Մարդիկ կան, որոնք, անգամ իրենք էլ չպատկերացնելով, իրենց սրտաբուխ արարքներով բառացիորեն փոխում են մեր կյանքը՝ ստիպելով առօրյա գորշությունից բացել աչքերը, դառնություններից ազատել հոգիները: Եվ այս ամենը՝ հեռվից, անգամ մեր կողքին չգտնվելով:
Իսկ որ տարիներ առաջ այդպիսին էր մեր աչքերի տեսած հայաստանյան իրականությունը և դրանից էլ դառնացած՝ մեր հոգիները, Հայաստանում ապրող ոչ մի հայ հաստատ չի ժխտի:
Վերոնշյալ մարդկանցից է իմ մանկության ու պատանեկության ամենավառ կերպարներից մեկը՝ միշտ կենսուրախ և անգամ ամենադժվարին ու անելանելի թվացող պահերին լավատեսությունը չկորցնող իմ դասընկերուհի Վրեժուհին, որի հետ կապն ընդհատվել էր անկախությանը հաջորդած գոյատևման, տնտեսական դժվարությունների թոհուբոհով: Իսկ նա Ամերիկա էր տեղափոխվել դեռևս մինչև անկախությունը:
Հիշում եմ, երբ տարիներ առաջ եղբայրս մի օր ասաց, որ Վրեժուհին փնտրում է ինձ, չգիտեի՝ զարմանալ, որ տաքուկ ամերիկաներում դեռևս մեզ հիշում են, թե ուրախությունից թռվռալ…
Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան դպրոցի՝ 1969-70 թվականներից ուսումնառության գործընթացն սկսած մեր դասարանն իսկապես յուրահատուկ էր, և դրանում իր մեծ ներդրումն ուներ Վրեժուհին: Նա մեզ միացավ 3-րդ դասարանից, և գրավեց բոլորիս իր անմիջականությամբ, վարակիչ հումորով: Նրա կողքին հնարավոր չէր ձանձրանալ, տխրել: Ի՜նչ խենթություններ էինք անում ու ո՜նց էինք այդ ամենից «չոր դուրս գալիս»՝ այդ մասին անգամ մեր ուսուցիչներն էին հումորով պատմում: Այդ հսկայական էներգետիկան պահում ու փայփայում էինք երկար ժամանակ՝ դպրոցն ավարտելուց հետո ամեն տարի հավաքվելով, մինչև մութ ու ցրտի դժվարին ժամանակները…
Այսօր արդեն տարիների հեռվից հետահայաց դիտարկելով՝ վստահությամբ և անթաքույց հպարտությամբ կարող եմ ասել, որ 90-ականների սկզբից ընդհատված մեր այս պատմությունը Վրեժուհու շնորհիվ երջանիկ շարունակություն ունեցավ: Նա մեկիկ-մեկիկ, պատառ առ պատառ հավաքեց, վերագտավ մեր մանկությունը, մեր կյանքի ամենահրաշալի այդ հատվածի գրեթե բոլոր մասնակիցներին՝ տարիներ առաջ միավորելով մեզ մեր սիրելի ծննդավայրում և հաճելի մի քանի օր պարգևելով բոլորիս: Նա հանդիպմանն այնպիսի զվարճալի ու հետաքրքիր դրվագներ էր պատմում մեր պատանեկությունից, որոնք վաղուց մոռացել էինք: Եվ նա դարձավ մեր ավետաբերը, «մերանը»՝ ինչպես կասեր լոռեցին, կապող ու համախմբող միջոցն արդեն գրեթե մեկ տասնամյակ: Իսկ երբ վերջերս ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով մեր ընկերուհի Սիլվան ստիպված էր փախստական դառնալ և ապաստան գտնել Եվրոպայում, Վրեժուհին անմիջապես մեկնեց այնտեղ՝ իր աչքերով տեսնելու ու համոզվելու, թե ինչ վիճակում է իր ընկերուհին, թեև վերջինս արդեն իսկ հոգատար ընդունելություն էր գտել մեր համադասարանցի՝ ոչ պակաս ուշադիր Աղունի ընտանիքի կողմից:
Հեռվից անգամ ապրել ու անհանգստանալ հայրենիքում կատարվողով, հասնել սիրելի մարդկանց, օգնել կարիքավորներին՝ այսպիսի է նա, մեր սիրելի Վրեժուհի Գասարջյան-Ժամկոչյանը, որն Ամերիկայում արդեն վաղուց ստեղծել է իր փոքրիկ Հայաստանը՝ շուրջը համախմբելով իր նման արժանավոր այնպիսի մարդկանց, որոնց հիմնական մասին ճանաչում եմ Հայաստանում ապրած տարիներից:
Տա աստված, որ մեր կյանքում նման մարդիկ շատ լինեն, կյանքը դրանից շատ ավելի գունեղ կդառնա:
Սիրելի, հարազատ մարդ, սիրում եմ քո խենթ ու կյանքով լեցուն տեսակը, դժվարությունները հաղթահարելու քո անկոտրում կամքը, շրջապատին կենսուրախությամբ վարակելու քո մեծ շնորհքը: