջ ու կենցաղում: Վասիլն իր արտադրանքն իրացնում է կից քաղաքների և գյուղերի խանութներում: Նրա խոսքով Մոսկվայում դեռ թելի բավականին հումք ունի, որը մտադիր է տեղափոխել Կողբ:
Արտադրամասի մի անկյունում տեղադրված մեկ այլ հաստոցով Վասիլ Ղարախանյանը քարերից սալիկներ է արտադրում:
—Սա իմ մտահղացումն է: Քարերը բերում եմ Դեբետ գետից, իմ պատրաստած հաստոցի վրա մշակում եմ, արդյունքում ստացվում են հիանալի գույնի ու տեսքի սալիկներ: Յուրաքանչյուր քար ունի լուրահատուկ գույն ուձև, միմյանց չկրկնող: Ընտրում եմ այնպիսինները, որոնք չափերով կհամընկնեն հաստոցի հետ: Քարերի հետ աշխատանքը բարդ է ու ժամանակատար, մեկ օրում հնարավոր է կտրել միայն մեկ քառակուսի մակերես սալիկ: Մշակվում են տարբեր ձևի ու հաստության քարեր, որոնք կիրառվում է սալիկապատման, դռների ձևավորման համար: Պատվիրատուներից դժգոհություն չեմ լսել,-պատմում է Վասիլը:
Լինելով սկզբունքային ու պատվախնդիր, Վասիլը կարևորում է ոչ այնքան գումարը, որքան աշխատանքի որակն ու սեփական վարկանիշը. <Քո արտադրանքը պետք է մարդկանց դուր գա ու դու էլ քո արտադրածից պետք է հաճույք ստանաս>,-համոզված է նա:
Քարի մշակման գաղափարը սեփական մտահղացումն է եղել դեռևս Մոսկվայում ապրած տարիներին, իսկ պարանների գաղափարը նրան հուշել է համացանցը:
Վասիլ Ղարախանյանի համար պակաս կարևոր չէ նաև աշխատանքային միջավայրի գեղագիտական տեսքը. <Ցանկանում եմ նաև իմ արտադրամասի շրջակայքը ծաղկապատել, ինձ համար հաճելի է միջավայրը, որտեղ աշխատում եմ, իսկ իմ ստեղծածը պետք է ունենա բարձր մակարդակ, այն պետք է տարբերվի մյուսների արտադրանքից ու արվի լավագույնս»,- ասում է Վասիլ Ղարախանյանը:
Անուշ Ներսիսյան