Մեր հյուրն է ««Երևանյան ակադեմիա» հասարակագետների միջազգային ընկերակցություն» ՀԿ—ի համանախագահ, սոցիոլոգ Վարդան Գևորգյանը
— Կամային թույլ հատկանիշներ և սեփական շահերի պաշտպանության անկարողություն դրսևորող քաղաքացին Մոնտեսքյոյի բնորոշմամբ հետո դառնում է լավ ստրուկ: Ձեր կարծիքով քաղաքացիական և բարոյահոգեբանական ի՞նչ կարգավիճակում է հայ քաղաքացին:
— Ցավով պետք է նշեմ, որ մեր հասարակության մեծամասնությունն այսօր չի զգում քաղաքացիության էությունը և քաղաքացի լինելու ողջ հմայքը: Բնականաբար դա իր պատճառներն ունի: Նախկինում մեզանում որոշակիորեն ձևավորվել էր Խորհրդային Միության քաղաքացի լինելու զգացումը, որն իմ կարծիքով խաբուսիկ էր, այն առումով, որ մենք կտրվելով մեր ազգային-պատմական արժեքներից` մեզ աշխարհի հզորագույն պետության քաղաքացի էինք կարծում, որտեղ չնայած իրավաբանորեն հայտարարված էր միացյալ քաղաքացիություն, այնուամենայնիվ բոլոր ազգերը փաստացի իրավահավասար չէին:
— Դուք ասում եք, որ խորհրդային տարիներին մենք ստրուկ էինք, իսկ մի՞թե այսօր ավելի ազատ ենք, քան նախկինում:
— Այն տարիներին մեծամասամբ եղել ենք չգիտակցված ստրուկներ, թեև շատերը կարող են չհամաձայնել ինձ հետ: Իսկ ովքեր էլ գիտակցել են` թանկ են հատուցել դրա համար: Այսօր Հայաստանում խիստ պակասում է քաղաքացիական գիտակցությունը, որովհետև այդպիսի գիտակցություն ունեցող ասելով ես հասկանում եմ մարդ, ով իր ապրած երկրի նկատմամբ ունի տիրոջ զգացում, այդ թվում` ամենից առաջ պատասխանատվության զգացում, հետո միայն` այդ երկրի բարիքներից օգտվելու հնարավորություն և իրավունք: Այսօր մեր երկրի բնակիչներից ուղղակիորեն խլվել է տիրոջ զգացողությունը, ինչպես նաև` իշխանության ձևավորմանը մասնակցելու բարձրագույն քաղաքական իրավունքը, որն անհատին հնարավորություն է տալիս դառնալ քաղաքացի: Հայաստանում փաստացի իշխող մենաշնորհային տնտեսակարգը խստորեն սահմանափակել է մարդկանց նաև տնտեսական իրավունքները: Դրական բարոյա-մշակութային արժեքները նույնպես զարգացման հնարավորություն չունեն, քանի որ մեծապես պայմանավորված են վերը նշված երկու իրավունքների բացակայությամբ: Ազատ և պատասխանատու անձ կարող է լինել այն մարդը, ով, որպես կանոն, ունի տնտեսական որոշակի անկախություն և քաղաքական երաշխիքներ, որ ինքը կարող է այդ երկրում որևէ բան փոխել: Իսկ քաղաքականապես ճնշված, անազատ, սահմանափակ սոցիալ-տնտեսական հնարավորություններ ունեցող և շատ հաճախ զրկանքներով ապրող մարդուց քաղաքացիական բարձր գիտակցություն ու գործելակերպ ակնկալելն անիմաստ է: Սա է պատճառը, որ քայլ առ քայլ մեր քաղաքացիներից շատերը փաստացի համալրում են չհայտավորված ստրուկների շարքերը, ովքեր պատրաստ են հանապազօրյա հացի համար մի քանի հազար դրամով վաճառել իրենց բարձրագույն իրավունքները:
— Այստեղ թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ: Չէ՞ որ քիչ չեն նրանք, ովքեր չեն գայթակղվում գումարով և ակտիվորեն մասնակցում են ժամանակ առ ժամանակ անցկացվող բողոքի ակցիաներին, հանրահավաքներին ու երթերին:
— Ինչպես տեսաք, ես չեմ խոսում ողջ հասարակության մասին: Այո, բարեբախտաբար, մեզանում դեռևս քիչ չեն իրենց ազատության արժեքը գնահատող, բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդիկ, որոնք չեն վախենում պայքարել իրենց իրավունքների համար` հանրահավաքներին մասնակցելով ու այլ ձևերով: Սակայն հակաժողովրդավարական ուղղվածության գործընթացների տևականությունը կարող է տարեցտարի կրճատել ազատ քաղաքացիների թիվը` մեծացնելով անազատության հետ հարմարված ստրուկների զանգվածը:
— Մեզ համար լիդերի գոյությունն անհրաժեշտություն է, սակայն եղած ժամանակ ըստ արժանվույն չենք գնահատում: Արդյո՞ք մենք կոլեկտիվ հավաքականություն ենք, թե՞ մեզնից յուրաքանչյուրն իրեն է ցանկանում տեսնել լիդերի դերում: Չե՞ք կարծում, որ սա ևս էթնիկ խառնվածքի դրսևորման մի ձև է:
— Լիդեր ասելով ես նախ նկատի ունեմ մարդու, ով խառնվածքով, մտավոր ու ֆիզիկական հատկություններով և որոշակի դրական արժեքներով ի վիճակի է որևէ խմբում դառնալ առաջնորդ, անհատականություն: Համազգային լիդերի մասին խոսելիս, ի թիվս վերը նշված հատկությունների, պետք է նկատի ունենալ նաև ազգային արժեհամակարգի առանցքային արժեքների հետ խորը նույնականացումը: Իսկ այդ լիդերին այսօր ամենևին էլ պարտադիր չէ փնտրել մեզ շրջապատող հայտնի դեմքերի մեջ, որովհետև նա այս պահին կարող է անկյուն նետված և չերևացող մի կարգավիճակում լինի:
— Իսկ ժողովուրդը ներքին մղումով չէ՞, արդյոք, իր համար ընտրում լիդեր` Վարդան Մամիկոնյան, Պապ, Անդրանիկ, Նժդեհ…
— Կարծում եմ` միայն ներքին մղումով ու զգացմունքայնությամբ ընտրվածը գուցեև կարող է մեկ-երկու ճակատամարտի հոյակապ առաջնորդ լինել, բայց ոչ` երկարատև պատերազմի: Ինչ վերաբերում է պատմական լիդերներին, ապա ընդամենն ասեմ, որ նրանց մասին միշտ չէ, որ պատմությունը մեզ օբյեկտիվ տեղեկություններ է տվել: Ժամանակակից հայ ազգային լիդերի համար միայն ազգային, պատմական արժեքների կրողն ու գիտակը լինելը քիչ է. այսօրվա առաջնորդը պետք է գերազանց զգա նաև ժամանակակից համաշխարհային զարգացումների տրամաբանությունը, ոչ միայն գերազանց իմանա համաշխարհային «մեծ երթևեկության» կանոնները, այլև կարողանա այդ սրընթաց երթևեկության մեջ լավագույնս վարել մեր ազգի «փոքրիկ ավտոմոբիլը»` ապահովելով դրա անվթար ու անխափան ընթացքը, որպեսզի աշխարհի ժողովուրդների խայտաբղետ քարտեզի վրա պահպանենք մեր գույնը և շատ ժողովուրդների պես չհայտնվենք պատմության ճամփեզրին:
— Մեզ այսօր դա հաջողվո՞ւմ է:
— Իհարկե` ոչ, այլապես մենք նորմալ պետություն կլինեինք, և նման զրույցի կարիք էլ գուցե չլիներ:
— Մարդը ձգտում է մեկուսացման, դա չի՞ քայքայի հասարակությունը:
— Միանգամից ասեմ, որ մարդու մեկուսացումը ոչ մի տարբերակով ցանկալի չէ: Սակայն այսօր մենք գործ ունենք երկու տիպի մեկուսացման հետ: Մի բան է գլոբալացման արդյունքում մարդու մեկուսացումը, որը հետևանք է նյութատեխնիկական պայմանների ու հաղորդակցական տեխնոլոգիաների գերզարգացման, երբ մարդկանց զգալի մասը, ի տարբերություն նախորդ դարաշրջանների, իր կյանքի համար անհրաժեշտ առաջնային պահանջները բավարարելու գործում այլևս չի զգում այլ մարդկանց, տարբեր տիպի կոլեկտիվների կարիքը: Ավելի վտանգավոր է այն տարբերակը, երբ մարդը մեկուսանում է իր իսկ ազգային պետության կողմից լքվելու, քաղաքականապես և հոգեբանորեն պաշտպանված չլինելու արդյունքում: Պայքարելով առաջին տիպի մեկուսացման վտանգի դեմ` հաճախ անտեսում ենք երկրորդը: Այս առումով գերխնդիր է դառնում մարդու պաշտպանությունը երաշխավորող հաստատությունների պահպանումն ու զարգացումը: Երկար ժամանակ պետականություն չունենալով` մեզանում որպես այդպիսի նշանակալի հաստատություն եղել է ընտանիքը` բյուրեղանալով որպես ազգային-ավանդական բարձրագույն արժեքներից մեկը: Մյուս կողմից, սակայն, մշտապես բացարձակացնելով ընտանիքի դերը` շարունակում ենք նրանով փոխարինել սոցիալական այլ համակարգերի, այդ թվում` համայնքի, պետության և հասարակության դերն ընդհանրապես, որի արդյունքում 21-րդ դարասկզբում դեռևս մեզանում շարունակում է գերիշխող մնալ ընտանեկան-կլանային մտածելակերպը` խանգարելով համապետական, համազգային մտածելակերպի ձևավորմանը, առանց որի անհնար է ազատ քաղաքացու ձևավորումը:
— Անկախությունը բացարձակ արժեք է, իսկ կա՞, արդյոք, բացարձակ անկախություն:
— Այո, անկախությունը բացարձակ արժեք է, սակայն ցավալի է, որ մեզանում այն հաճախ արժեզրկվում է, չի գիտակցվում, որ մեզ անկախ պետություն ունեցող ազգ լինելու` գուցեև պատմականորեն վերջին հնարավորությունն է տրված: Ինչ վերաբերում է բացարձակ անկախ պետությունների գոյությանը, ապա այդպիսիք չեն եղել անցյալում, առավել ևս չկան այսօր, երբ մոլորակի բոլոր երկրները փոխկապված են տեղեկատվական, տեխնիկական, տրանսպորտային, ռազմաքաղաքական և տնտեսական առումներով: Ինչ վերաբերում է մեր երկրի փաստացի անկախությանը, ապա Հայաստանն այսօր հասել է անկախության պահպանման համար անհրաժեշտ ռեսուրսների մսխման վտանգավոր սահմանագծին:
Հեղինակ` ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ