Հայաստանի Լոռու մարզը զարմացնում, հիացնում ու ոգեշնչում է իր առողջարար ու մեղմ կլիմայով, քաղցրահամ սառնորակ աղբյուրներով, սաղարթախիտ անտառներով, սահանքներով ու ջրվեժներով: Սակայն այս ամենին աչքը սովոր լոռեցու ցանկությունն իր հողը, բնակավայրն ու ընտանիքը շենացնելն է, լոռվա բնությամբ հիանալու մի մասն էլ թողնելով զբոսաշրջիկին:
<Ախր հողին տեր կանգնող է պետք, որ տունդ թողեցիր գնացիր, անտեր դռնից շունն էլ կմտնի, կատուն էլ: Բնակչին, ջահելին աշխատանքով պիտի կապես իր հողին, որ չթողնի գնա, կամ թե չվախենա ընտանիք կազմել: Օգնի, մի գործ տուր, տեսնեմ չի ՞ անի>,-ասում է Բազում-Վանաձոր ճամփեզրին նստած տարեց բազումցին:
Պետությունն ինչ խոսք, փորձում է արտագաղթը նվազեցնելու, փոքր ու միջին ձեռներեցությունը զարգացնելու քայլեր անել: Այս հարցում նշանակալի ներդրում ունի Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, որը ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագրի / EU4IMPACT Armenia / շրջանակներում աջակցում է հայ միգրանտներին և իրենց ընտանիքների ադամներին նոր բիզնեսների ստեղծման և արդեն գոյություն ունեցող բիզնեսների զարգացման գործում։ Ծրագրի ընթացքն ու արդյունքները լուսաբանելու նպատակով կենտրոնի գրանսեյակի աջակցությամբ, /հատկապես հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյանի և մեդիա փորձագետ Լիանա Գյոզալյանի/ մի շարք լրատվամիջոցներ հնարավորություն ունեցան ծանոթանալու և բարձրաձայնելու ծրագրի մի քանի շահառուների ձեռնարկումների մասին:
Հայկական արտադրանքը՝ միջազգային բրենդ
Վանաձորի տեքստիլ ֆաբրիկաների արտադրանքը հիմնականում միջազգային բրենդի համար է, ուստի հայկական բրենդ ստեղծելու գաղափարը Montalto ՍՊԸ-ի հիմնադիր Ռուզաննա Սահակյանի համար դարձավ նպատակ:
<Մենք որոշեցինք ստեղծել հայկական բրենդ՝ բաճկոններ, ժիլետներ, որոնք մրցունակ կլինե եվրոպական բրենդների հետ, բայց շատ ավելի մեծ արժեք կստեղծի Հայաստանում, շատ ավելի մեծ եկամուտ կապահովի երկրի համար՝ արտահանելով ոչ միայն էժան բանվորական աշխատուժ, այլև բրենդից ստացած շահույթը հետ կգա Հայաստան: Դրան օգնեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանում չգործող, բայց 1200 աշխատատեղի պոտենցիալ ունեցող ֆաբրիկայի սեփականատերերի հետ ծանոթ ենք և արտադրությունն ամբողջապես պատվիրակում ենք իրենց,-աում է Ռուզաննան:
Գաղափարն իրականություն դարձավ մեկ տարի անց՝ ICMPD-ի և ԵՄ դրամաշնորհային ծրագրերի աջակցությամբ: Հումքը՝ թելեր, կայծակ-շղթաներ, կոճակներ և այլ աքսեսուարներ ներկրվում են Գերմանիայից, Չինաստանից, Լեհաստանից: 22 աշխաըաըեղ ապահովող Montalto-ն թողարկել է շուրջ 1000 արտադրանք, որից 300-ը Գերմանիա: Ռուզաննա Սահակյանի հեռահար ծրագրերում ներառված են նաև հայկական և ռուսական շուկաները, ինչպես նաև Չինաստանը, Հարավային Կորեան, Հնդկաստանը, ԱՄՆ-ը և Կանադան: Նրա խոսքով հայկական շուկայում արտադրանքը կլինի շատ ավելի մատչելի, որպեսզի հասանելի լինի տեղական շուկայի գնորդին:
Մոդայիկ և նորարարական արտադրանք ստանալու նպատակով Ռուզաննա Սահակյանը հանագործակցում է Հայաստանում գործող հանրահայտ դիզայներների հետ, ծրագրում է Վանաձորում ստեղծել մի քանի հազար աշխատատեղ:
Բազումցիներին արտագնա աշխատանքը կարծես էլ չի ձգում
Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի 1900 բնակիչ, 456 տնտեսություն ունեցող Բազում բնակավայրում այսօր ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիք չկա: Թեև մինչ համավարակը բնակչության գերակշռող մասը մեկնում էր արտագնա աշխատանքի, սակայն այսօր մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Բազումի բնակիչների մեծ մասն աշխատում է Վանաձորում, համայնքի պահածոների գործարանում: Արդեն 4-րդ տարին պետության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերով բարեկարգվել են համայնքի ճանապարհները, շահագործման փուլում է մշայույթի տունը, որտեղ նախկինում գյուղապետարանն էր:
Բազում համայնքի ընդհանուր 4200 հեկտար տարածքից 210-ը վարելահողեր են, սակայն ոռոգման ջրի սակավության պատճառով բարձիթողի վիճակում են: Պատճառ է նաև գյուղտեխնիկայի բացակայությունը, մինչդեռ հողը կարոտ է խնամող ու հոգատար ձեռքի: Բայց, դե, գտնվում են մարդիկ, ովքեր համայնքների խոշորացման արդյունքում ստացած գյուղտեխնիկայի միջոցով մշակում են ցորեն ու վարսակ:
Բազում բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանի խոսքով համայնքի ամենամեծ խնդիրը խմելու և ոռոգման ջրի խնդիրն է: Համայնքի բնակչության 70 %-ն իրենց հողերի քիչ թե շատ մշակման համար պարտական են համայնքի միջով հոսող Բազում թար գետին, որի ջուրը ամռանը նվազում է, իսկ հորդառատ անձրևներից՝ պղտորվում: Ինչ վերաբերում է խմելու ջրին, ապա բնակիչների հույսը բնական աղբյուրներն են, թեև դրանք էլ քիչ են ու խմելու համար ոչ այնքան պիտանի: Արթուր Ծատուրյանի խոսքով մոտավոր հաշվարկներով խմելու ջրագծի ծրագիրը 500 հազար ԱՄՆ դոլար է կազմում, նախատեսված է ջրագիծն անցկացնել թունելի մոտից, որտեղ խմելու ջրի ակունք կա, իսկ ընդհանուր երկարությունը շուրջ 10 կմ է:
Առհասարակ, հանրապետության համայնքներում ծնելիության ցածր գործակիցը ազգային անվտանգության սպառնալիք է: Արթուր Ծատուրյանի փոխանցմամբ սա խնդիր է նաև Բազում համայնքի համար: <Մայիս ամսվա դրությամբ գյուղում 8 երեխա է ծնվել, անցյալ տարի ունեցել ենք 12 առաջին դասարանցի, իսկ դպրոց հաճախում են 120 աշակերտ: Դպրոցը մասնաշենքի բացակայության պատճառով երկհերթ է, ու ծնողները երեխաներին տանում են Վանաձորի Տարոն թաղամասի դպրոց, մանկապարտեզ հաճախում է 20 երեխա>,-ասում է Բազումի վարչական ղեկավարը:
Մի ցավոտ խնդիր էլ կա, ամուսնությունները սակավ են, երիտասարդներից շատերն ամուսնացած չեն, ահա, այսպես են ծերանում գյուղերը: Մինչդեռ գյուղաբնակը կոտրվելու իրավունք չունի, հենց նրա համար, որ երկրին կերակրողը գյուղատնտեսությունն է:
Արսեն Պետրոսյան: <Եթե չլիներ այս ծրագիրը, դժվար թե գաղափարս իրականացնեի>:
Արսեն Պետրոսյանը «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրից ստացած 4 մլն դրամի դրամաշնորհը որոշել է ներդնել Վանաձոր-Դիլիջան միջպետական ճանապարհի վրա կառուցվելիք ավտոկայանատեղի շինարարության վրա: Նրա հաշվարկով նախագծի արժեքը15 մլն դրամ է, դրամաշնորհով ստացած գումարը կլրացվի սեփական խնայողություններով: Նրա խոսքով, եթե չլիներ ծրագիրը, դժվար թե գաղափարն իրականություն դառնար:
Ռուսաստանում երկար տարիներ աշխատած Արսեն Պետրոսյանը որոշել է բիզնես հիմնել հայրենիքում: Ավտոկայանատեղի ստեղծելու գաղափարը եզակի է, քանի որ միջպետական ճանապարով անցնող բեռնատար մեքենաների վարորդները հանգստի կարիք ունեն, իսկ ճանապարհներին պատահած տեղում կայանելը երբեմն վտանգավոր է:
Դրամաշնորհով ստացած գումարով Արսենը կայանատեղի պարսպապատման համար ձեռք է բերել բետոնե պատեր: Կայանտեղին նախատեսված է 12 բեռնատարների / ֆուռերի/ համար: Կայանման մեկ գիշերակացի համար սահմանվել է 1000 դրամ: Կայատեղին կունենա սանհանգույց, լոգարան, կտեղադրվեն տեսախցիկներ
<Աշխատանքները դանդաղ են ընթանում եղանակային տատանումներով, տեղումներով պայմանավորված, այլապես շուտ կավարտվեր >,-ասում է Արսեն Պետրոսյանը:
ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ