Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ:
Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք է, զբաղված է ամենաբարձր մակարդակով սպառնալիքներ հնչեցնելով:
Ոստիկանության գրառումն ամբողջությամբ՝ ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը:
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա հայտնենք, որ այն ստահոդ է և պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ: Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին և հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը»: