ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության մի շարք ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ում բուծվող իշխանազգի և թառափազգի ձկնատեսակների գնագոյացմանը և շուկայական գների ձևավորմանը: Ձկնաբույծները նշել են, որ գործող գնի նվազեցումն անբարենպաստ պայմաններ կստեղծի ձկնաբուծական արտադրանքի ծավալների ավելացման և ոլորտի հետագա զարգացման համար:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ ձկնամթերքի, այդ թվում` խավիարի արտահանման ծավալներն աճել են, միաժամանակ արտաքին շուկայում հայկական արտադրանքի պահանջարկի ավելացման հաշվին նախադրյալներ են ստեղծվում տեղական ձկնամթերքի արտադրության ծավալների ավելացման համար:
Քննարկվել են նաև ձկնաբուծարաններում արտադրական հզորությունների բարձրացման միջոցով տեղական ձկնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ձկնաբուծարաններում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, արտաքին շուկայում տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայաստանի ձկնաբուծության ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանը հանձանարարել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը` «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ սեղմ ժամկետում մշակել ձկնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրային փաթեթ, որում ընդգրկված կլինեն ոլորտի բոլոր առաջնահերթություններն ու գերակա խնդիրները` այն քննարկման դնելու նպատակով: Տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը