Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի աջակցությամբ կազմակերպվել էր երկօրյա լրագրողական շրջայց՝ Տավուշի մարզի Գանձաքար, Լուսաձոր, Աչաջուր և Սևքար համայնքներ: Այցի նպատակն էր ծանոթանալ համայնքներում տնտեսական զարգացման առկա միտումներին:
Գանձաքար համայնքի բնակչությունը (3639 մարդ) հիմնականում զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ և բուսաբուծությամբ: Համայնքում առկա են գործազրկության, երիտասարդության զբաղմունքի և հանգստի բացակայության վայրեր,խմելու ջրագծի շահագործման դժվարություններ, ճանապարհներն անբարեկարգ վիճակում են: Այս ամենին զուգահեռ համայնքի տարածքում կան զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող բնական, պատմական և մշակութային հուշարձաններ:
Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը իր խոսքում նշեց, որ բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, որը հանդիսանում է գյուղատնտեսության զարգացման հեռանկարային ճյուղերից մեկը: Հիմնական արգելքը գյուղմթերքի իրացման խնդիրն է:
«950 հա վարելահող, 600-800հա խոտհարք, 280 հա տնամերձ տարածքներ ունեցող համայնքում հիմնականում մշակվում են տնամերձ հողերը, իսկ սեփականաշնորհած հողերից և վարելահողերից մշակվում է առնվազն 50 հեկտարը:
Կարտոֆիլը գյուղացին շուկայից է գնում, եթե հողերը մշակվեն, անասնապահությունն ու բուսաբուծությունը զարգանա, մարդիկ չեն արտագաղթի»,-ասում է համայնքի ղեկավարի տեղակալ Անաստաս Հակոբյանը::
Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Գանձաքար համայնքում խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ իրականացնելու համար ծախսել է շուրջ 600մլն դրամ, բայց ջուր չկա: Կառուցվել է 3 պոմպակայան,որն անընդհատ փորձարկվել է և այդպես էլ չի շահագործվել: Սկզբում ջրի հոսքն է նախատեսվածից քիչ մղվել, հետո էլ դեղնաջուր է եկել:
Համայնքը ունի նաև ոռոգման ջրի խնդիր: Գանձաքար համայնքի վարչական տարածքի սահմաններում անցնող Ուրթիձոր գետից 5կմ երկարությամբ նոր ջրատար կառուցելու դեպքում հնարավոր կլինի ոռոգել շուրջ 350հա հողատարածք:
Մինչդեռ պոմպակայանները չաշխատելու հետևանքով մեր պետական, ազգային հարստություն ջուրը հոսում է հանրապետությունից դուրս, ոռոգում այլոց այգիները: Նոյեմբերյանի, Տավուշի, Լոռու հատվածներում, կարելի է ասել` Դեբեդի ավազանում շուրջ 45 մլն խմ ջուր պոմպակայանների չաշխատելու պատճառով գնում, լցվում է Կուր և ոռոգում վրացական ու ադրբեջանական հողերը:
Անահիտ Վարդանյան
