Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել, և ես հույս ունեմ, որ ոչ ոք էլ չի զանգահարի, քանի որ դա իմաստ չունի։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքի եթերում։
Նա հավելել է, որ հռետորաբանությունը, որը հնչեցնում են Քոչարյանը և նրա քաղաքական ուժը, հիմնականում համընկնում է այն հռետորաբանության հետ, որը Մոսկվայից հնչեցվում է «խոսող գլուխների» շուրթերով։
Սիմոնյանը ծիծաղելի է անվանել Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ խուզարկություններն ու ձերբակալությունները խորհրդարանում «Հայաստան» դաշինքից պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավոր վեճի հետ կապելու փորձերը։
«Դա անհնար է», — նշել է նա՝ չհամաձայնելով այն գնահատականի հետ, թե տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։
«Այն գործերը, որոնց շրջանակում ձերբակալություններ են իրականացվում Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ, վաղուց են հարուցվել», — ընդգծել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի էր ունեցել վիճաբանություն։ Վերջինս խորհրդարանի ամբիոնից ուղիղ խոստացել էր խլել պատգամավորի ամբողջ գույքը՝ միաժամանակ հայտարարելով, որ նա չի կարողանա այն ժառանգաբար փոխանցել իր երեխաներին և թոռներին։
Աղբյուր՝ NEWS.am
