«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմում Սերժ Սարգսյանի մտքերը թևածում են դեպի հայրենի բնակավայր, հիշում է խիզախ տատին, ով ամենադժվար պահերին եղել է իր պապի կողքին, հիշում իր հայրիկի իմաստուն խոսքերն և մոր անձնվեր աշխատանքը:
Սերժ Սարգսյանի՝ դեռևս դպրոցական տարիներից աչքի ընկնող կազմակերպչական կարողությունների, աշխատասիրության, նվիրվածության, փխրուն սրտի ու հանդարտության մասին պատմում են ընկերները: Արցախյան ազատամարտում անձնուրացության ու հրամանատարական փայլուն ունակությունների մասին ընդգծում են Արցախի հերոսներ Ժաննա Գալստյանն ու Վիտալի Բալասանյանը:
«Մենակությունից ես խուսափում եմ: Եթե հիմա աշխարհի ամենագեղեցիկ, ամենատեսարժան վայրում ինձ թողնեն մենակ, ես կփախչեմ: Այ, եթե ընկերներիս հետ լինեմ, ցանկացած վայրում էլ ինձ համար տոն կլինի»,- ֆիլմում նշում է Սերժ Սարգսյանը:
Նրա մայրը՝ տիկին Նորա Սարգսյանը, պատմում է Լեռնային Ղարաբաղի հանդեպ Սերժ Սարգսյանի անհուն սիրո մասին, թե ինչպես է բանակում ծառայելուց, Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո վերցնում դիպլոմն ու վերադառնում Ստեփանակերտ՝ այնտեղից չհեռանալու ու այնտեղ արարելու ցանկությամբ:
Արցախյան ազատամարտից ու այդ դժվարին պահին հոգևոր դասի կողքին լինելու, ժողովրդին հոգևոր արժեքներին ավելի մերձեցնելու մասին դրվագներ է վերհիշում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Սրբազան, հիմա մեր պատարագն ավելի հզոր պետք է հնչի, զանգերն ավելի շատ պետք է ղողանջեն»,-նրա ականջներում հիմա էլ հնչում են Սերժ Սարգսյանի խոսքերը պատերազմի տարիներին:
«Շատ հարցեր փոխկապակցված են, և առանց մի խնդրի լուծման հնարավոր չէ մյուսը լիարժեքորեն լուծել: Ասում եք, որ ինձ համար ամենակարևորն Արցախի խնդրի լուծումն է, բայց ինչպես ենք պատկերացնում, օրինակ, Արցախի խնդրի լուծումն առանց տնտեսապես ուժեղ Հայաստանի: Անհնար է: Ինչպես ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումն առանց դեմոգրաֆիական պրոբլեմը լուծելու: Բարդ է:
