Որպես լրագրող մասնակցել եմ բազմաթիվ միջոցառումների, լուսաբանել դրանք, սակայն այն, ինչին ականատես եղա մայիսի 22-ին Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, ստվերեց մինչ այդ տեսածս միջոցառումները:
Դպրոցի 3-րդ Ա դասարանի աշակերտների /որտեղ, ի դեպ սովորում է նաև Մանես/ տարեվերջյան-ավարտական հանդեսն էր, դասվար Սիրուշ Հարությունյանի և իր սաների երեք տարիներին տված ու ստացած գիտելիքների յուրօրինակ քննությունը, քննություն, որը հանձնեցին փայլուն ու պատվով:
Միջոցառման խորագիրն էր <Հայի վերջին հանգրվանը>, որն ամբողջովին նվիրված էր Հայաստանիս: Աշակերտների պաթետիկ արտասանությունը, այն հուզականությունը, որը հորդում էր յուրաքանչյուրի շուրթերից հուզիչ էր: Միջոցառման հյուրերի արցունքախառն ժպտացող հայացքները դրա վառ ապացույցն էին: Պրոֆեսիոնալ մանկավարժ Սիրուշ Հարությունյանի՝ ինչպես տարեցները սիրում են կրկնել <ամակը > ջուրը չթափվեց, ինչպես հաճախ պատահում է: Մի բան հստակ էր՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ հանդեպ սերն ու նվիրվածությունն արդեն նրանց երակներում է: Ուրեմն, երեխաները հասկացել են, որ հայրենիք կոչվածը միայն աշխարհագրական տարածք չէ, այն ծննդավայր է, այն հողը, որի վրա առաջին անգամ ոտք դրած մանկիկը զգում է հայոց հողի ուժն ու զորությունը, որով պարուրվում է նաև հոգին:
Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո´ց հող,
Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող:
Աշակերտների ասմունքը, երգն ու բեմադրված ներկայացումը, նորեն ապացուցեցին, որ հայրենիքց դուրս հայրենիք չկա, որ պարտադրված կամ կամովին հայրենիքը լքելը ոչ մի արդարացում չունի, որ ուր էլ լինեն, և ինչպիսի ճոխության մեջ էլ ապրեն՝ չեն կարող մոռանալ <աղոթք դարձաձ երկաթագիր գրքերը մեր>: Փոքրիկ դերասանների խաղն իրոք կատարյալ էր, համոզիչ և հուզիչ, որը յուրաքանչյուրի մեջ ավելի էր ամրապտնդում հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը, որ անգամ <Հայաստան ասելիս էլ մահը ում շունն է>:
Համոզված եմ, որ այս երեխաների սրտում կմնա իրենց ուսուցչուհու կողմից սերմանած հարենասիրության կայծը, որ յուրաքանչյուր հայի վերջին հանգրվանը Հայաստանն է, որ այլ երկրում հոգին հանգիստ չունի, որ գրող Հրանտ Մաթևոսյանի ասած <անտեր մնացած կարոտը> աշխարհի տարբեր կողմերում ապրող հային կձգի Ավետյաց երկիր Հայաստան:
Տուն են գալիս որդիներդ
Ոդիսևսի նման,
Աչքերի մեջ օտար ծովեր,
Հոգիներում Սևան…
Դե, իսկ Սիրուշ Հարությունյանի նման ուսուցչուհու աշխատանքը ցանկացած դպրոցին պատիվ կբերի: Մեր սերնդին նման, իր գործի վարպետ ուսուցչուհիներ են պետք, և որքան շատ, այնքան լավ:
Անուշ Ներսիսյան