Ավարտվում է ուսումնական տարին. կատարված աշխատանքների, ձեռքբերումների և տարեվերջյան ամփոփումների մասին զրուցեցինք Երևանի թիվ 82 դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանի հետ, որի մասին դպրոցին առնչվող յուրաքանչյուր ոք պատմում է, որ նա անուն առ անուն գիտի իր ղեկավարած դպրոցի շուրջ յոթ հարյուր աշակերտներին և դպրոցի հետ կապը պահպանող նրանց ծնողներին և անգամ տատիկ-պապիկներին: Ի դեպ դպրոցում վստահեցնում են, որ իրենց տնօրենը երբևէ ձայնը չի բարձրացնում և հենց դրանով էլ զինաթափում է դիմացինին.
— Չեմ ուզում ամպագոռգոռ արտահայտություններ անել, բայց իսկապես չեմ հասկանում միջանցքում գոռգոռացող ղեկավարներին: Ասելիքդ, պահանջդ շատ ավելի շուտ և նպատակային կարելի զրուցակցին, առավել ևս երեխային, հասցնել մեղմ ու հանգիստ տոնով: Փոխվել է նախկին ժամանակներին բնորոշ ավտորիտար մոտեցումը կրթության ոլորտում, երբ կարևորվում էր ոչ թե անձը, աշակերտը, այլ բուն համակարգը, ուսումնական գործընթացը: Ներկայում առավել գործունակ է աշակերտակենտրոն դպրոցի մոդելը: Ինքս անձամբ առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով. այն, ինչ ժամանակին ինձ դուր չի եկել՝ երբ աշակերտ էի, երբ ուսուցիչ էի և ապա՝ ծնող, չանել արդեն տնօրենի կարգավիճակում: Պետք է լինել հանդուրժող, փորձել գրավել երեխաներին, հոգի տալ նրանց համար, դիմել աշակերտին անունով, այլ ոչ թե, ասենք, տղա՛, աղջի՛կ:
Անկառավարելի երեխաներ չկան, ես իմ ուսուցիչներին հորդորում եմ այդ հասկացությունից հրաժարվել, ինչպես ասում էր տատիկս՝ պետք է երեխայի տամարը (երակը) բռնել:
— Մասնագետները համարում են, որ ընտանիք-դպրոց ներդաշնակ տանդեմի դեպքում շահում են երեխաները: Ինչպե՞ս եք գնահատում ծնողների ներգրավվածությունը դպրոցի աշխատանքներում:
— Դպրոցը վարում է բաց և թափանցիկ գործունեություն: Ծնողները մեզ հետ մշտական կապի մեջ են, որը դրսևորվում է ոչ միայն դպրոցական միջոցառումներին մասնակցությամբ: Մեծ է նրանց ներգրավվածությունը նաև հընթացս ծագող խնդիրների կարգավորման առումով: Նրանք ազատ բարձրաձայնում են այդ խնդիրների մասին, քննարկում մեզ հետ, իրենց դիտողություններն ու առաջարկությունները հայտնում: Մյուս կողմից՝ երեխան իր հետ դպրոց է բերում ընտանիքի տրամադրությունները՝ լավ թե վատ, և եթե ընտանիքում կան հարցեր, որոնք բացասաբար են անդրադառնում երեխայի վրա, մենք փորձում ենք օգտակար լինել, և դա տալիս է իր դրական արդյունքը:
— Իսկ աշակերտների ներգրավվածությո՞ւնը:
— Աշակերտներն աշակերտական խորհրդի միջոցով ակտիվորեն մասնակցում են դպրոցի աշխատանքներին: Այն հանգամանքը, որ նրանք լրջորեն են վերաբերվում խորհրդի ընտրությանը, իրականացում ակտիվ քարոզարշավ՝ ներկայացնելով գործունեության ծրագրեր և իրականացնելով արդար ու թափանցիկ ընտրություններ, արդեն իսկ խոսում է նրանց հասունության, քաղաքացիական ակտիվ դիրքորոշման մասին: Խորհուրդն աշխատում է կոլեկտիվի հետ, ակտիվորեն մասնակցում մշակութային, սպորտային ծրագրերի իրականացմանը և պարբերաբար ներկայացնում է հաշվետվություն կատարած աշխատանքների մասին: Համադպրոցական ամենամյա ավանդական միջոցառումներից բացի, մասնավորապես անցկացվում են երգի, պարի, լավագույն երաժշտի, ասմունքի մրցույթներ, մեր դասականների հոբելյանական տարեթվերին նվիրված ցերեկույթներ, գիտաճանաչողական բնույթի խաղ-վիկտորինաներ, ֆուտբոլի, բասկետբոլի և սպորտային այլ մրցումներ: Այս ամենը նպաստում է դպրոցի, ուսման նկատմամբ սիրո, ուշադրության ձևավորմանը:
Առհասարակ աշակերտները կարող են դիմել տնօրինությանն իրենց հուզող ամենատարբեր հարցերով և խնդրանքով, և եթե բարձրացված հարցերում իրենք իրավացի են, ապա հօգուտ իրենց էլ լուծվում է հարցը: Արդարացի և հիմնավորված պահանջն անպայման բավարարվում է:
— Դպրոցը, կրթական համակարգն առհասարակ, որքանո՞վ են կարողանում գիտության զարգացման ներկա արագընթաց տեմպերին համընթաց քայլել:
— Այո, աշխարհն անչափ արագ է զարգանում, և այդ նույն աշխարհից կտրված չլինելու համար հարկավոր է համընթաց քայլել գիտատեխնիկական առաջընթացին: Տեսեք, եթե առաջ դասագրքերը վերահրատարակվում էին տևական ժամանակ անց, հիմա դրանք երեք տարին մեկ պարբերաբար խմբագրվում և վերախմբագրվում են: 2023-2024թթ. կրթական չափորոշիչներով շեշտադրումը դրվելու է կարողունակությունները՝ գիտելիքը կիրառելու հմտությունները, մեծացնելու վրա: Արդեն իսկ 2-րդ դասարանում երեխաններն անցնելու են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան, և հիմնական շեշտադրումն արվելու է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) ոլորտների զարգացման վրա: Կարևորվում է նաև աշխարհը ճանաչելու, համաշխարհային գործընթացներին ինտեգրվելու գաղափարը: «Իմ հայրենիքը և աշխարհը» առարկայով նախկին հայրենագիտությունն ընդլայնվել է և ավելացել է աշխարհաճանաչողությունը: Ի դեպ, նոր չափորոշիչներով աշակերտն ընտրության հնարավորություն ունի. պետական ծրագրից բացի գործում է նաև դպրոցական բաղադրիչը՝ սովորողն իր ընտրությամբ տարբեր խմբակների և ծրագրերի կարող է մասնակցել, որն առավել նպատակային է դարձնում ուսումնառությունը:
— Թիվ 82 դպրոցին բնորոշող ի՞նչ առանձնահատկություն կնշեք:
— Կառանձնացնեմ երեք կարևոր գործոն. նախ՝ մենք չենք մրցակցում, չենք փորձում լավը երևալ, բայց աշխատում ենք լինել ավելի լավը, քան նախորդ օրը: Երկրորդ՝ մեզ համար շատ կարևոր է աշխատանքի բովանդակությունը և ոչ թե՝ ձևը: Երրորդ՝ մեզանում դպրոցը նույնականացվում է ընտանիքին: Մենք մի ընտանիք ենք, մեր մեծ ու փոքր խնդիրներով ու հաջողություններով: Հաջողություններով ոգեշնչվում ենք, խնդիրները փորձում ենք հաղթահարել մեր ուժերով:
— Այսօր կրթական համակարգի կարևորագույն խնդիրներից է ներառական կրթության կազմակերպումը…
— Շուրջ 9 տարի աշխատել եմ Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների թիվ 8 հատուկ կրթահամալիրում: Այդ տարիների աշխատանքային փորձը մեծ դպրոց էր ինձ համար, որը թույլ է տալիս հեշտ և անցնցում կազմակերպել ծնողների և աշակերտների հետ տարվող համալիր աշխատանքը: Շատ լավ է, որ բուհերն էլ այդ խնդրին մեծ կարևորություն են տալիս. 2010 թվականից սկսած՝ ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են: Այս գործընթացի հաջողությունը մեծ համբերատարությունն ու հանդուրժողականությունն է և երեխաների մոտ գիտակցության ամրապնդումը, որ բոլորս մի ընտանիք ենք, քույր և եղբայր: Մենք շատ ենք խոսում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների (ԿԱՊԿՈՒ)՝ հասարակությանն ինտեգրվելու, կյանքում իրենց տեղը գտնելու խնդիրների մասին, հաճախ մոռանալով, որ դա սկսվում է դպրոցից, բակից, շրջապատի կողմից նրանց՝ որպես հավասարի ընկալելու կարողությունից: Հենց այդ նպատակով ամենօրյա ռեժիմով ներդաշնակորեն աշխատում ենք ծնողական և աշակերտական համայնքի հետ: Մասնավորապես, վերջերս դպրոցի 1-ին դասարանների «Այբբենարանի» հանդեսին առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մեր փոքրիկ առաջին դասարանցիները իրենց հնարավորության սահմանում բավականին ակտիվորեն ներգրավված մասնակցեցին՝ բոլորի հետ պարելով, երգելով ու արտասանելով: Ունենք մեկ տասնյակից ավելի ներառված աշակերտներ, թեև իրականում չեմ սիրում այդպես անգամ մոտավոր թվով առանձնացնել խնդրով երեխաներին: Դա արդեն իսկ տարանջատում է. ես իմ աչքերով եմ տեսել, թե որքան հրաշալի մարդիկ կան նրանց մեջ և որքան՝ տաղանդավոր: Ողջունելի է նաև, որ ԿՏԱԿ համակարգում «ԿԱՊԿՈՒ» կոճակը վերացվել է, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն այլևս չեն առանձնացվում աշակերտների ընդհանուր թվից. դա ևս խտրականության յուրօրինակ շեշտում էր:
Իրականում մենք ունենք նաև անխնդիր երեխաներ, որոնք ևս առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն: Ոչ ոք երաշխավորված չէ, թե վաղն ինչ կկատարվի իր հետ:
— Ինչպե՞ս եք ամփոփում տարին:
— Դպրոցը կենդանի օրգանիզմ է, սարքավորում չէ և չի կարող կատարյալ լինել: Իհարկե, ունենում ենք բացթողումներ, թերացումներ, որոնք ամփոփում ենք մեր տարեվերջյան հաշվետվություններում: Դա մեր գնահատականն է մեր աշխատանքին, որից հետևություններ ենք անում, շտկում մեր մոտեցումները, փոխվում ենք ինքներս:
Անձամբ ամեն օր վերլուծում եմ, թե ինչ եմ բացթողել, և ինչ կարելի էր անել: Անելիք շատ կա, և ամեն անգամ վերլուծելիս նորից ու նորից համոզվում եմ, որ մանկավարժ լինելը նշանակում է նվիրյալ լինել, ես կասեի՝ խենթ նվիրյալ, այլապես արդյունքի չես հասնի: Իմ ըմբռնմամբ՝ ուսուցիչները միսիոներներ են: Գիտեք, մասնագիտության ընտրության շուրջ շատերի նման մտածել ու երկմտել եմ, մինչև հայերենի իմ կրկնուսույցի հետ հանդիպումը հիմնովին փոխեց իմ պատկերացումներն ու խառնիխուռն մտքերը՝ դարձնելով դրանք հստակ և համակարգված: Նա ինձ սովորեցրեց սիրել մայրենի լեզուն, ուսումնասիրել այն, բացահայտել նրանում ամբարված բազմաշերտ գանձերը: Այդպես, իմ այս պատմության օրինակով համոզվեցի, թե որքան մեծ դերակատարություն ունի մանկավարժն աճող սերնդի կայացման, աշխարհայացքի ձևավորման հարցում: Ուսուցիչն օրինակելի մոդել է, որի հետ երեխաներն անցկացնում են իրենց գիտակցական կյանքի զգալի մասը: Եվ ես իմ կոլեկտիվից մշտապես պահանջում եմ այդ նշաձողը բարձր պահել, լինել ընդօրինակման արժանի: Ինձ համար դա ամենակարևորն է:
Ռ. Պեպանյան