Ազգային ժողովում ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության քվեարկությունը: 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 127-րդ եւ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Նշվել է, որ ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին: Հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ՝ խորհրդի որոշմամբ:
Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներին քվեարկության համար՝ հավաստիացնելով, որ իր գործունեության ընթացքում կծառայի ողջ հայ ժողովրդին: